суббота, 26 мая 2012 г.

Միջազգային նկարչական փառատոն ՀՀ-ում և Արցախում.«Հայկական ներկապնակ» (տեսանյութ)

«Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիում-փառատոնը եզակի էր իր տեսակի մեջ նաև այն առումով, որ ռուս ու բելառուս արվեստագետները ոտք դրեցին Արցախ՝ իրենց կտավներում Արցախը ներկայացնելով որպես հայկական հող՝ հայկական
պատմամշակութային հուշարձաններով և Անկախ Արցախի ժամանակակից շինություններով: Փառատոնը վերածնել է բացօթյա նկարչությունը Հայաստանում՝ սկսած 2010-ի նոյեմբերից: Փառատոնի շրջանակներում անցկացվել են հասարակության ու լրատվամիջոցների կողմից մեծ արձագանք գտած աննախադեպ ցուցահանդեսներ: Կատալոգները ես եմ հեղինակել ու քաջ գիտեմ, թե ովքեր են մասնակցել և ինչ թեմայով կտավներ են ներկայացվել փառատոնի ընթացքում: Այս նախաբանը ներկայացրի՝ հաշվի առնելով ադրբեջանական մամուլի բանսարկությունները՝ իբր փառատոնը կայացած չէ, վաղուց տապալվել է, ավելին՝ ռուս նկարիչները մասնակցություն չեն ցուցաբերել դրան: Հայ ընթերցողին հնարավորինս իրազեկելու նպատակով ներկայացնեմ, թե իրականում ինչպես է ամեն ինչ սկսվել:





Շուրջ կես դար առաջ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը ու շատ այլ կարկառուն արվեստագետներ երիտասարդ նկարիչների ու իրենց աշակերտների հետ պարբերաբար ստեղծագործում էին հայրենի բնության գրկում` ներշնչանք քաղելով անձեռակերտ բնապատկերից ու պատմական հուշարձաններից: 2010-ի հոկտեմբեր-նոյեմբերից ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության և ՙՓյունիկ՚ հիմնադրամի նախաձեռնությամբ  արդեն իսկ որոշակի վաստակ ու ճանաչում ունեցող հայազգի 12  նկարիչների մասնակցությամբ կազմակերպվեց նկարչական փառատոն, որը, ըստ էության, շուրջ 50 տարի առաջ գոյություն ունեցող ավանդույթի վերածնունդն էր: Սկզբում արվեստագետները ներկայացրին Լոռվա աշխարհը, ապա որոշեցին ուղևորվել Արցախ՝ այնտեղ ստեղծելով 100-ից ավել արժեքավոր կտավներ, որտեղից մեր առջև հառնում են Քարվաճառը, Թարթառի հովիտը` անդնդախոր ձորերով, Դրմբոն գյուղը, Սարսանգի ափը, Ծար բնակավայրը և տեղի եկեղեցին, Նոր Վերիշենին կից գտնվող մատուռը և շատ այլ հուշարձաններ: Կտավներում բազմիցս ներկայանում են Արցախի քարե խորհրդանիշներ հանդիսացող քանդակազարդ Գանձասարի ու Դադիվանքի համալիրները` տարբեր դիտակետերից ու տարբեր իմաստավորումներով: Ապա Արցախին հաջորդեցին Վայոց ձորը, Շիրակը և այլն: Փառատոնին մասնակից նկարիչների թիվը հետզհետե աճում էր: 2011 թվականի ամռանը մի խումբ ռուս և բելառուս արվեստագետներ ժամանեցին Երևան՝ «Հայկական ներկապնակ» փառատոնի շրջանակներում համատեղ ստեղծագործելով հայ նկարիչների հետ սկզբում Երևանում, ապա ուղևորվեցին Արցախ, ինչն էլ աննկատ չմնաց Ադրբեջանի իշխանությունների կողմից: Արցախում ռուս նկարիչներն արժանացան բարեհամբույր հյուրընկալության, շրջեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության պատմական վայրերում, ապա վերադառնալով՝ ներկայացրին իրենց կտավները Երևանի ցուցահանդեսում: Պայմանավորվածությանը համապատասխան՝ ռուս արվեստագետները պետք է համանման ցուցահանդես կազմակերպեին նաև Սանկտ-Պետերբուրգում, սակայն Ադրբեջանի լուրջ միջամտությունների արդյունքում կայանալիք ցուցահանդեսից հանվեցին Արցախը ներկայացնող կտավները: Բացի այդ, ադրբեջանցիները ռուսերեն ու անգլերեն լեզուներով հոդվածաշար են հրապարակում՝ համայն աշխարհին համոզելով՝ իբր ռուս նկարիչներն Արցախում չեն եղել, ոչ մի բան չեն նկարել, շատ դժգոհ են Երևանում իրենց ցուցաբերած ընդունելությունից, և այս ամենը՝ առաջին դեմքով, ուղիղ խոսքով՝ իբր ռուս արվեստագետների անունից: Այս ամենը հերքելու միակ ու առավել դյուրին միջոցը տեսագրությունն է, որը ներկայացնում եմ ստորև:






Комментариев нет:

Отправить комментарий