понедельник, 9 апреля 2012 г.

Տեղեկատվական պատերազմում ամեն մի բառդ կշռադատի՛ր…


Մեր թշնամիները տեղեկատվական հզոր արշավ են սկսել մեր դեմ, այն էլ՝ շատ վաղուց, իսկ լռելն ու անտեսելն ամեն անգամ չէ, որ ճիշտ որոշում է: Բացի այդ, ադրբեջանական ու թուրքական մամուլն իրենց իսկ հասարակության, նաև պետական քաղաքականության հայելին են, թշնամու մտածելակերպին ու քայլերին քաջատեղյակ լինելու դեպքում միայն մենք կարող ենք մարտի դաշտում հաղթանակ տանելու հետ մեկտեղ նշանակալից ձեռքբերումներ գրանցել նաև դիվանագիտական բնագավառում: Իսկ եթե մենք՝ հայերս, փակվենք միայն մեր ներքին խնդիրների շրջանակներում, ապա տանուլ կտանք տեղեկատվական պատերազմը. չէ՞ որ 21-րդ դարում ամենաազդեցիկ զենքն ինֆորմացիան է, ըստ այդմ էլ՝ ԶԼՄ-ներն ու սոցկայքերը:

 Գովելի է, որ հայկական առաջատար կայքերը բավականին հաճախ են սկսել անդրադառնալ Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ որոշ կայքերում էլ, որքանով որ տեղեկացված եմ, հատուկ այդ նպատակի համար աշխատում են թուրքագետներ: Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ թշնամու մամուլից ենք տեղեկատվություն քաղում՝ պետք է գիտակցենք, որ լուրերը կարող են լինել մտացածին, չստուգված, խեղաթյուրված, ուստի նպատակահարմար է դրանք նախ ստուգել այլ աղբյուրների միջոցով, անպայման հղում տալ տվյալ կայքին կամ պարբերականին ու ամենակարևորը՝ ներկայացնել նյութը վերլուծականի տեսքով՝ նշելով ասենք ադրբեջանցի լրագրողի այն նախադասությունները, որոնք իրականությունից հեռու են, պարզաբանել փաստերի միջոցով և այլն: Դա թույլ կտա հայ ընթերցողին ավելի ակներև դարձնել ադրբեջանական կեղծիքի ու իրականության խիստ տարբերությունը: Ցավոք, վերջերս որոշ հայկական կայքեր պարզապես ուղիղ թարգամանում են ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած հոդվածները, առանց ստուգելու տարածում, ապա հարկադրված ավելի ուշ՝ հերքում: Դա հիմնականում վերաբերում է հայ ու ադրբեջանական կրոնական առաջնորդների հնարավոր հանդիպմանը: Բացի այդ, երբ ադրբեջանական մամուլը տարածեց հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական կողմի գանգատը մարդու իրավունքների խախտման առնչությամբ Եվրադատարանի կողմից ընդունելի է համարվել, իսկ հայ փախստականինը՝ մերժվել է, մեր լրատվամիջոցները չգիտես ինչու մեկը մյուսի ետևից սկսեցին տարածել որևէ հիմք, կամ փաստ չունեցող այս թյուր լուրը: Այս պարագայում լուրի իսկությունը կարելի է ստուգել տեսանյութի առկայությամբ կամ բացակայությամբ, կամ էլ Արևմտյան ԶԼՄ-ների արձագանքի միջոցով:
Խոսեմ մի կարևոր բանի մասին. ադրբեջանցիները, մասամբ թուրքերն էլ, հայերի մասին գրելիս երբեմն իջնում են վիրավորանքների ու անհարիր արտահայտությունների աստիճանի, բայց շատ դեպքերում գրում են բավականին հավասարակշռված, ծրագրավորված մեխանիզմի նման՝ սուտը որպես իսկություն մատուցելով: Մենք ևս սառը գլխով պետք է մոտենանք նրանց հրապարակումներին, իսկ Ադրբեջանի մասին գրելիս հիմնվենք չոր փաստերի ու վկայությունների վրա՝ նրանցից առաջ անցնելով նյութի որակի ու լրագրողական էթիկայի տեսանկյունից: Հետաքրքիր է մի հանգամանք ևս. ադրբեջանցիներն ու թուրքերը հաճախ են փորձում հարվածել մեր թույլ տեղերին՝ Բաքվի, Արցախի ու Ստամբուլի հայերին ներկայացնելով՝ որպես հայաստանաբնակ հայերի թշնամի և իրենց համախոհ: Մեր մամուլը ևս կարող է հարմար առիթի դեպքում նմանատիպ հարվածներ հասցնել՝ Ադրբեջանի վերաբերյալ խոսելով լեզգիների ու թալիշների, վերջերս Իրանի հետ լարված հարաբերությունների, թուրքերի դեպքում՝ քրդերի, Կիպրոսի և թաքնված հայերի մասին: Ադրբեջանի համար լուրջ բացթողում էր այն, որ իրենց հայրենակցուհին՝ Սաբինա Սալիմը, հայկական կայքում գրել էր Ալիևներին վարկաբեկող հրապարակում. ցավալի է, բայց գրեթե ոչ մի հայկական կայք չանդրադարձավ դրան:

Կարծում եմ՝ մենք ավելի հաճախ պետք է գրենք Նախիջևանն ու Արցախը այս կամ այն պետության կողմից որպես անկախ պետություն կամ Հայաստանի մի մաս ճանաչելու և քարտեզում այս կերպ ներկայացնելու մասին: Ճիշտ է՝ դրանից մեզ՝ հայերիս մոտ ոչինչ չի ավելանում կամ պակասում, սակայն դա ևս մեկ անգամ պատմական ճշմարտությունը բարձրաձայնելու առիթ է, հատկապես երբ օտարներն են դա ընդունում: Հարկ է նշել, որ հայկական կայքերը կշահեն Ադրբեջանի հիմնադրման իրական պատմության, այս երկրում տիրող տնտեսական-հասարակական իրական դրության, ղեկավար մարմինների մասին հնարավորինս հիմնավոր նյութեր ներկայացնելով, իսկ դրա համար պետք է տեղեկացված լինել, փորփրել բոլոր ադրբեջանական կայքերն ու բլոգները՝ գրագետ ու փաստերով հարուստ հրապարակում պատրաստելու նպատակով, արդյունավետ կլինի այսպիսի նյութերը երբեմն էլ հիմնել գիտական հավաստի տեսակետների վրա:

 Ըստ իս՝ առանցքային է հետևյալ հարցը. երբեք ու երբեք չի կարելի Ադրբեջանի ու Թուրքիայի մասին գրել սեփական անձը կամ կայքը PR անելու և լոկ բարձր վարկանիշ ապահովելու նպատակով: Բոլորս էլ գիտենք, որ մեր հարևանների մասին ցանկացած նյութ մեծաքանակ ընթերցողներ կունենա, բայց եթե համանման նյութերը գրվում են միայն սեփական շահի համար, ապա այս ինքնախաբեությունը հայ ընթեցողը վաղ թե ուշ զգալու է: Երբեմն էլ պետք է մտածել ոչ թե սեփական եսի, այլ ազգի շահերի մասին...
Թերևս այսքանը...Հուսով եմ՝ կարողացա որևէ բանով օգտակար լինել: Ես մասնագիտությամբ լրագրող չեմ, ոչ էլ թուրքագետ: Այն, ինչ գրել եմ, եզրակացրել եմ ամիսներ տևած աշխատանքային փորձից...

Комментариев нет:

Отправить комментарий