воскресенье, 8 апреля 2012 г.

Ադրբեջանցիներն ակամայից սովորել են հայոց այբուբենը. գտել են մեղավորներին...



Օրեր առաջ հայկական առաջատար տեղեկատվական կայքերը, հղում տալով Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին, ուշագրավ տեղեկություն հայտնեցին: Պարզվում է՝ Կազանի Պետական մանկավարժական ինստիտուտի էթնոմշակութային կրթության գիտամեթոդական կենտրոնի կայքում չգիտես ինչպես ադրբեջանական այբուբենի փոխարեն ներկայացված են հայոց գրերը: Ավելին, մեր այբուբենը զետեղված է հենց «ադրբեջանական խումբ» բաժնում:




Առաջին հայացքից սա անհաջող կատակի տպավորություն է թողնում, քանի որ հայկական ու ադրբեջանական տառերի միջև նմանություն չկա. ադրբեջանցիները, չունենալով սեփական գրերը, խորհրդային ժամանակահատվածում հարկադրված կիրառում էին ռուսերեն տառերը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո անցել են լատինատառ այբուբենին:


Բնականաբար, ադրբեջանցիների համար կատարվածը սառը ցնցուղ էր, ուստի ադրբեջանական լրատվամիջոցներն իսկույն գործի անցան՝ պարզելու այդ աններելի թյուրիմացության հանգամանքներն ու մեղավորներին: Արդյունքում հայտնի դարձավ, որ պատահածը դժվար թե ինչ-որ մեկի անզգուշության կամ թյուրիմացության արդյունք լինի, քանի որ Կազանի Պետական մանկավարժական ինստիտուտի էթնոմշակութային կրթության գիտամեթոդական կենտրոնը գործում է շուրջ 3 տարի: Համաձայն ադրբեջանցիների անխոնջ փնտրտուքների՝ այն հիմնվել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, որը ի սկզբանե նպատակ է հետապնդել կրթել տեղաբնակ ադրբեջանցիների երեխաներին, ծանոթացնել նրանց «ադրբեջանական» մշակույթի, ավանդույթների ու սովորույթների հետ: Կետերից մեկում որպես նպատակ նշված է «շաբաթ-կիրակի օրերին անցկացվող դասերի ժամանակ ադրբեջանցի մանուկներին սովորեցնել ադրբեջաներեն գրել ու կարդալ, երգել, ավանդական պարեր պարել, նաև ադրբեջանցի գրողների ստեղծագործությունները սերտել»: Այսքանից հետո առնվազն պետք է լինել վերջին հիմարը, որպեսզի չնկատել գոնե այն, որ ադրբեջանցի գրողների ստեղծագործությունների լեզուն, ասեմ ավելի պարզ՝ տառերը, բացարձակապես չեն համապատասխանում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերին: Իրենց տխմարությունը կոծկելու համար՝ ադրբեջանցիները շարժվեցին վաղուց արդեն բնականոն դարձած ճանապարհով. հայերն են մեղավոր: Բայց ինչպե՞ս…այ դա արդեն իսկ լուրջ խնդիր էր, քանի որ Կենտրոնի հետ երբևէ այս կամ այն չափ առնչություն ունեցող անձանցից և ոչ մեկը հայ չէ, ծագմամբ էլ հայ չէ, ախր ընդհանրապես ո՛չ հոր, ո՛չ մոր կողմից հայ չէ:


