четверг, 22 марта 2012 г.

Խոհեր սյուրռեալիզմի մասին...


Սյուրռեալիզմը մոդեռնիզմի ճյուղերից մեկն է: Սյուրռեալիզմը (ֆրանսերեն surrealite-գերբնական կամ ռեալիզմից վեր, ռեալիզմից առավել, գերռեալիզմ) որպես ուղղություն կերպարվեստի և գրականության մեջ, ծագել է Ֆրանսիայում 20-րդ դարի 20-ական թթ.: Առաջին անգամ այս անվանումը հայտնվել է 1917թ. ֆրանսիացի բանաստեղծ ու կուբիզմի տեսաբան Գիյոմ Ապոլլիների աշխատություններից մեկի նախաբանում, սակայն հիմնական սկզբունքների տեսաբանական հիմքը և սյուրռեալիզմի էսթետիկան ձևավորել են գրականագետ Անդրե Բրետոնը(1896-1966) և գերմանացի նկարիչ Մարկս Էրնստը(1891-1976), որոնք միացել էին դադաիստական ուղղությանը: Ֆրանսիացի բանաստեղծ Ա. Բրետոնը, փորձելով հասկանալ երազի էությունը, բացահայտում է այսպես կոչված ՙներշնչանքի բնությունը՚: Նրա հետ համատեղ նույն գաղափարին է հանգում Մ. Էրնստը: Այս ուղղության ջատագովների համար ընդունելի էր նաև ՙսուպերնատուրալիզմ՚ անվանումը:

