вторник, 8 мая 2012 г.

Հողը մարդիկ են շենացնում. Արցախում նկատվում է բնակչության աճ (հարցազրույց/ֆոտո)


Պետությունը կայանում է իր բնակիչներով, հողը մարդիկ են շենացնում...վերջին շրջանում Արցախում նկատվում է բնակչության աճ, ինչին նպաստում են վերաբնակեցմանն ուղղված բազում ծրագրերը: Այս մասին զրուցեցի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:




_Վերաբնակիչ դառնալու համար ո՞ր հանգամանքներն եք դիտում՝ որպես առաջնային:
_Ցանկալի է երիտասարդ ընտանիք, երեխաների առկայություն, աշխատասիրություն, որը պատրաստ է ազատագրված տարածքներում ապրել, շենացնել հողը, արարել:




_Ի՞նչ պայմաններ եք առաջարկում:
_Հատկացնում ենք բնակվելու համար քիչ թե շատ համապատասխան տուն, հետագայում շինանյութեր տալու պայմանով, որպեսզի վերաբնակիչն իր ձեռքով վերանորոգի իր տունը:  Իր համար տուն սարքող վերաբնակիչը դառնում է լիարժեք բնակիչ, քանի որ սեփական ուժերով տունը վերանորոգելու պայմանը հատուկ է ստեղծվում. դա մտածված մարտավարություն է, որպեսզի մարդը կապվի իր հողի ու իր նոր ապաստարանի հետ, որի կառուցման մեջ իր ներդրումն է ունեցել: Հատկացնում ենք նաև միանվագ օգնության գումար՝ ընտանիքի սկզբնական նյութական ծախսերը հոգալու նպատակով, բացի այդ՝ բյուջետային վարկ՝  10 տարի ժամկետով: Նախկինում նշված գումարը թույլ էր տալիս 1-2 խոշոր եղջերավոր անասուն ձեռք բերել, սակայն այժմ անասունի գները թանկացել են, ուստի պետությունը պատրաստ է վերանայել գումարի չափը: Իրականացնում ենք նաև գույքի տեղափոխումը: Այս ամենը պետական ծրագրով է: Բացի այդ, մեր կողքին է միշտ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, որը նոր վերաբնակչին աջակցելու մեր ցանկացած դիմումին իսկույն արձագանքում է: Մինչև պետական արտոնություններ ստանալը, հիմնադրամն ընտանիքին սկզբնական շրջանում հատկացնում է  նյութական օգնություն:
_Վերաբնակչին ընդունելու վերջնական որոշման իրավասությունը պատկանում է Ձե՞զ:
_Այո՛, վերջնականը մեր որոշումն է: Վերաբնակիչը լսել է արտոնությունների մասին. վատ կյանքից լավ կյանք գնալու միտում ունի, սակայն նա չի պատկերացնում, որ այստեղ պետք է աշխատել, ստեղծել, եթե ես հասկանամ, որ գալով այստեղ՝ նա ավելի վատ նյութական վիճակում կհայտնվի, չենք ընդունի, քանի որ թվերի ետևից չենք ընկնում. պատասխանատվություն ենք կրում ամեն մի ընտանիքի համար: Հողն այստեղ բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար, ուստի հաշվի ենք առնում ընտանիքի աշխատունակությունն ու աշխատասիրությունը:
_Աշխատանքի խնդիրը ինչպե՞ս է լուծվում:
_Աշխատանքի խնդրի լուծումը հիմնականում մեր ուսերին է: Ունենք աշխատանքի և զբաղվածության բաժին, բացի այդ ես ունեմ մասնագետների ցանկ, որոնք պահանջարկ ունեն: Պետք է հաշվի առնենք, որ սա հիմնականում գյուղատնտեսության ու անասնապահության տեղանք է:
_Պահանջարկ ունեցող մասնագիտությունները ներկա դրությամբ որո՞նք են:
_Ուսուցչի և բուժանձնակազմի:
_Մոտ 2 ամիս առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որը պատմում էր սիրիահայերի՝ Քաշաթաղում վերաբնակեցվելու նպատակների մասին: Դա համապատասխանու՞մ է իրականությանը:
_Սիրիայից 6 ընտանիք, մինչև ներքին հուզումները, տեղափոխվել է Կովսական քաղաք: Դրանից հետո սպասում էինք, որ մեծ հոսք կլինի, քանզի իրավիճակը Սիրիայում սրվել էր: Կան խոսակցություններ, սակայն դեռևս կոնկրետ ընտանիքներ չեն դիմել վերաբնակեցման հարցով:
_Պարոն Մաթևոսյան, իսկ Դուք ե՞րբ եք տեղափոխվել Արցախ:
_Ես տեղափոխվել եմ Արցախ 1995 թվականին. 1988-ից շարժման մեջ եմ եղել, ակտիվորեն մասնակցել եմ: Երբ Աևցախում սկսվել էր վերաբնակեցումը, զգացի, որ անձամբ պետք է մասնակցեմ, ներքին զգացում էր: Այստեղ եմ հանդիպել ապագա կնոջս՝ Հասմիկին, 1997-ին ամուսնացել ենք, ընտանիք ենք կազմել, այժմ էլ ունեմ 3 երեխա, որոնք այստեղ են ծնվել և քաշաթաղցի են:
Փորձեցի մանրամասները ճշտել նաև ԼՂՀ-ում Ժնևի «Արմենիա» հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մովսես Հովսեփյանից:
_Պարոն Հովսեփյան, բավարա՞ր եք համարում վերջին շրջանում Քաշաթաղում վերաբնակեցման զանազան ծրագրերի իրականացման գործընթացը:
_Եթե համեմատականներ անցկացնենք 2003-2007 թթ և 2007-2012 թթ. –ի միջև, ապա անկումից հետո ազգաբնակչության թվի նշանակալից աճ կա, որն ինքնին խոսուն և անհերքելի փաստ է: Սա հաստատում է նաև վերաբնակեցման ծրագրերի կողմից կիրառվող ճիշտ մեթոդները: Վերջապես մարդկանց հոգեբանության մեջ վերջին շրջանում նկատվում է հաստատուն կամք, ցանկություն, ձևավորված մտածելակերպ, որ ազատագրված տարածքները մայր հողի մի մասնիկն են. դա էլ իր հերթին ի չիք է դարձնում Ադրբեջանի նկրտումները՝ կապված Արցախի բռնագրավման սին հույսերի հետ: Հավելեմ, որ այն ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը՝ իբր տարածքներ են վերադարձվելու Ադրբեջանին կամ տարածքների փոխզիջումների ծրագրեր են մշակվում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին կարող եք անձամբ  հարցնել ցանկացած վերաբնակչի: Ոչ մի քաշաթաղցի չի պատրաստվում լքել այս շրջանը. քաշաթաղցիների նշանաբաններից է՝ սա իմ հողն է, սա իմ տունն է, չեմ զիջի ոչ մեկին...

1 комментарий: