вторник, 17 апреля 2012 г.

Հանդիպում հայ մշակույթի ու պատմության մեծ սիրահար Դանիել Դեքերի հետ


Կրկին Հայաստանում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Ադանա» հանրահայտ երգի խոսքերի հեղինակ, ամերիկացի Դանիել ԴեքերըԵրգահան Արա Գևոգյանի նախաձեռնությամբ, ինչպես նաև տարբեր ազգերի հռչակավոր երաժիշտների հետ համագործակցության շնորհիվ՝ «Ադանան» այժմ կարելի է ունկնդրել աշխարհի 20 լեզուներով, հեղինակավոր կատարողների համատեղ ձայնագրությամբ:  Դեքերը Հայաստանում ներկայացրել է Daniel Deckeryan խորագրով ձայնասկավառակը՝ 13 հայերեն կատարումներով:
Համացանցում ժամանակին հաճախ էին գրում, որ նա հայ է, սակայն Դանիելն արմատներով հայ չէ: Նա ծնվել է Պուերտո Ռիկայում, պատանեկությունն անցել է Նյու Յորքում, որտեղ էլ հաճախել է երաժշտական դպրոց: Երգիչ, երգահան ու հեղինակ-կատարող Դեքերի ստեղծագործություններն աչքի են ընկնում տարբեր ժողովուրդների ազգային, ինչպես նաև երաժշտության մեջ առկա ոճերի՝ դասական, ջազ, փոփ, ներդաշնակ համակցումներով:

Դանիելը սիրով համաձայնեց պատասխանել իմ հարցերին: Հետաքրքիր զրույցի ընթացքում պարզվեց, որ երգչի հատուկ սերը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ ծագել է մոտ 10 տարի առաջ, երբ նա հանդիպել է Արա Գևորգյանի հետ: Նրանց առաջին համատեղ աշխատանքը եղել է «Մուշ» երգը: Ապա ծայր են առել համատեղ ելույթներն ու համերգները, որոնց ընթացքում Դեքերը բազմաթիվ հայերեն երգեր է կատարել: Ցավոք, նա չի եղել Արևմտյան Հայաստանում, բայց մեծ ցանկություն ունի այն տեսնելու: Ըստ Դանիելի՝ եզակի գրավչություն ու ներքին ուժ ունեն Կոմիտասի երգերը, ինչպես նաև հենց Վարդապետի ձայնով կատարումները: Կոմիտասի երաժշտությունը խորն է, մաքուր, լիովին արտացոլում է հայի էությունը: Ուստի հայկական երգարվեստին անդրադառնալիս ամերիկացի երգիչը ջանք չի խնայում յուրաքանչյուր երգ ամենաբարձր մակարդակով ներկայացնելու համար, քանի որ մեծ պատասխանատվություն է զգում իր ուսերին: Հաշվի առնելով այն, որ զրուցակիցս շատ հայ ընկերներ ունի և՛ Հայաստանում, և՛ աշխարհի տարբեր երկրներում, խնդրեցի անկեղծանալ, թե ըստ նրա՝ որոնք են հայերի խառնվածքի լավագույն ու վատագույն գծերը: Չնայած իմ պնդումներին՝ երգիչն այդպես էլ ոչ մի վատ գիծ չնշեց՝ պատճառաբանելով, որ ճիշտ է՝ ամեն ազգ ունի իր լավ ու վատ կողմերը, սակայն ինքը փորձում է միշտ հնարավորինս դրական տեսանկյունից դիտարկել մարդուն: Դանիելը կասկած անգամ չունի, որ հայերի համար առաջնայինն ընտանեկան արժեքներն են, բացի այդ հայերը կարողանում են անկեղծ ընկերություն անել, հյուրասեր են և վստահելի:
Իմ այն հարցին, թե իր երգերի միջոցով հայկական մշակույթն ու Հայոց Ցեղասպանությունը քարոզելու հանգամանքը պատճառ չի հանդիսացել, որպեսզի երգիչը սպառնալիքներ ստանա  թուրքերի կողմից, Դեքերը պատասխանեց, որ եղել են նման դեպքեր: Նա պատմեց, թե ինչպես Սիրիայում Արա Գևորգյանի հետ համատեղ համերգի ժամանակ թուրքական հյուրանոցի ազգությամբ թուրք մենեջերը խիստ զայրացել է, երբ իմացել է, որ Դեքերը հանդես է եկել «Ադանա» կատարմամբ՝ երգչին համոզելով, որ ջարդեր չեն եղել, դրանք հորինված են: Դանիելը շատ հանգիստ արձագանքել է, որ համոզված է այն ամենում, ինչի մասին երգում է, և շարունակելու է հանդես գալ Հայոց Ցեղասպանության թեմային առնչվող երգերով: Թուրք մենեջերը, զայրույթից փքվելով, լուռ հեռացել է:
Կատարողը համոզված է, որ մասամբ Թուրքիայի, գերազանցապես՝ Ադրբեջանի կողմից առկա է հակահայկական քարոզչություն, սակայն Թուրքիան վաղ թե ուշ հարկադրված է լինելու ընդունել իր անցյալը, ինչն էլ հիմք կհանդիսանա՝ հայերի հետ հարաբերությունները վերականգնելու: Դեքերը քաջատեղյակ էր նաև թուրքերի անհիմն արդարացումներին՝ իբր չի եղել ցեղասպանություն, դա պարզապես Առաջին համաշխարհայինի ընթացքում թուրքերի կանխարգելիչ միջոցներն են, որպեսզի հայերը ռուսների հետ չմիավորվեն: Նմանատիպ հավաստիացումներին ի պատասխան՝ Դեքերը միշտ մի հարց է ուղղում՝ այդ դեպքում ինչու՞ են աքսորի ենթարկվել ու սպանվել հայ կանայք, երեխաներն ու ծերերը, չէ՞ որ նրանք չէին կռվելու թուրք զինվորների դեմ:
Ես Դեքերին պատմեցի, որ վերջերս թուրք ու ադրբեջանցի երգիչները սեփականացնում են մեր թե՛ ազգային, թե՛ էստրադային երգերը: Նա ասաց, որ չի կարող դատել, քանզի անձամբ չի ուսումնասիրել ու չի լսել, սակայն շատ է կարևորում հետևյալ սկզբունքը. երբ կատարում ես այս կամ այն ժողովրդի ազգային երգը, շատ նրբանկատ մոտեցում պիտի ցուցաբերես, որպեսզի թույլ, թյուր կամ անհեթեթ տարբերակ չներկայացնես. անհարիր երաժշտական մշակումը կվիրավորի տվյալ ժողովրդի ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Դանիելը խոսեց հայերենի մասին ևս: Համաձայն վերջինիս տեսակետի՝ հայոց լեզուն բացառիկ է, միաժամանակ՝ բարդ, քանի որ հարուստ հնչյունային համակարգ ունի, սակայն նա երկար ժամանակ է հատկացնում երգի տեքստերը լիովին հասկանալու, ամեն մի բառ ճշգրիտ արտաբերելու համար: Արդեն հայերեն շատ բառեր գիտի՝ բարև, շնորհակալություն, ջուր, բայց դեռևս չի կարող հայերենով զրուցել:
Երևանի փողոցներում պարբերաբար զբոսնելիս երգիչը նկատել է, որ հայուհիներն առանձնահատուկ հմայք ունեն, նախ դա վերաբերում է արտաքինին, ապա իհարկե՝ բնույթին: Դանիելի կարծիքով՝ հայ աղջիկները շատ կանացի են, հետևում են իրենց, այս ամենի հետ մեկտեղ կիրթ են ու քաղաքավարի, մեծ կարևորություն են տալիս կրթությանը:

Հ. Գ. Երբ նստած էինք սրճարանում, բոլոր այցելուները ճանաչեցին Դեքերին, անձամբ մոտենում ու իրենց խորին հարգանքն էին արտահայտում, հատկապես շատ էին հավանել ասուլիսի ժամանակ երգչի հայերեն կատարումը: Գովեստի բոլոր խոսքերին ի պատասխան՝ Դեքերը համեստորեն ժպտում էր ու հայերեն պատասխանում՝ Շնորհակալություն...

1 комментарий:

  1. Ani jan es hpard em iranov iharke, vor ergec asulisi jamanak, bayc 1 hpart em t. florayi kaylerov vor voti hanec ir arvestov ampoxj ashxarhin, tox yurakanchyur ergich yev nvagox irn pes lini yev polors ,mi chnchin panov necuk linenk hayapahpanman gortsin
    u moratca Ara Gevorgyanin nuynpes ,dadarnkarabakan erger u erejshtutyun grenk miayn mer@ mer@ glux kxonharecni yurakanchyur azgin da hogu cav e.

    ОтветитьУдалить