Սյուրռեալիզմը տարբերվում է նրանով, որ ամբողջովին իրապաշտական արվեստից ու իրականությունից չի հրաժարվում և ստեղծագործության մեջ ներմուծում է պատկերավորման տարրեր` յուրովի վերաիմաստավորելով դրանք: Սյուրռեալիստները և հատկապես նրանց առաջնորդ Ա. Բրետոնը այս ուղղությունը համարում էին ոչ թե նոր մոտեցում արվեստում, այլ նոր աշխարհայացք, որի հիմնական առավելությունն էր հաշտեցնել մարդուն առաջին հերթին իր ներաշխարհի հետ: «Սյուրռեալիզմը,—գրում է ֆրանսիացի, արվեստի պատմության գիտակ Մորիս Նադոն,—իր հիմնադիրների կողմից դիտվում է ոչ թե որպես նոր գեղարվեստական դպրոց, այլ որպես իմացության միջոց հատկապես այն բնագավառների վերաբերյալ, որոնք մինչ այդ հետևողականորեն չեն ուսումնասիրվել: Դրանք են ենթագիտակցություն, երազներ, խելագարություն, պատրանք, կարճ ասած` տրամաբանության ու բանականության հակառակ կողմը: Փաստորեն, այս նոր աշխարհայացքը տանում է դեպի միստիկա, խորհրդաբանությունե: Կերպարվեստում սյուրռեալիզմը հնարավոր եմ համարում տիպաբանել, թերևս, երկու միտումների`
1.Խոան(Ժոան) Միրոյի սյուրռեալիզմը, որը նախապատվություն է տալիս կուբիստական և աբստրակտ(վերացական) ֆորմաների: Նա անգամ ստեղծել էր իր գաղափարագրերի(իդիոգրամմա) համակարգը, որը հաճախ էր օգտագործում իր կտավների բազմաֆիգուր հորինվածքներում: Ըստ ուսումնասիրողների` նա էզոտերիկ էր և իր աշխատանքներում արտացոլում էր մեզ անհայտ աշխարհներ, տիեզերական անսահմանություն, տիեզերական հանելուկներ:
2.Դալիական սյուրռեալիզմ. Դալին հաճախ էր անդրադառնում հին վարպետների ստեղծագործությանը,անգամ կրոնական թեմաներին` ուրույն մեկնաբանություն տալով դրանց: Նա վերափոխում է և վերաիմաստավորում Միլլեի, Վերմեերի, Վելասկեսի, Դա Վինչիի, Ռաֆայելի կտավները, օգտագործում Լենինի կերպարը, Վիլհեյն Թելլի առասպելը: Դալին իր կտավներով և իր հայացքներով առավել մոտ է Ֆրոյդի ուսմունքին:
Սյուրռեալիզմի հետ է առնչվում կարևոր մի միտում կամ ուղղություն ևս` մետաֆիզիկական գեղանկարչությունը (Ջորջո դե Կիրիկո, Կառլո Կարրա), որը ստեղծում է իռեալ, երազանման մթնոլորտ, որտեղ միանման ուրբանիստական տարածության մեջ հիմնական գործող անձինք են մարդկանց փոխարինող միայնակ ու անպաշտպան քարե արձաններն ու մանեկենները, երբեմն համատեղվում են այս կամ այն երևույթի խորհրդանիշ հանդիսացող անհամատեղելի առարկաները, օգտագործվում է ուրույն ճարտարապետական դեկորացիա: Այս մտացածին աշխարհում որոշակի անհանգստություն ու լարվածություն կա:
Ընդհանուր առմամբ, սյուրռեալիզմը կարելի է բնորոշել Ալբեր Սկիրայի խոսքերով. ՙԵրևակայության ու զգացմունքայնության պատմության մեջ սյուրռեալիզմը 20-րդ դարի կարևորագույն ուղղությունն էր: Այն ծնեց ժանրերի միջև սահմանների ու կանոնների խախտումներ, քաղաքականության միջոցով արվեստի և արվեստի միջոցով քաղաքականության հերքում, ինչպեսև ազդարարեց գիտակցության անկախության սկզբունքի ավարտը: Սյուրռեալիզմը ձգում է մեզ, ինչպես անվերադարձ կորցրած երիտասարդությունը՚: Այս միտքը շարունակում է Ս. Դալին. ՙՍյուրռեալիզմը իրենից ներկայացնում է մտքերի, մարդկանց, մարդկային ողբերգությունների և ուրախությունների համակարգ՚:
Ըստ իս` սյուրռեալիզմի մասշտաբայնությունն ու գրավչությունը կայանում էր նրանում, որ այն առաջին հերթին մարդակենտրոն էր, արծարծում էր մարդու ներաշխարհի և հոգեբանության վերլուծության միտումները, փորձում կերպարվեստի միջոցով բացատրել այնպիսի երևույթներ, որոնք մինչ այդ լրջորեն չէին ուսումնասիրվել: Եթե Վերածննդի վարպետները, հումանիստ լինելով հանդերձ, ներկայացնում էին մարդկային առավել վեհ, էսթետիկ, գեղեցիկ դրսևորումները, ապա սյուրռեալիստները, դրական կողմից մեկնաբանություններ տալով, չէին իդեալականացնում մարդուն. դա նաև բխում էր ժամանակաշրջանի պահանջներից, պատերազմական իրավիճակներից, որտեղ, բնականաբար, մարդը չէր կարող ներկայանալ միայն իր գովելի հատկանիշներով, ուստի սյուրռեալիստները չէին խուսափում ցույց տալ մարդկային արատները, մարդկային թույլ ու նվաստ կողմերը. այստեղից էլ արյունալի ու դաժան տեսարանների առկայությունը սյուրռեալիստական արվեստում, որոնք էլ հետագայում ծնունդ տվեցին Ալֆրեդ Հիչկոկի սարսափ ֆիլմերին: Սեփական տեխնիկան չունենալով հանդերձ` սյուրռեալիզմը մոդեռնիզմի մյուս ուղղություններից (Ֆուտուրիզմ, կուբիզմ, դադաիզմ, աբստրակցիոնիզմ, էքսպրեսիոնիզմ) փոխառավ տեխնիկա և արտահայտչամիջոցներ, սակայն պետք է հիշել, որ սյուրռեալիզմը բավականին համակարգված ՙշարժում՚ էր, որն իր տարբեր դրսևորումներում (կերպարվեստ, թատրոն, կինո, գրականություն) փորձում էր դիտողի մոտ զանազան զգացումներ արթնացնել` ապշանք, հետաքրքրություն, հիացմունք, նողկանք, ատելություն, սեր: Սյուրռեալիստ նկարիչներին բնորոշ էր միստիցիզմը և գերազանցապես սիմվոլ-խորհրդանիշի լեզուն: Ճիշտ է` խորհրդանիշների առկայությունը նկատելի է ավանգարդի բոլոր ուղղություններում, սակայն պետք չէ նույնացնել սիմվոլն ու սիմվոլիզմը: Սիմվոլիզմի ջատագովներին հատուկ էր հեքիաթային մթնոլորտի ստեղծումը, որտեղ հաճախ լոկ մտացածին-երևակայական հորինվածքաստեղծ տարրեր էին, իսկ սյուրռեալիստները գերազանցապես իրական կյանքից վերցված առարկաներն ու երևույթներն էին վերաիմաստավորում` վերածելով դրանք սիմվոլների:
Ըստ իս` սյուրռեալիստական արվեստին բնորոշ էին հորինվածքային հետևյալ միտումները`
1.իռեալ միջավայրում ռեալ ֆիգուրներ, իրեր, երևույթներ
2.ռեալ միջավայրում իռեալ ֆիգուրներ, իրեր, երևույթներ
3.իռեալ են թե՜ միջավայրը, թե՜ հորինվածքաստեղծ տարրերը
4.և՜ միջավայրը, և՜ հորինվածքաստեղծ տարրերը վերցված են իրականությունից, սակայն ՙհամատեղել անհամատեղելին՚ սկզբունքով կամ էլ վերաիմաստավորված, կորցրած իրենց ընդունված-ըմբռնելի իմաստները
5.հորինվածքային իրական տարրերը, որոնք պինդ մարմնից են կամ պինդ նյութից, ներկայացված են հոսուն, ճկուն ֆորմաներով (Ս. Դալի ՙՀոսող ժամացույցներ՚) և հակառակ երևույթը, ինչպես նաև ֆիգուրների ու առարկաների կառուցվածքի, համաչափությունների աղավաղում, անհավանական ու անտրամաբանական դիրքեր ու իրավիճակներ:
Սյուրռեալիզմը, թերևս, ճիշտ ուղի ընտրեց` կիրառելով ֆորմալիզմը, այլ ոչ թե աբստրակտ, քաոսային գեղանկարչությունը, քանզի ըստ Ֆրոյդի` արվեստի յուրաքանչյուր գործ որքան էլ վերացական լինի, պետք է առաջին հերթին էսթետիկական հաճույք պատճառի, իսկ դա կարելի է անել քիչ թե շատ իրականությանը մոտ, շարքային դիտողին ծանոթ ֆորմաներով: Ինչպես մոդեռնիզմի (ավանագարդի) մյուս ուղղությունները, այնպես էլ սյուրռեալիզմն ազդարարեց կապերի խզումն անցյալի արվեստի ու մշակույթի հետ, սակայն, դա իրականում այդպես չէր: Սյուրռեալիստ բազմաթիվ արվեստագետներ ուսումնասիրում և անդրադառնում էին Վերածննդի ու ռոմանտիզմի վարպետների ստեղծագործություններին` յուրատիպ մեկնաբանություն տալով ու հաճախ փոխակերպելով, իրենց ժամանակի գաղափարախոսությանը համապատասխանեցնելով դրանք:

Комментариев нет:

Отправить комментарий