вторник, 8 мая 2012 г.

Նշանակալից միջոցառում Արցախի Մելիքատանը (հարցազրույց/ֆոտո)


Սույն թվականի մայիսի 7-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մելիքատուն հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ պաշտոնական բնույթ կրող կարևոր միջոցառում՝ նվիրված Մելիքատան հիմնադրման 5-րդ տարելիցին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ժնևի «Արմենիա» հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մարտիրոս Ժամկոչյանը, ԼՂՀ-ում համանուն հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մովսես Հովսեփյանը, Բերձորի հոգևոր հովիվ Հայր Աթանեսը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտյուշա Մխիթարյանը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, ինչպես նաև մի շարք լրագրողներ ու այլ հյուրեր:





Բացման արարողությանը ելույթ ունեցավ Մովսես Հովսեփյանը. «Արդեն մի քանի տարի է, ինչ Ժնևի «Արմենիա» հիմնադրամը Քաշաթաղի շրջանում ավերված պատմական հուշարձանների, շինությունների վերականգնողական, ազատամարտի արդյունքում լքված հայկական գյուղերի վերաբնակեցման, մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, աշխատատեղեր բացելու, զբոսաշրջության զարգացման ծրագրեր և աշխատանքներ է իրականացնում   (Տիգրանակերտ, Ծամձոր, Շուշի, Աղավնո ձորակ և այլն)՝  զերծ չմնալով իր մասնակցությունն ունենալու նաև ուսումնական ծրագրերում: Քանի որ Մելիքատունը պարբերաբար նվիրատվություններ է կատարում «Քաշաթաղ» բարեգործականին՝ այս անգամ ևս անմասն չմնաց:
Հաշվի առնելով վերաբնակեցման կարևորությունը՝ Մելիքատուն հյուրանոցային համալիրը նախաձեռնեց բարեգործական միջոցառում, որի արդյունքում
«Քաշաթաղ» բարեգործականին նվիրաբերեց  1. 000.000 դրամ.
միջոցառման մասնակից «Իզոտոպ-Դելտա» ՍՊԸ-ն՝  100.000 դրամ.
«Պրոտոն» ՓԲԸ-ն՝ 100.000 դրամ.
Սամվել Ալեքսանյանը՝ 300.000 դրամ
(ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված, ներկայիս պատգամավոր .նախընտրական PR-ին մասնակից չդառնալու համար՝ անունը հրապարակում ենք միայն այժմ)»:  

Իր խոսքն ասաց նաև Մարտիրոս Ժամկոչյանը. «Հիմնադրամն առավել մեծ ներդրումներ կաներ, պարզապես միջազգային ճգնաժամն է խնդիրը: Հիմնադրամն այնուհանդերձ ընդլայնելու է իր գործունեությունը, Մելիքատունը անցել է ինքնաֆինանսավորման, փորձելու ենք շատ ավելի մեծ թվով մարդկանց օգնել: Ներկա իշխանություններից սպասում ենք օժանդակություն, և մեր սպասելիքներն արդարեցված են: Ֆինանսավորելու ենք տեղական անասնապահությունը, հողագործությունը, համագործակցելու ենք և օգնելու ենք «Քաշաթաղ» բարեգործականին, «Համահայկական հիմնադրամին», ներդրումներ լինելու են: Տեսնում ենք Արցախի իշխանությունների պատրաստակությունը. Բակո Սահակյանը մեկ ամիս ու կես առաջ Ժնևում էր, հանդիպել է հիմնադրամի նախագահի հետ, քննարկել են ապագայի ծրագրերը: Ասեմ, որ ներկայումս մեր առաջնային խնդիրների շարքում է հսկիչ-անցագրային կետից մինչև Ծիծեռնավանքը տանող ճանապարհի բարեկարգումը (մոտ 15 կմ), որպեսզի մեքենաներն անվտանգ երթևեկեն: Կարևոր են նաև ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազի խնդիրները, որոնք ևս մեր ուշադրության կենտրոնում են: Սփյուռքը պետք է տեսնի, որ Արցախի բնակիչը կամ վերաբնակիչը կապված է իր հողի հետ, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն էլ վճռականորեն են տրամադրված»:

