пятница, 4 мая 2012 г.

Արցախ. Քաշաթաղի հրաշքը (հարցազրույց/ֆոտո)

Քաշաթաղում կա մի վայր, որն օժտված է անբացատրելի ձգողականությամբ: Դա Ծիծեռնավանքն է...







Մոտենում ես քարաշեն պարսպին, բացում երկաթե դարպասն, ու քո առջև խոյանում են տուֆե հրաշակերտ զույգ խաչքարեր՝ կանգնեցված 2011 թվականի աշնանը:


Պատվանդանի վրա ներկայացված է հետևյալ գրությունը.

ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԱՏՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՈՒԻՐԻՐ ՈՐ ՉՀՊԱՐՏԱՆԱՆ ԵՎ ՅՈՅՍ ՉԴՆԵՆ ՍՆՈՏԻ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ՊԱՏՈՒԻՐԻՐ ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՆԱԼ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ
ԽՈՆԱՐՀՈՒԱԾ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԸ ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՍԻՐՈՎ ՎԵՐԱԾԻՆԵՑԻՆ ՔԵԱՐՈԼԱՆ ԵՎ ՋՕՐՋ ՆԱՋԱՐԵԱՆՆԵՐԸ (ԲՈՍՏՈՆ ԱՄՆ) ԵՎ ՅԱԿՈԲ ԵՎ ՅԱՐՈՒԹՒԻՆ ԱԼԳԻՍԱԲԱՐՄԱԳԵԱՆՆԵՐԸ (ՆԻՍ ՖՐԱՆՍԻԱ)

Իսկ թե ինչու հենց Ծիծեռնավանք, այն էլ՝ ժամանակին խոնարհված, պարզեցինք վանքի դպիր Արման Սրապիոնյանի հետ հարցազրույցում:

-Ծիծեռնավանքը վանական համալիր է, այն  հիմնվել է 4-րդ դարի առաջին կեսին, ունեցել է կառուցողական 3 փուլ: Առաջին փուլում իրականացվել է բազալտե շարքը՝ դռներից երկու շարք վերև,՝ 4-ական դռներով, լուսամուտներ չեն եղել, ունեցել է երդիկներ, առաստաղն էլ՝ գերանածածկ, եղել են գերանասյուներ, հատակը՝ հողե, մի խոսքով՝ վաղ քրիստոնեական եռանավ բազիլիկների նման:  5-րդ դարում տեղի է ունեցել երկրորդ փուլը. արդյունքում՝ տուֆով՝ ֆերիզատուֆով կամարակապերի պայտերի ծայրերի մասով  բարձրացվել է, առաստաղը կրկին գերանից էր: Ասեմ նաև՝ հայտնաբերել ենք երեք փուլի հատակները, կավով ու կրաշաղախով արված երկրորդ փուլում: 6-րդ դարի ամենավերջում կառուցման վերջին փուլն է եղել, փայտեղենը հանվել է.  ինչ հիմա տեսնում եք, վերջին փուլի արդյունքն է: Հետագայում ավելացվել են վերնասրահը, խորանի երկրորդ հարկը և այլն , ապա՝  հյուսիսային պատին հպված 7 որմնասյուներ: Այսպիսով, նավի հիմնական ծանրությունը նստում է ոչ թե սյուների, այլ մույթերի վրա: Զարգացած միջնադարում արվել են կրկնակամարները: 16-17-րդ դարում կառուցել են սեղանատունն ու պարիսպները, ինչպես նաև՝ զանգակատունը, վեղարը:

_Մեզ հասե՞լ են արդյոք կառուցող վարպետների անունները:
_Հայտնի է միայն զարգացած միջնադարում Գեորգ Աշխատավոր հայտնի ճարտարապետի անունը, որը վերջինս թողել է իր դրած քարերի վրա ՝ անարժան Գեորգ աշխատավորս մակագրությամբ, շինարարների ու հովանավորների կոնկրետ անուններ չունենք: Գիտենք միայն, որ կառուցվել է Սյունյաց իշխան Անդոկի ժամանակաշրջանում՝ 330-ականներին:
_Իսկ ինչու՞ հենց Ծիծեռնավանք:
_Պետրոս Առաքյալի ճկույթի վերջին հոդը՝ ծիծեռնը, որպես մասունք ժամանակին պահվել է այստեղ: Դրա մասին են հիշատակում Ալիշանը, Լալայանը, Սմբատյանցը: Նույնիսկ Ստեփան Օրբելյանի կողմից է հիշատակվում: Եկեղեցին անվանակոչում են նաև  Ս. Գևորդ Զորավարի անունով՝ կապված վիշապասպան սուրբ զինվորի մասին պատմող որոշակի ժողովրդական լեգենդների հետ:
Աչքի է ընկնում բեմին կից գտնվող խորշը. ներսում կարաս է դրված, եզրաշուրթերը հուշում են՝ վաղ միջնադար է, այստեղ հավանաբար խորհուրդների գինին են պահել:


Բեմն ամբողջովին քանդված էր, վերականգնեցինք  չափերով համապատասխան խաչքարերով՝ 9-13-րդ դդ.:

Չկար նաև ոտքը, 16-րդ դարի մի խաչակիր քարե բեկորով վերականգնեցինք, միասեռ զանգվածով քար պետք է դնեինք, դա պարտադիր էր:


Ասեմ նաև, որ 3-րդ փուլում քարասյուների վերնամասում քանդակել են ավանակի ու արմավենու ճյուղի պատկերները, սրանք Մուտք Երուսաղեմ տեսարանի սիմվոլներն են, բացի այդ՝ խորհրդանշում են Ծառզարդարը՝ Զատկից մեկ շաբաթ առաջ: Ուստի, ենթադրելի է, որ երրորդ փուլի ավարտը կամ վերաօծումը տեղի է ունեցել այդ տոնի օրը:

_Արցախյան ազատամարտի տարիներին ադրբեջանցիների հասցրած վնասն արդյոք մե՞ծ էր:
_Իհարկե, 2001-2003 թվականներին մեծ նավի քանդված մասը վերանորոգվել է, գոմի էին վերածել թուրքերը, բեմը քանդել էին, քարերը տարել էին, կրակ էին վառել, ամբողջը մուր էր... 2001-2003-ին Պարգև Սրբազանի ձեռամբ է վերաօծվել, բեմը, բեմահարթակը, 

ավազանը, սալահատակը, սեղանատան վերականգնումը ազատագրումից հետո է տեղի ունեցել, իբրև վերականգնման կնիք՝ ազատագրումից հետո պարզունակ խաչեր են դրել սյուների վրա:

Ունենք հայկական եկեղեցիներին ոչ այնքան բնորոշ որմնանկարների մնացորդներ, մասնագետներ են եկել ու նայել վերջերս: Որմնանկարները ձգվում են հյուսիսային ու արևմտյան պատերի մակերեսով, անգամ խորանի երկնակամարի միջին ու վերին հատվածներում են եղել ու բեմի մակերեսին, բայց թուրքերը հայհոյանքներ էին թողել այդտեղ, ուստի հարկադրված մաքրել ենք, մի նշան ենք միայն թողել՝ ռուսերենով գրված:

Որմնանկարները վաղ միջնադարում էին, քանի որ նկարների հենքը սյուների ետևում է, սիմվոլիզմը քրիստոնեական է, կամ Ս. Զինվոր է կամ հրեշտակ, մյուս ֆիգուրը՝ նախշազարդ փորուրարով է, միգուցե՝ հոգևոր դասից:

Նշեմ, որ կարմրի հետքեր կան որոշ զարդաքանդակներում, հավասարաթև խաչերի մի մասն էլ է կարմիր ներկված, 16-րդ դարում են ներկել, հավերժության նշանն էլ է ներկված: Դադիվանքում էլ ունենք ներկված հարդարանքի մասեր:




Ունենք վեցթևյան նշան՝ Դավիթ մարգարեի ու թագավորության սիմվոլը: Բացի այդ՝ մոգերին հուշող վեցաթև աստղը:

Հոգևորականների օրհնությամբ խաչեր են դրվել պատերին՝ որպես ուխտի նշան:




Եկեղեցուն կից կարելի է տեսնել շիրմաքարեր՝ ծայրագույն վարդապետական գավազաններով, մեկը՝ 1900-ականների, մյուսը՝ 1800-ականների թվագրությամբ:




Դրանցից մեկն օժտված է պատկերաքանդակներով են. 4 ֆիգուրներ են, մեկը՝ բուրվառը ձեռքին, հնարավոր է ՝մեկը երեխա է, կամ հանգուցյալներ են կամ երեկեղեցու սպասավորներ:

Սրանք էլ թոնիրներ են, որտեղ ժամանակին հայկական ավանդական լավաշ են թխել, զուգահավասար խորշեր կան, սրանք ծածկի տակ են եղել, ծածկի տակ են եղել գերեզմանաքարերը ևս: Ունենք նաև մատաղատուն՝ ուխտավորների համար:



_Հետաքրքիր է այն, որ եկեղեցու պատերը թե՛ ներսից, թե՛ դրսից պատված չեն մեր օրերի համար ցավալի երևույթ դարձած սիրային գրություններով, որոնց ներկանյութերը կամ բարդ է հեռացնել կամ էլ անհնարին:
­_Այստեղ շատ մարդիկ են գալիս, թե՛ արտասահմանցիներ, թե՛ Գորիսի Խնածախ, Բայանդուր գյուղերից, թե՛ տեղաբնակները: Մարդիկ բարեխիղճ վերաբերմունք են ցույց տալիս, մենք էլ ենք վերահսկում:
-Քանի՞ դուռ ունի եկեղեցին, ե՞րբ են տեղադրվել:
_4 դռներ են, 2002 թվականին են դրվել, գրեթե նույն մոտիվներով են, վարդյակներով են տարբերվում, նաև՝ խաչաթևերի ձևավորմամբ: Խաչքարերի մոտիվներով են արված, իսկ, ինչպես գիտենք, ոչ  մի խաչքար նույնությամբ մյուսին չի կրկնում:






_Սրանք էլ եկեղեցուն կից խաչքարեր են, բեկորներ...





Նմանատիպ խաչքարեր ու վաղմիջնադարյան կոթողների բեկորներ են առկա նաև եկեղեցու ներսում:







_Եկեղեցուն կից խաչքարերը երբևէ որևէ այլ վայր տեղափոխվե՞լ են:
_Ո՛չ, խաչքարեր չեն տարել. միայն՝ կարասներ, խեցեղեն:
 _Հայ և օտարազգի գիտնականներ հաճա՞խ են գալիս այստեղ:
_Այո՛, վերջին այցը մոտ 15 օր առաջ է եղել: 2 տարի առաջ ճապոնացի մասնագետներ եկան, 2 օրում լազերային տեխնոլոգիաներով ամբողջը չափագրեցին, զարմացել էին ճշգրիտ սեյսմիկ հաշվարկի վրա: Ժայռի թեքությանը համապատասխան են կառուցել, սեյսմիկ ապահովության տեսակետից անգամ կատարյալ է: 1600 տարի է անցել, եկեղեցուն ոչինչ չի եղել, սա բացառիկ է:
_Ինչի՞ կարիք ունի Ծիծեռնավանքը:
_Հովանավորներից մեկը հավանաբար կլուծի պարիսպների խնդիրը, ազատագրումից ի վեր՝ դարպաս ենք սարքել՝ պարսպանման, շարվածքներ ու նոր ամրացումներ ենք արել, սակայան ժամանակի ընթացքում արդեն սալիկների կարիք է զգացվում, որպեսզի անձրաջրերը չվնասեն:

_Ո՞րն է Ծիծեռնավանքի առեղծվածային ձգողականության գաղտնիքը:
_Աստծո առկայությունը, քարերը, սյուները, զորությունը ձգում է, հավատքն է հրաշք ծնում, հավատքն է տիրում այստեղ:



Աստված օրհնի Ծիծեռնավանքի անձնվեր պահապաններին և հոգևոր հովիվներին:



Комментариев нет:

Отправить комментарий