пятница, 18 мая 2012 г.

Քաշաթաղի (Լաչին,պատմական՝ Բերձոր, ) ազատագրման 20-ամյակն է...մենք տոնում ենք, Ադրբեջանը՝ սգում...(ֆոտո)


Այսօր՝ մայիսի 18-ին, Քաշաթաղի՝ Լաչինի ազատագրման օրն է: Ողջ ադրբեջանական մամուլը սգում է, իսկ մենք՝ հայերս, հպարտությամբ հիշում ենք մեր պատմության փայլուն էջերը: Ի պատասխան ադրբեջանցիների կողմից Քաշաթաղի մասին տարածվող ապատեղեկատվությանը՝ ներկայացնում եմ Քաշաթաղի մասին պատմական հիմքերի վրա հիմնված տեղեկություն ու ազատագրման հակիրճ պատմությունը, ինչպես նաև Քաշաթաղում եղած օրերին արված մի քանի լուսանկարներս.






























ԼՂՀ Քաշաթաղի (նախկին` Լաչինի) շրջանը, որի տարածքը մոտավորապես 1800 քառ. կմ է, հիմնականում համընկնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկի` Աղահեճքի տարածքին: Այն առաջին անգամ հիշատակվում է VII դարում, ՙԱշխարհացույց՚-ի մեջ: XIII դարից սկսած Աղահեճք գավառը կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ բերդերի անունով:

ԼՂՀ Քաշաթաղի (նախկին` Լաչինի) շրջանը, որի տարածքը մոտավորապես 1800 քառ. կմ է, հիմնականում համընկնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկի` Աղահեճքի տարածքին: Այն առաջին անգամ հիշատակվում է VII դարում, ՙԱշխարհացույց՚-ի մեջ: XIII դարից սկսած Աղահեճք գավառը կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ բերդերի անունով:
Քաշաթաղը, ընդգրկելով նախկին Աղահեճք գավառի հարավային եւ հարավարեւմտյան հատվածը, հետագա դարերում նշանակալի դեր է խաղացել հայոց պատմության մեջ, ինչը փաստում են ժամանակակիցների բազմաթիվ հիշատակությունները: XVI դ. գավառն ավելի հաճախ հիշատակվում է Քշտաղ` հապավված անվանաձեւով, որպես հայկական իշխանություն` Խանածախ կենտրոնով:



XVIII դ. 2-րդ կեսին գավառի մի շարք բնակավայրեր հայաթափվեցին: Նույն դարի վերջերին եւ հատկապես XIX դարի ընթացքում գյուղերի մեծ մասը զբաղեցրին քրդական ու թյուրքական խաշնարած ցեղերը:

Աղահեճքի տրոհումից հետո նրա հյուսիսային եւ հյուսիսարեւելյան մասում տեղորոշվող Խոժոռաբերդ գավառի վերաբերյալ պատմական աղբյուրները խիստ ժլատ են: XVI-XVIII դդ. գավառամասն առավելապես հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ XIX դ. սկզբներին հաճախակի հիշատակվում էր Զառիստ անվամբ: 

1918-20 թվականներին Լաչինի շրջանը, որպես Լեռնային Ղարաբաղի հետ կապող տարածք, մասամբ վերահսկողության տակ առնվեց Անդրանիկ Օզանյանի ստորաբաժանումների, իսկ երկու տարի անց գրեթե լրիվությամբ ազատագրվեց Գարեգին Նժդեհի եւ Դրաստամատ Կանայանի զորամասերի կողմից: Ուստի պատահական չէ, որ 1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ընդհանուր սահման ունեին Լաչին-Զաբուխ նեղ շերտով: Այդ մասին են վկայում 1920-ականներին տպագրված խորհրդային քարտեզները: Սակայն պատկերը լրիվությամբ փոխվեց 1930-ականներին: Սահմանների այդ վերաձեւումն անմիջականորեն կապված էր Քրդական մշակութային ինքնավարության, այսպես կոչված` Կարմիր Քրդստանի հետ: ՙՔրդական ուեզդը՚ գոյություն է ունեցել 1923-29 թթ., սակայն առանց ընդգծված որոշակի սահմաններով տարածքի, իրավաբանորեն ձեւակերպված կարգավիճակի: Հայաստանի եւ Արցախի արանքում Կարմիր Քրդստանի ստեղծման նպատակը այդ տարածքում քրդեր բնակեցնելն էր ու երկու հայկական կազմավորումների արանքը սեպ խրելը, ինչն էլ տեղ գտավ քրդերի ՙինքնավարությունը՚ առեղծվածային պայմաններում վերացնելուց հետո: Երբեմնի հայկական տարածքների յուրացումը կատարվեց քաղաքական, գաղափարախոսական խարդավանքների միջոցով: Ասպարեզ հանված ՙԿարմիր Քրդստանի՚ պատրանքը լայնորեն գովազդվում էր, ներկայացվում որպես Ադրբեջանի ինտերնացիոնալ քաղաքականության հերթական հաղթանակ: Անդրֆեդերացիայի ԿԳԿ նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստը օրինականության երանգներ հաղորդեց Հայաստանի ու Արցախի միջեւ քրդական սեպի խրման գործընթացին: Հայ բոլշեւիկների ՙխորը ըմբռնման՚ պայմաններում հասնելով իրենց նպատակին, Ադրբեջանի ղեկավարներն անմիջապես վերացրին ՙՔրդական ուեզդը՚, հալածանքներ սկսեցին քրդերի նկատմամբ: Դրանով նախ կասեցվեց քրդերի ՙազգային զարթոնքը՚, եւ ապա Լաչինից ու նրա շրջակայքից դուրս մղված քրդերը բնակվեցին շրջանի խորքերում` տեղահանված հայերի բնակավայրերում, լուծելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ սեպը ընդլայնելու ստրատեգիական խնդիրը: Իսկ քրդերից դատարկված գյուղերն արտոնյալ պայմաններով բնակեցրին ավելի բարեհույս տարրերով` ադրբեջանցիներով... 

Լաչինի միջանցքի ազատագրումից հետո ադրբեջանական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, թե, իբր, հայերը ոտնձգություն են անում Լաչինի նկատմամբ, որն, իբր, երբեք հայերին չի պատկանել: Մինչդեռ այն, ինչպես վկայում է հայկական մշակույթի նմուշների առկայությունը, գոյացել է հայաթափված հին գյուղի տարածքում: Մինչեւ 1923 թվականը Լաչինը մի աննշան գյուղակ էր` Աբդալյար անվամբ: 1923 թ. օգոստոսի 6-ից մինչեւ 1930 թվականը Լաչինը հանդիսանում էր նորաստեղծ ՙՔրդական ուեզդի՚ կենտրոնը, որի վերացումից հետո այն դարձավ համանուն շրջանի կենտրոնը, որն, ի դեպ, ուներ նաեւ հայ բնակչություն...

Հայաբնակ Արցախը Սյունիքից բաժանող Լաչինը 1950-ական թվականներին սկսեց արագ թափով կառուցապատվել: Ընդամենը 1-2 տասնամյակի ընթացքում այն իր զբաղեցրած նախնական սահմանների համեմատ ընդարձակվեց ավելի քան 10 անգամ, իսկ բնակչության արհեստական աճը կազմակերպվեց Ադրբեջանի այլ շրջաններից փոխադրված ադրբեջանական տարրի հաշվին:

1988-ից սկսած Լաչինը վերածվել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական հենակետի: Միաժամանակ, այն հայաբնակ Բերդաձորի ենթաշրջանը ու Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերն ասպատակող ավազակաորջ էր դարձել: Մինչեւ 1992 թ. մայիսը Լաչինով էր տեղափոխվում Շուշիի, Նաբիլարի, Ջանհասանի, Քյոսալարի, Կարագյավի եւ ադրբեջանական այլ կրակակետերի սպառազինությունը: Հետեւաբար, Լաչինի ռազմական հենակետի վնասազերծումը թելադրված էր շուրջ չորս տարի շարունակվող շրջափակումը վերացնելու եւ Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելու, Արցախի դեմ ագրեսիայի օջախներից մեկը վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությամբ:

Շուշիի ազատագրումից եւ Ջանհասան, Քյոսալար գյուղերի կրակակետերը ճնշելուց հետո նպաստավոր նախադրյալներ ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ-ի) ռազմավարական հաջողությունը զարգացնելու համար: Շուշիի ազատագրման մարտական հրամանում, ի շարս այլ խնդիրների, նախատեսված էր նաեւ շարունակել հարձակումը եւ ազատագրել Բերդաձորի ենթաշրջանը:

Այդ խնդրի լուծումը սկսվեց մայիսի 11-ի երեկոյան, Շուշիում դիրքերն ամրապնդելուց եւ ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց, այսինքն` համեմատաբար նպաստավոր պայմաններ ապահովելուց հետո: Մայիսի 12-ին վերահսկողության տակ առնվեց Զառիստ գյուղը, քանի որ ԻՊՈՒ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ: Ժիրայր Սեֆիլյանի, Արթուր Առաքելյանի եւ Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ ԻՊՈՒ ստորաբաժանումները հուսալիորեն փակեցին դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքները: Լիսագոր-Զառիստ ուղեհատվածը նախօրոք ականապատվեց: Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետեւակը հարձակման անցան` Զառիստ ներխուժելու եւ դեպի Շուշի շարժվելու նպատակով: Սակայն ականի վրա պայթած տանկը եւ նռնականետով շարքից հանված զրահամեքենան փակեցին ադրբեջանական զրահատեխնիկայի հետագա առաջխաղացման ճանապարհը: Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր` հակառակորդը նահանջեց: Պահը հարմար էր հակահարձակման անցնելու համար: Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմագործողությունն սկսվեց հիմնականում երկու ուղղություններով` խճուղու աջ ու ձախ կողմերով եւ Ջանհասան-Քյոսալար գյուղերից: Ճնշելով միայն 2 գյուղերում հակառակորդի դրսեւորած դիմադրությունը, վերահսկողության տակ առնվեցին Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղեր: Այնուհետեւ, հարվածային զորախմբերը դուրս եկան Լիսագորից աջ եւ ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես Հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշեց հենակետի վերածված այդ բնակավայրի ճակատագիրը: Լիսագոր-Մեծ շեն-Հին շեն գծով հարձակումը շարունակեցին Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Շոշի, Սղնախի, ՀՅԴ-ի վաշտերը ու այլ ստորաբաժանումներ եւ առանց մեծ դիմադրության ազատագրեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈՒ կազմավորումները հարձակման անցան Լաչինի ուղղությամբ եւ վերահսկողության տակ առան այն: Հակառակորդն այլեւս ի վիճակի չէր լուրջ դիմադրություն ցույց տալ: Նրա համընդհանուր բարոյալքմանը նպաստել է ինչպես Շուշիի փայլուն ռազմագործողության հետեւանքով կրած պարտությունը, այնպես էլ Գորիսի շրջանում ստեղծված հրետանային միավորման` ՙԴնեպրի՚ ակտիվ գործողությունները:

1 комментарий:

  1. Յարգելի Անի, շրջուած դրոշով նկարը հեռացրեք, կամ փոխարինեք:

    Յարգանոք

    ОтветитьУдалить