суббота, 21 апреля 2012 г.

ԶԼՄ-ները, գիտությունն ու հայ աստղագիտության նվաճումները. հարցազրույց..


Ներկայացնում եմ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ հարցազրույցը.


_Արդյո՞ք հայկական ԶԼՄ-ները բարձր մակարդակով են լուսաբանում գիտության հետ առնչվող տեղեկություններն ու լուրերը, ի՞նչ տիպի խնդիրներ են ծագում, տերմինաբանությու՞նն է հանդիսանում գլխավոր խնդիրը:


_Ինչպես հայտնի է, հայկական և ոչ մի ԲՈՒՀ-ում գործող լրագրության ֆակուլտետներում չկա գիտական լրագրության մասնագիտացում: Ավելին, երբ առաջին անգամ ծանոթացա այդ ոլորտին, անկեղծորեն զարմացել էի. պարզվում է, լրագրության մասնագիտացումները կատարվում են տեխնիկական սկզբունքներով (օրինակ` ֆոտոլրագրող, հեռուստա- կամ ռադիո- լրագրող և այլն), այլ ոչ թե թեմատիկ բնագավառներով: Փաստորեն, մենք չենք պատրաստում հատուկ մասնագիտացված քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, մարզական կամ այլ լրագրողների: Սակայն եթե հասարակայնորեն ակտիվ լրագրողն արագ կողմնորոշվում և հաջողությամբ աշխատում է օրինակ առաջին երեք կամ չորս ոլորտներում, ապա գիտությունը լուսաբանելու համար հատուկ պատրաստվածություն է պետք: Այդ պատճառով էլ նման գործունեությամբ զբաղվող լրագրողներ (չասենք` «մաքուր» գիտական լրագրողներ) Հայաստանում միշտ էլ քիչ են եղել և ներկայումս էլ պատկերը նույնն է: Հետևաբար և գիտական թեմաներով հրապարակումներն են քիչ: Հաճախ էլ վերցվում են արտասահմանյան հրապարակումներ և կատարվում են թարգմանություններ, սակայն այս դեպքում էլ ծագում են եզրաբանական սխալների և սխալ ձևակերպումների խնդիրները: Շատ լրագրողներ, խուսափելով այդ հնարավոր սխալներից, պարզապես խուսափում են նաև գիտական հրապարակումներից, քանի որ հաճախ գիտնականներն էլ այդ սխալների հանդեպ ունեցած իրենց բացասական վերաբերմունքով չեն նպաստում լրագրողների կողմից գիտության լուսաբանմանը, փոխանակ օգնեն այս գործում և համագործակցեն լրագրողների հետ: Այս ամենին գումարվում է նաև ներկայումս (ըստ էության` անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում) տիրող մեղմ ասած` անուշադրության, իսկ իրականում` արհամարհական, վերաբերմունքը գիտության նկատմամբ: Կարծես հասարակությանը չեն հետաքրքրում գիտնականների գործունեությունը, գիտական նորությունները: Համեմատության համար ասեմ, որ օրինակ մարզական ոլորտում լուսաբանման մակարդակն իրոք աբսուրդի է հասել: Ես ինքս ֆուտբոլի մեծ սիրահար եմ, բայց անիմաստ եմ համարում, որ բոլոր լրատվամիջոցներով մեզ ծանրաբեռնում են հայկական և արտասահմանյան յուրաքանչյուր թիմի առանձին խաղացողների և նրանց կատարած յուրաքանչյուր քայլի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվությամբ, թիմերի ոչ միայն խաղերի, այլև մարզումների մանրամասներով, մինչև անգամ բակային թիմերի խաղերով: Մի՞թե հասարակությունը դա է ուզում: Կարծում եմ` ոչ, պարզապես այդ ոլորտներն են ֆինանսավորվում: Ուրեմն նաև առկա է գիտական լրագրությանը որոշակի միջոցներ հատկացնելու խնդիրը, ինչը տրամաբանորեն պետք է լուծվեր գիտության ոլորտում հասարակայնության հետ կապերին հատկացվող գումարներով` ընդհուպ մինչև գիտական հիմնարկներում հաստիքային լրագրողներ ունենալով: Սակայն գիտության ցածր ֆինանսավորման պայմաններում մենք շատ հեռու ենք դրա իրականացումից:

_ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ և ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի գիտությունը ճշգրիտ ու բավարար չափով լուսաբանվի լրատվամիջոցների կողմից:


_Լինելով արտասահմանյան բազմաթիվ գործուղումներում, միշտ էլ հետաքրքրվել եմ տարբեր երկրներում գիտության կազմակերպման զանազան հարցերով, այդ թվում և գիտության լուսաբանման կամ գիտական լրագրության դրվածքով: Ավելին, մասնակցել եմ նաև գիտական լրագրությանը նվիրված խորհրդակցությունների և հատուկ նիստերի: Պարզվում է, որ տարբեր երկրներում գիտական լրագրության մեջ տիեզերական թեմաներին (ճիշտ է` ներառյալ նաև այլմոլորակայինների, թռչող ափսեների, աստղագուշակության և նման հարցերը) հատկացվում է բոլոր հրապարակումների 50-90 տոկոսը: Այստեղից` աստղագետների հետաքրքությունը և պատասխանատվությունը այս ոլորտի հանդեպ: Նշեմ նաև, որ գիտական լրագրությունը գիտնականների և լրագրողների համագործակցություն է և չի կարող հաջողությամբ իրականանալ առանց երկու կողմերի համատեղ մասնակցության: Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009թ. հայտարարել էր աստղագիտության միջազգային տարի, Միջազգային աստղագիտական միության հիմնական գաղափարներից էր հասարակության հետ աստղագիտության կապի ամրապնդումը: Այդ տարվա սկզբներին Բյուրականի աստղադիտարանում «Արմենպրեսի» հետ կազմակերպեցինք և առաջին անգամ սերտ հանդիպում ունեցանք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված էին գիտության լուսաբանման հարցով` փորձելով ակտիվացնել այդ ոլորտը: Սակայն գիտական հրապարակումների թիվն էապես չավելացավ: Եվ միայն 2010թ. դեկտեմբերին սկսվեց Հայաստանում գիտական լրագրության իրական գործունեությունը, որն իր վրա վերցրեց Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ): Հավաքվեց գիտությամբ հետաքրքրվող լրատվամիջոցների և լրագրողների էլեկտրոնային հասցեների ցուցակ և ստեղծվեց Հայաստանի գիտական լրագրողների ֆեյսբուքյան խումբ, որտեղ ընդգրկված են մոտ 100-ական լրագրողներ և (հիմնականում երիտասարդ) գիտնականներ: ՀԱԸ պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է տարածում այդ հասցեներով և նույնը տեղադրում է ֆեյսբուքյան խմբի էջում` լուսաբանելով հայ աստղագետների գործունեությունը, տիեզերական զանազան թեմաներ և պատասխանատվություն կրելով տեղեկատվության ճշտության և եզրաբանական ձևակերպումների համար` դրանով իսկ հեշտացնելով լրագրողների գործը: Առ այսօր տարածվել է 140 մամուլի հաղորդագրություն: Այս նախաձեռնության շնորհիվ 2011 թվին նախորդ տարիների համեմատությամբ գիտական հրապարակումենրի թիվը ԶԼՄ-մերում տասնապատկվեց. յուրաքանչյուր մամուլի հաղորդագրություն փոքր ինչ ձևափոխված տեսքով միջինում տպագրվում է մոտ 10 լրատվամիջոցի կողմից: Ավելին, այդ հրապարակումների շնորհիվ և դրանց «հետքերով» ավելի մանրամասն հետաքրքրվող լրագրողների կողմից իրականացվում են բազմաթիվ հարցազրույցներ, կազմակերպվում են մամուլի ասուլիսներ: Համապատասխան տեղեկատվություն է տարածվել և միանալու կոչ է արվել նաև գիտության մյուս բոլոր ոլորտներին, սակայն առայժմ ակտիվ մասնակցություն չկա, թեև ժամանակ առ ժամանակ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրվում են նաև գիտության այլ ոլորտների նորություններ: Կարծում եմ այս հարցում իրենց ակտիվ դերը պետք է ունենան հատկապես երիտասարդ գիտնականները: Բյուրականում և Երևանում կազմակերպվել են նաև գիտական լրագրության սեմինարներ: Իսկ 2011-ին ՀԱԸ` Օքսֆորդի հայկական գիտական ընկերության հետ համատեղ, սահմանեց և տարվա վերջում հանձնեց գիտական լրագրության տարեկան մի շարք մրցանակներ: Արդյունքում կարելի է ասել, որ այժմ Հայաստանում կա գիտական լրագրություն, որը սակայն դեռ ավելի լուրջ ուշադրության կարիք ունի:

_Աստղագիտությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում պահանջարկ ունեցող գիտությու՞ն է:

_Այո՛, իհարկե, չնայած առաջին հայացքից աստղագիտությունը թվում է երկրային խնդիրներից կտրված: Սակայն պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հիմնարար գիտությունների արդյունքներն երկարատև զարգացման, մշակման ու ներդրման կարիք ունեն և դրանց օգտակարությունը տեսանելի է դառնում տարիներ, երբեմն` տասնամյակներ անց: Օրինակ ամբողջ աշխարհում արտադրված էլեկտրաէներգիայի (առանց որի կյանքն արդեն պատկերացնել անգամ չի լինի) մոտ 90 տոկոսը գալիս է ատոմակայաններից, որոնցում էներգիան ստացվում է միջուկային ռեակցիաների սկզբունքով: Միջուկային ռեակցիաների տեսությունը դեռևս 1930-ական թվականներին ստեղծել է ամերիկացի Հանս Բեթեն` Արեգակի ճառագայթման էներգիայի հնարավոր աղբյուրները բացատրելու նպատակով, այսինքն` աստղագիտական հետազոտություններ կատարելիս: Այդ տեսությունը զարգացնելով և կիրառելով հետագայում ստեղծեցին ատոմակայաններ: Քաղաքակիրթ աշխարհում հասկանում են, որ իրենց երկրները պետք է գոյատևեն և զարգանան նաև 10, 20 կամ 30 տարի հետո, հետևաբար մեծ կարևորություն են տալիս նաև հիմնարար գիտությանը: Բացի այդ, բնությունը միասնական է, այնպես որ, ուսումնասիրելով Տիեզերքը, մենք միաժամանակ կարևոր տվյալներ ենք ստանում մեզ շրջապատող անմիջական աշխարհի վերաբերյալ: Տիեզերքը մի հսկայական լաբորատորիա է, որտեղ տեղ են գտել նյութի և էներգիայի ամենատարբեր գոյաձևեր և ֆիզիկական ամենատարբեր վիճակներ: Նրա ուսումնասիրությունը հատկապես կարևոր է նյութի և ֆիզիկական պարամետրերի ծայրահեղ գոյավիճակների տեսանկյունից. այստեղ առկա են խտությունների, ջերմաստիճանների, արագությունների և այլ ֆիզիկական մեծությունների թե՛ ամենացածր և թե՛ ամենաբարձր հնարավոր արժեքները, որոնք երկրային պայմաններում ստանալը պարզապես անհնար է: Դրա շնորհիվ էլ աստղագիտական տվյալները էապես զարգացնում են ֆիզիկան և այլ գիտությունները: Վերջին տարիների զարգացման միտումներից է այլ գիտությունների հետ աստղագիտության կապի ընդլայնումը: Աստղագիտության և այլ գիտությունների եզրագծին ստեղծվում են նոր բնագավառներ` աստղամասնիկային ֆիզիկա, աստղակենսաբանություն, աստղաքիմիա, որոնք կարևոր են Տիեզերքի և նրանում կյանքի առաջացման ու զարգացման ուսումնասիրության համար: Աստղագիտությունը սերտորեն առնչվում է նաև օպտիկայի, մեխանիկայի, սպեկտրադիտության, ատոմային և միջուկային ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, էլեկտրոնիկայի, տիեզերական հետազոտությունների, ինֆորմատիկայի, վիճակագրության, մաթեմատիկական մոդելավորման, հավանականությունների տեսության, փիլիսոփայության, պատմության, հնագիտության (հնագույն աստղագիտություն), լեզվաբանության և գիտության ու մշակույթի այլ ոլորտների հետ: Վիկտոր Համբարձումյանի խոսքերով, աստղագիտությունը պետք է դառնա 21-րդ դարի կարևորագույն գիտությունը, քանի որ այն նաև աղբյուր է հանդիսանում բազմաթիվ այլ գիտությունների համար, ինչպես նաև մարդկային գործունեության ընդլայնման հնարավորություններ է տալիս: Այս ամենի վկայությունն է նաև, որ աշխարհի բոլոր զարգացած պետություններում էլ աստղագիտությունը հարգված մասնագիտություն է, և աստղագետները (ինչպես նաև մյուս գիտնականները) հասարակության վերնախավն են: Նրանք բարձր են գնահատվում և վարձատրվում: Ավելին, լինելով բավականաչափ թանկ գիտություն (թանկարժեք սարքավորումների անհրաժեշտության պատճառով), աստղագիտությունն այնուամենայնիվ շարունակում է զարգանալ և ավելի ու ավելի է կարևորվում: Եթե մենք ցանկանում ենք համարվել քաղաքակիրթ երկիր և քաղաքակիրթ ազգ, ապա գիտության և ընդհանրապես մշակույթի նկատմամբ վերաբերմունքը պետք է կտրուկ փոխել: Սրանք են մեր իրական ազգային արժեքները, որոնցով կարող ենք ներկայանալ աշխարհին և համամարդկային արժեքների մեջ ներդրում ունենալ:


_Հայ աստղագիտությունն ու վերջինիս նվաճումները մրցունա՞կ են միջազգային ասպարեզում:

_Հայ աստղագիտության հաջողությունները մեծապես պայմանավորված են 20-րդ դարի մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հայտնագործություններով և նրա հիմնադրած նոր ուղղություններով: Այդ առումով, եթե խոսենք ընդհանրապես, ապա իհարկե, հայ աստղագիտությունն ու նրա նվաճումները միջազգային ասպարեզում մրցունակ են և կարելի է ասել, որ Հայաստանը` չնայած իր փոքր տարածքին, բնակչությանը և տնտեսական զարգացման մակարդակին, այնուամենայնիվ աշխարհի զարգացած աստղագիտական երկրներից մեկն է: Ինչ խոսք, ներկայումս ավելի ու ավելի դժվար է դառնում դիմակայել միջազգային մրցակցությանը, մանավանդ որ նորանոր երկրներ խոշոր ներդրումներ են կատարում աստղագիտության զարգացման համար, իսկ Հայաստանում ոչ միայն չկա գիտության նկատմամբ պատշաճ մոտեցում, այլև նույնիսկ չենք պահպանում ունեցածը: Օրինակ մեր տարածաշրջանում որոշ պետություններ շուտով կարող են Հայաստանից առաջ անցնել. Թուրքիան, Իրանը, արաբական երկրները և նույնիսկ Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ իրենց մոտ առանձնապես հաջողություններ չունեցող աստղագիտությունն (և բոլոր գիտությունները) աստիճանաբար առաջին պլան դուրս գան և դրանով կարողանան ներկայանալ քաղաքակիրթ աշխարհին: Իհարկե, մենք դեռևս ունենք մի շարք հանգամանքներ, որոնք միանշանակ ապացուցում են Հայաստանի առաջատար դերն առնվազն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում` խոշորագույն աստղադիտարանը և խոշորագույն` 2.6մ տրամագծով հայելիով, աստղադիտակը, գիտնականների ամենաբարձր ակտիվությունը (հրապարակումների քանակով), տարածաշրջանի միակ վիրտուալ աստղադիտարանը, աստղագիտական խոշորագույն տվյալների շտեմարանը (որը վերջերս ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում), միջազգային գիտաժողովների կազմակերպումը, ռելյատիվիստական աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոնը և այլն: Ինչ վերաբերում է աստղագիտական աշխարհում Հայաստանի տեղի գնահատականին, ապա դարձյալ մենք հպարտանալու տեղ ունենք: Հայաստանն իր տարածքով աշխարհում 143-րդ պետությունն է, բնակչությամբ` 134-րդը, իսկ տնտեսական ցուցանիշներով (համախառն ներքին արդյունքով)` տարբեր տվյալներով զբաղեցնում է 124-128-րդ տեղերը: Այսուհանդերձ գիտության զարգացման մակարդակով Հայաստանն աշխարհում տարբեր տվյալներով զբաղեցնում է մոտավորապես 40-50-րդ տեղերը: Օրինակ, տպագրված գիտական հոդվածների քանակով աստղագիտության ոլորտում 43-րդն ենք: Իսկ տարատեսակ աստղագիտական ակտիվության առումով Հայաստանը կարող է նաև հավակնել մինչև 20-րդ տեղին և զիջում է միայն աշխարհի ամենազարգացած երկրներին: Օրինակ մենք մտնում ենք Միջազգային աստղագիտական միության 70 անդամ-երկրների շարքը, Հայկական աստղագիտական ընկերությունը հանդիսանում է Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) 24 անդամներից մեկը, 2007-ին Հայաստանում անցկացվեց ԵԱԸ տարեկան համագումարը, որը միայն Եվրոպայի ամենահզոր պետություններում է անցկացվել, մենք կազմակերպել և անցկացնում ենք կարևորագույն միջազգային գիտաժողովներ և միջազգային աստղագիտական երիտասարդական ամառային դպրոցների շարք, ինչն աշխարհում միայն մի քանի երկրների է հաջողվել: Այնպես որ, Հայաստանը և մասնավորապես Բյուրականի աստղադիտարանը մնում են առնվազն տարածաշրջանի կարևորագույն գիտական կենտրոններից մեկը և պետության կողմից համապատասխան վերաբերմունքի դեպքում կարող է ապահովել մեր երկրի միջազգային հեղինակությունը և նույնիսկ գործնական օգուտներ բերել:

Комментариев нет:

Отправить комментарий