вторник, 15 мая 2012 г.

Ազատամարտիկ. Արցախի զարգացումն ավելի կարևոր է, քան ճանաչումը միջազգային հանրության կողմից (հարցազրույց)


Արցախում եղած օրերին ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ անկեղծ հայրենասեր, իմաստուն ու պարզապես հետաքրքիր մի անձնավորության հետ...Ռուբեն Հովսեփյանը 1968 թվականին բռնադատվել է՝ որպես Արցախի անկախության կողմնակից: Մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է զինագործ, ինչպես նաև մասնակցություն է ցուցաբերել պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերում: Պարոն Հովսեփյանը համաձայնեց պատասխանել իմ մի քանի հարցերին.



-Արցախյան հերոսամարտը հայի միասնական ուժի լավագույն դրսևորումներից է, մեր պատմության փառահեղ էջերից մեկը: Կասկած անգամ չկա, որ մենք հաղթել ենք, ի՞նչ եք կարծում՝ հաղթողի հոգեբանությունը ներկայումս տարբեր սերունդներին պատկանող հայերի շրջանում դեռ առկա՞ է:
_Արցախյան պատերազմը մեր պատմության թերևս ամենավառ էջերից է, ի վերջո կոտրվեց այն պատկերացումը՝ իբր հայը պետք է միշտ կոտորվի, միշտ հալածվի, հերոսամարտն ազգային ոգու զարթոնք էր, արդյունքն էլ եղավ հույսի ու հավատի ներշնչանք, անհավասար պայքարում հաղթելու հոգեբանության ամրապնդում: Ազատամարտն անշուշտ մեծ ոգևորություն առաջացրեց ողջ հայության մեջ, և տեղի ունեցավ կարևոր մի երևույթ. Ժողովրդի հավատի վերականգնումն իր ուժի ու իր հզորության նկատմամբ: Այժմ էլ, հաղթողի հոգեբանությունն առկա է՝ անկախ սերնդից ու սերնդափոխությունից, այն միշտ կմնա որպես դաս. թշնամուն պետք է ոչ թե ընդունել կամ պասիվ դիրք գրավել, այլ դիմագրավել ու հաղթել: 1915-ի կոտորածն այդ մասշտաբի չէր լինի, եթե բոլոր վայրերում առաջնորդվեին Վանի, Շապին-Գարահիսարի, Մուսա լեռան ինքնապաշտպանության օրինակներով, քանի որ չի կարելի երբեք գլուխ ծռել, միշտ էլ պայքարն իր արդյունքն է տալիս: Մինչև արյան վերջին կաթիլը պետք է պայքարել ու դիմակայել. Արցախյան ազատամարտը սա սովորեցրեց մեզ, ապացուցեց մեր ժողովրդի կենսունակությունն ու սեփական ուժերով հաղթանակի հասնելու հնարավորությունը:


_Հետաքրքիր է՝ ինչու՞ են հայերը տարիներ շարունակ թիրախ հանդիսացել ադրբեջանցիների ու ադրբեջանական քարոզչամեքենայի համար. պատճառը տարրական նախանձն է, թե՞...
_Առաջին հերթին ծագումնաբանությունն է պատճառը, ադրբեջանցիները նույնիսկ ազգ չեն, քոչվոր ցեղեր են, խաշնարած, իրենք չեն ստեղծել, ուրիշի ստեղծածով են ապրել, դրա ապացույցը Բաքվի պատմությունն է՝ արդյունաբերությունից սկսած մինչև ճարտարապետություն: Բաքվում նավթարդյունաբերության հիմնադիրներն ու զարգացնողը հայերն են եղել, բացի այդ եթե Բաքվում որևէ բարձրաճաշակ շենք տեսնեք կամ նշանավոր կոթող, դա հաստատապես հայ վարպետի աշխատանք է: Գենետիկորեն նրանք արարելու ունակություն չունեն հայերի նման, որոնք աշխարհի բոլոր երկրներում ստեղծում են, արարաում են, ադրբեջանցիների մոտ զարգացած է միայն ուրիշների կերտածը յուրացնելու հոգեբանությունը:
_Պատերազմի դաշտում հաղթելուց հետո դիվանագիտական հաղթանակներ Հայաստանը գրանցե՞լ է, իսկ  վերջին տարիներին մեր պետության որդեգրած արտաքին քաղաքականությունն Արցախյան հիմնախնդրի մասով գնահատում եք վատ, լավ, թե՞բավարար:
_Անբավարար եմ համարում, հաղթականի վրա նոր հաղթանակներ պետք է ձեռք բերվեին, հաղթանակն անգամ կիսատ մնաց, քանզի Աղդամը վերցնելուց հետո Կիրովաբադը վերցնելու դռները բաց էին, կարծում եմ՝ հետո հայկական զորքերը հաղթականորեն Բաքու էին շարժվելու, այդ դեպքում այսօր բանակցությունների խնդիր չէր լինի, միայն պետք է խնդրեին Բաքուն ետ տալ: Պատմությունը ցույց է տալիս, որ հաղթող կողմն է իր պայմանները թելադրում ու պարտադրում, այլ ոչ թե հակառակը:
_Իսկ ինչու՞ կասեցվեց հայկական զորքերի երթը դեպի Կիրովաբադ:
_Դա Մոսկովյան թելադրանքն էր...արհեստականորեն կասեցվեց: Մեր ուժերի հաղթական արշավն ակնհայտ էր. թե՛ զինվորներն էին հոգեբանորեն պատրաստ՝ նոր տարածքներ գրավելու, թե՛ ամեն պայման ունեինք: Ցավոք, այնպես ստացվեց, որ Ղարաբաղի ողջ տարածքն էլ չկարողացանք ազատագրել, ի նկատի ունեմ՝ Շահումյանը, Դաշտային Ղարաբաղը, Գետաշենը և այլն: Սա էլ է դաս մեզ համար, որ հաղթանակներից հետո դադար չտանք, ձգտենք նորերի:
_Վերջերս որոշ անհատների կողմից հնչում են քարոզներ՝ ադրբեջանցիների հետ շփումներ հաստատելու միտումներ ստեղծելու մասին...թշնամուդ պետք է լավ ճանաչես, բայց շփումը բավականին հարաբերական հասկացություն է, ի՞նչ աստիճանի շփումն եք համարում տեղին կամ նպատակահարմար, առհասարակ արժէ՞ շփվել:
_Դա կոմունիստական եղբայրության սին դաստիարակության հետևանքն է, թյուր դաստիարակության, մեր ժողովրդի ոգին կոտրելու միտում ունեն: Ոչ մի եղբայրության մասին խոսք լինել չի կարող, երբ գիտես՝ ով է դիմացինդ: Բաքվում կազմակերպված Եվրատեսիլ չգնալու որոշումը ճիշտ եմ համարում, բոյկոտելը միակ ճիշտ ճանապարհն էր: Մերձեցում ադրբեջանցիների հետ թե՛ հիմա, թե՛ ապագայում, ցանկացած քայլ՝ ուղղված դրան, համարում եմ ազգադավ գործունեություն, բացառում են նման բան:
_Ադրբեջանը կբավարարվի՞ բանակցությունների կլոր սեղանով:
_Ո՛չ, Ադրբեջանը երբեք անկեղծ չի նստի բանակցությունների. դրա վառ ապացույցը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի բանակցություններն են, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս, Ալիևն ավելի է սրում իրավիճակը: Ավելին, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ են տեղի ունենում ադրբեջանցիների կողմից, իսկ սահմանային վերջին կրակոցները... երբ երեխա են սպանում, շտապօգնության մեքենայի վրա են կրակում, ադրբեջանցի զինվորը կռվում է փաստացի հայ երեխաների դեմ, միջազգային օրենքներով անգամ նման բան գոյություն չունի, գերմանացիները չէին ռմբակոծում ո՛չ բանտերը, ո՛չ հիվանդանոցները...այս ամենն ապացուցում է, որ նրանք ունակ չեն՝ լուրջ բանակցություններ վարելու...
-Ադրբեջանը պետական մակարդակի վրա ու պետական ֆինանսավորման շնորհիվ իրականացնում է ապատեղեկատվության վրա հիմնված հակահայկական քարոզչություն. արժե՞ հակադարձել:
_Ադրբեջանը ձեռքը գցում է փրփուրներին՝ սկսած համացանցում իրեն հին ժողովուրդ ներկայացնելուց մինչև Արցախի սեփականացման փորձերը: Հակադարձելու միակ նպատակը պետք է լինի աշխարհին ցույց տալը, որ հակահայկական քարոզչությունն ի սկզբանե կեղծիք է: Այնուհանդերձ, պատասխանելու ձև կա, հայերը պետք է խոսեն չոր փաստերով: Մի լավ ասացվածք կա՝ շները հաչում են, բայց քարավանը գնում է դեպի Մեքքա: Մենք մեր գործի վրա պետք է կենտրոնանանք ու մինչև վերջ գնանք դեպի մեր նպատակը:
_ԼՂՀ մուտք գործող օտարերկրացիների համար Ադրբեջանի կողմից հորինված սև ցուցակը խոչնդոտու՞մ է ԼՂՀ-ում տուրիզմի զարգացմանը:
_Որոշ չափով խանգարում է, այստեղ էլ արդեն մեր ԶԼՄ-ները կարող են դեր խաղալ՝ քարոզելով այն գաղափարը, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինի ադրբեջանական բռնագրավված տարածք, դա հայկական հող է, ներկայիս հանրապետություն, որն ունի իր պետական համակարգը և ամեն-ամեն ինչ՝ ցանկացած զբոսաշրջիկի հետաքրքրելու համար: Արցախը միշտ էլ բաց թանգարան է յուրաքանչյուր օտարերկրացու համար:
_-Եթե շատ անկեղծ լինենք, հնարավո՞ր եք համարում ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից մոտ ապագայում:
_Այո՛, տեսնում եմ, սակայն հավատացե՛ք, որ դա այդքան էլ էական նշանակություն չունի: Շատ ավելի կարևոր է Արցախի բնակչության աճն ու տնտեսական զարգացումը, ինչին էլ քայլ առ քալլ հասնում ենք: Նույնը կարող եմ ասել տեղացիների անունից, այստեղ ո՛չ խոսում, ո՛չ հիշում են Ադրբեջանին: ԽՍՀՄ-ն մինչև 1936 թվականը չէին ճանաչում, սակայն դա չխանգարեց վերջինիս զարգացմանը: Եթե խորը նայենք հարցին, ապա ճանաչման խնդիրը որպես այդպիսին մենք լուծել ենք  90 տոկոսով, թող մտածի Ադրբեջանը, թող զիջումների գնա ադրբեջանցին...և այդպես էլ լինելու է:

3 комментария:

  1. Անի,ես համամիտ չեմ:Չի կարելի մի ամբողջության երկու կեսերից մեկը ստորադասել մյուսին:Կամ ,ավելի ճիշտ,վերնագիրը էնքան էլ չի արտահայտում ասվածի էությունը:)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Dzer iravunkn e xndir chka. Amen depkum zrucakics u es kar&um enk vernagir@ gisht e @ntrva& paron Sarumyan jan:)

      Удалить
    2. Եվ բացի այդ, այստեղ չկա ստորադասում, չեք ընկալել վերնագրի բուն նպատակը...կարող եմ միայն ասել, որ այն արդյունքը, ինչ սպասում էի վերնագրից, գրանցվել է...

      Удалить