Ի՞նչ է մնում խեղճ ադրբեջանցի լրագրողներին. պարզել իրական մեղավորներին՝ սկսած Կենտրոնի ղեկավարությունից: Տնօրեն Ելենա Մերզոնը ներողությունների սրտաճմլիկ տարափից հետո գլուխը բարձր հայտարարեց. «Սա տեղի չի ունեցել մտածված կերպով, կոպիտ սխալ է, արդեն ուղղել ենք: Կասկած անգամ չկա, որ մեղավորը Ելաբուգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլաբուր Զիվար Օրուջովան է, քանի որ կայքը ստեղծելիս նա է մեզ տրամադրել այբուբենը: Բոլոր հարցերով դիմե՛ք նրան»: Նման ծիծաղելի արդարացումներից հետո Մերզոնը հավելեց. «Սիրելի՛ լրագրողներ, խնդրում եմ ուղարկե՛ք մեզ ադրբեջաներեն այբուբեն, որպեսզի վերջապես տեղադրենք մեր կայքում»: Փաստորեն, ողջ համացանցում այդքան մեծ խնդիր է ադրբեջաներեն գրերի հայթայթումը: Մենք՝ հայերս, եթե վայրկյան առաջ իմանայինք, որ չեն կարողանում ադրբեջանական գրանիշեր գտնել, անմիջապես կխնդրեինք մեր հայ ադրբեջանագետներին դասեր տալ Թաթարստանի ադրբեջանական համայնքին:


Եվ ահա ադրբեջանցի կատաղած լրագրողները սկսում են զանգախեղդ անել Օրուջովային: Սկզբում վերջինս հրաժարվում է մեկնաբանություններից, ապա հասկանալով, որ փախչելն անհնար է, հայտարարում է. «Ես վերջնականապես խելքս չեմ թռցրել, որպեսզի հայերեն այբուբենը որպես ադրբեջանական հանձնեմ Մերզոնին: Ադրբեջանական համայնքը Մերզոնի հետ լավ հարաբերություններ ունի, ես ապշած եմ, թե ինչու է նա նման անտրամաբանական հայտարարություն արել: Կարծում եմ՝ դա հենց իր կոպիտ սխալն է, թող ընդունի ու վերջ: Դիմե՛ք նրան»:


Այսպիսով, ադրբեջանցիները կրկին զանգում են Մերզոնին ու կրկին ստանում նույն պատասխանը. մեղավոր է Օրուջովան: Արդյունքում՝ ոչ մի արդյունք, բայց դե հարկադրված են գոնե մի հոդված հրապարակել խնդրի առնչությամբ: Եվ հրապարակում են՝ «Սխալն ուղղված է, կայքում արդեն ադրբեջաներեն գրերն են»:


Այս ողջ խճողված պատմությունից բանական մարդիկ՝ այդ թվում մենք՝ հայերս, կարոզ ենք եզրակացնել հետևյալը.


ա. Ադրբեջանական սփյուռքը իրենից բացարձակապես ոչինչ չներկայացնող մարմին է, որը 3 տարի չի նկատել՝ իր երեխաները հայերեն են սովորում: Իսկ եթե ավելի մեղմ, ապա տգիտության աստիճանի ադրբեջանական համայնքում գերխնդիր է, եթե նույնիսկ իրենց տառերը չեն ճանաչում:


բ. Այդ «կենտրոն» կոչեցյալն իրականում որևէ գործառույթ չունի, քանի որ ամենայն հավանականությամբ այնտեղ հաճախում են չնչին թվով ադրբեջանցի երեխաներ: Երեխան չի կարող խոսել մի լեզվով, գրել՝ լիովին այլ հնչյունային համակարգով: Եթե իրականում բազմաթիվ երեխաներ օգտվեին կենտրոնից, ապա հայերեն գրերի առկայությունը կբացահայտվեր շատ ավելի վաղ, քան 3 տարի ժամանակահատվածն է:


գ. Այն հանգամանքը, որ կայքում հայտվել է ասենք ոչ ռուսերեն, էստոներեն, վրացերեն, չիներեն, վերջապես թուրքերեն, այլ հենց հայերեն այբուբեն, մեծ կասկածների տեղիք է տալիս: Չի կարելի բացառել, որ սա ինչ-որ մեկի ծրագրված չար կատակն է, ինչը մեզ պատճառեց ծիծաղ, ադրբեջանցիներին՝ լուրջ գլխացավանք: Թաթարստանում հայերն էլ քիչ չեն…


Կարծում եմ՝ պատմությունը դեռ ավարտված չէ, միգուցե մի քանի օր անց «կարկառուն» ադրբեջանցի լրագրողները հայի հետք գտնեն…

Комментариев нет:

Отправить комментарий