среда, 25 апреля 2012 г.

Թե ինչ եմ զգում Կոմիտաս լսելիս…(ֆոտո/ տեսանյութ)


Կոմիտասի մասին հարցրե՛ք ցանկացած հայի. մեծ մասը կպատասխանի, որ նա հայ մեծ երգահան է, երգիչ, երաժշտագետ: Սակայն քչերն են ունակ հասկանալու և մեկնելու վերջինիս մեծության ու հանճարի առեղծվածը: Ճիշտ է՝ միգուցե երբեք էլ չկարողանանք լիարժեքորեն բացահայտել, թե ինչու է Կոմիտասի կերպարն ու ստեղծագործությունն այդքան ձգող թե՛ երաժշտությունից ոչինչ չհասկացող մարդկանց, թե՛ մասնագետների, թե՛ հայերի ու թե՛ օտարների համար, այնուհանդերձ կփորձեմ պատմել իմ զգացողությունների մասին:
Չեմ ցանկանում ևս մեկ անգամ անդրադառնալ Վարդապետի կենսագրականին, նրա մասին շատ է գրվել ու գրվում, տեղեկության մեծ պաշար կա նաև համացանցում: 
Մոտ մեկ ամիս առաջ YouTube-ում պատահական գտա Գարուն ա երգը՝ Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ: Խառնվածքով այնպիսին եմ, որ կյանքում շատ բացառիկ երևույթներ կարող են ինձ ստիպել հուզվել կամ կլանվել այդչափ, որքան որ այդ կատարումը համակեց ինձ: Լսել եմ մոտ 100 անգամ՝ առանց հոգնելու և ամեն անգամ լսելիս նորանոր պատկերներ էին ծնվում երևակայությանս մեջ, նորանոր մտքեր էին արթնանում, մինչ այդ ինձ անծանոթ ու անբացատրելի զգացողություններ: Այդ պահին մոռացա ամեն ինչ ու բոլորին, մտքումս, սրտումս ու հոգումս միայն Կոմիտասն էր, դրանից անհնար էր խուսափել, կեղծելն անհավանական էր, անտարբեր անցնելը՝ բացառված: Դաշնամուրի նվագակցությամբ հին ձայնագրությունը ուժ ուներ, այնպիսի մի ուժ, որն ավելին է, քան իշխանությունը, զենքը, փողը...կարծես այն խոսում է, պարզ բառերում թաքնված կոդերով մի աշխարհ է բացում քո առջև: Առաջին ելևէջները հուզիչ են, արցունքներ են երևան հանում, ապա բացում ես աչքերդ, վեր ու վար բարձրացող ձայնի հետ միասին ասես քայլում ես Մշո դաշտում, ափերիդ մեջ զգում ես Էրգրի հողը, ականջիդ հասնում են Վանա լճի կոհակների խշշոցը, դիպչում ես Անիի եկեղեցիների մամռոտած պատերին, և հետզհետե արցունքները փոխակերպվում են անհագ կարոտի, կորստի զգացման, վերադարձնելու փափագի: Խոնարհված գլուխդ բարձրացնում ես, այդ վայրկյանին հստակ գիտակցում ես՝ ով ես դու, որտեղից ես եկել, ինչ արյուն է հոսում քո երակներում...բայց ոչ մի հառաչ, ոչ մի վհատություն, այլ մի կանչ, հարազատ ջերմությամբ լցված մի կանչ հուշում է քեզ, որ քո մեջ հատվել ու համակցվել են դարերի պատմություն, մշակույթ, վեհություն, անկոտրում կամք: Զգում ես՝ ուժ կա քո մեջ, այնքան ուժ, որքան որ ունի երգը, դու ու երգը նույն նյութից եք հյուսված, նույն մարմինն եք: Երգը լրացրեց դատարկ անկյունները...այն ավարտվեց...3 րոպեում քեզ բացահայտեց քո իսկ համար, քեզ ուղիներ ցույց տվեց, մաքրեց...
Ահա թե ինչ եմ զգում Կոմիտաս լսելիս: Կոմիտասի աչքերին նայելիս անհնարին է չնկատել ցավը, տառապանքը, հանճարը, հույսը, հային...
Կոմիտասը մաքրում է, միավորում է, ցույց է տալիս արմատները, արթնացնում հողի կանչը...այստեղ է սքողված Վարդապետի առեղծվածը:
























Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին խնդրանքից ու տրամադրեցին Կոմիտասի լուսանկարներն ու պաստառները՝ Վարդապետի կերպարով:






Комментариев нет:

Отправить комментарий