Իր երախտագիտության խոսքն ասաց Արտյուշա Մխիթարյանը. «Արցախի վարչապետը, վարչապետի օգնականը, վարչակազմը, նախագահը, բոլորն էլ ողջունում են ցանկացած քայլ՝ ուղղված վերաբնակեցմանը: Հոգաչափ շնորհակալ ենք թե՛ ընտանիքներ բերողներին, թե՛ նյութական աջակցություն ցույց տվողներին: Ամեն ինչով օժանդակում ենք, որպեսզի նորաբնակ ընտանիքները սկզբնական շրջանում կարողանան հարմարվել: Մեր հերոսներն իրենց արյունը չեն տվել, որպեսզի այս հողի վրա միայն մոշ ու ակացիա աճի, մեր հերոսների արյունն է թափվել, մենք պարտավոր ենք մինչև վերջին թիզը մշակել այս հողը: Գիտենալով այս տարածքի ռեսուրսներն ու հնարավորությունները ՝ կարող ենք ասել, որ մեր երկրի ապագան է, այն կարող է ժամանակի ընթացքում ճիշտ ծրագրերի ու ճիշտ քայլերի դեպքում կերակրել ոչ միայն տեղաբնակներին: Ժամանակի ընթացքում կարող ենք լուծել Արցախի պարենային անկախության խնդիրը: Նախկինում էլ 70-150.000-ի սահմաններում Մելիքատունը բազմիցս աջակցել է  «Քաշաթաղ» բարեգործականին: Շատ շնորհակալ ենք: Մեր բարեգործականը դեռևս մեծ հնարավորություններ չունի, սակայն մենք մյուս ծրագրերի հետ մեկտեղ նաև 10-20.000 դրամով աջակցում ենք խիստ կարիքավոր ընտանիքներին՝ հիմնականում երեխաներին դպրոցական պարագաներ գնելու նպատակով: Կրկին անգամ շնորհակալ ենք, հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի շատ երկար»:

Ռոբերտ Մաթևոսյանն էլ տեղեկացրեց վերաբնակեցման վերջին արդյունքների մասին. «Վերջերս վերաբնակեցման անկումը հաղթահարում ենք, աճ է նկատվում, 2 նոր դպրոց ենք վերաբացել՝ Հերիկի ու Ծոփաձորի, դա արել ենք անցյալ տարվա ընթացքում, չմոռանամ նաև Գետափի մասնաճյուղը: Տանձուտի, Գողթանիկի ու Արծվաշենի դպրոցները փակման եզրին էին, սակայն «Քաշաթաղ» բարեգործականի շնորհիվ խուսափեցինք փակումներից: Գողթանիկի 7 աշակերտը դարձավ 30 մեկ տարվա ընթացքում: Այս տարի՝ սեպտեմբերի 1-ին, որոշել ենք գործի դնել Կերենի միջնակարգ դպրոցը, որն առնվազն 15 աշակերտ պիտի ունենա: Բնակչությունը կտրուկ աճել է, վերաբնակեցումը տալիս է իր արդյունքները: Սպասվում են նորանոր նվաճումներ, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ այս տարածքները տալու ենք. դա բացառված է: Ամեն ինչ անելու ենք, հարկ լինի՝ մեր ընտանիքներից կտրված անքուն գիշերներ կանցկացնենք»:

Հյուրերն ակտիվորեն քննարկեցին այն հանգամանքը, որ դրսում ապրող հարազատներից հաճախակի են ստանում զանգեր՝ իբր հողերը ետ են տալու: Ներկաներից յուրաքանչյուրը հավաստիացրեց, որ Արցախի ցանկացած բնակիչ երբևէ չի մտածել ու չի մտածում այդ մասին, չենք զիջել ու չենք զիջում, մարդիկ այստեղ ապրում են, արարում են, շենացնում են հողը՝ բացարձակապես անտեսելով ադրբեջանցիների սպառնալիքները և վախի նշույլ անգամ չունենալով: 

1 комментарий: