четверг, 19 июля 2012 г.

Արցախում ընտրություններ են. Ադրբեջանին մնում է միայն ապարդյուն զազրախոսել...


2012 թվականի հուլիսի 19-ին Արցախում արդեն 5-րդ անգամ ընտրելու են ԼՂՀ նախագահին: Ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.): Համաձայն սոցհարցումների տվյալների՝ սպասվում է գործող նախագահի հաղթանակը՝ շուրջ 70% ձայներով:





Իսկ Ադրբեջանը ճարահատյալ շարժվում է պարտվողին հատուկ հոգեբանությամբ: Սկզբնական շրջանում, երբ ադրբեջանցիները տեղեկացան Արցախում կայանալիք ընտրությունների մասին, միմիայն իրենց հատուկ, օդից որսած, անհիմն ու անհայտ վկայություններով սկսեցին հրապարակել՝ իբր ընտրություններ իրականում չեն լինելու, դա մեր՝ հայերիս կողմից կողմից հորինված հեքիաթ է՝ Ադրբեջանին վախեցնելու համար: Մեծ սիրով հայտնում եմ ադրբեջանցի կոլեգաներին, որ հայը թշնամում սպառնում է միայն մարտի դաշտում, դեմ առ դեմ, կամ էլ իր հայրենիքի սահմանները պաշտպանելիս. սին խոսքերով սեփական փոքրոգությունը կոծկելը բնորոշ է պատերազմում փաստացի պարտություն կրած Ադրբեջանին: Այսպիսով, շուտով հասկանալով, որ ԼՂՀ ընտրությունների մասին խոսակցությունները մեծ տարածում են գտնում, ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին՝ Արցախում կյանքն անտանելի է, բնակիչներ գրեթե չկան, բռնապետություն է, ուստի ընտրություններն էլ ձևական են լինելու: Հայկական հեռուստաալիքներն ու էլեկտրոնային լրատվամիջոցներն իրենց հերթին ի լուր աշխարհի ներկայացրին անհերքելի փաստ հանդիսացող տեսագրությունները, որտեղ պարզ երևում են Արցախի բարեկարգ փողոցները, ուսումնական, բնակելի, վարչական, առողջապահական և այլ նորակառույց հաստատությունները, ժպտացող, ընտրություններին իրենց քաղաքացիական պարտքը սիրով կատարել պատրաստվող բազում բնակիչների:


 Եվ ահա Ադրբեջանը լացակումած դիմեց եղբայրական Թուրքիային՝ ցանկացած հակահայկական քայլ ձեռնարկելու նպատակով: Թուրքերն էլ երկար չմտածեցին ու նորից ասպարեզ իջեցրին հին երգը՝ Արցախյան ընտրությունները միջազգային իրավունքի խախտում են, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և այլն և այլն: Սակայն անգամ այսքանից հետո Արցախ են ժամանել և ընտրությունների ընթացքին հետևելու են եվրոպական դիտորդական աննախադեպ մեծաքանակ խմբեր՝ Կանադայից, Ուրուգվայից, ՌԴ-ից ու շատ այլ պետություններից: Արցախում կլինի նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային։ Ադրբեջանցի լրագրողները զայրացած հիշեցրին սև ցուցակի մասին ու մի քանի նուրբ ակնարկով էլ խորհուրդ  տվեցին չմոռանալ՝ ախր Բաքուն դեռ նավթ ունի J



Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ Արցախում տիրող քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին դրական գնահատականներ հնչեցին ներկայումս Ստեփանակերտում գտնվող ՌԴ պատգամավորների կողմից: Մի քանի հակառուսական հրապարակումներից հետո հունից դուրս եկած ադրբեջանական մամուլը գործի դրեց իր վերջին՝ պահուստային տարբերակը. ադրբեջանցիները միահամուռ հայտարարեցին՝ չկա ԼՂՀ, չկա հանրապետություն, ուստի չկա ընտրություն: Արցախի չ-գոյության մասին հոդվածաշարերը զարդարեցին ադրբեջանական կայքերը, բայց արդեն շատ ուշ է: Հուլիսի 19-ն է J
Ադրբեջանն այս օրերին բացահայտ ձախողումներ է գրանցում տեղեկատվական պատերազմում: Արցախյան ընտրությունների մասին սեփական տեսակետս ներկայացնելու համար մեջբերեմ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի՝ բավականին դիպուկ, ըմբռնելի և իրատեսական խոսքերը. «Ղարաբաղի հասարակությունը համախմբված է: Մեզ համար կարևոր է ընտրությունների երևույթն այս երկրում, ոչ թե այն, թե ով կընտրվի: Երբ աշխարհում խոսում են Արցախի ընտրությունների մասին, Ադրբեջանն իրեն հոգեբանորեն ճնշված է զգում, քանի որ Արցախի ընտրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի պետություն, որը գործում է անկախ նրանից` մյուս պետություններն ընդունում են իրեն, թե ոչ»:


Արցախում եղած օրերին համոզվեցի, որ ԼՂՀ ցանկացած բնակիչ գիտակցում է իր քաղաքացիական պարտքի կարևորությունը, տեր է իր հողին, իր օջախին ու իր պետությանը՝ պատրաստ լինելով ցանկացած հարցում ազատորեն արտահայտելու իր տեսակետը, մտահոգությունը կամ գոհունակությունը: Արցախում չկա վախի ու ճնշվածության մթնոլորտ, այն զարգացում է ապրում: Չեմ կասկածում, որ ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ, իսկ ազատ ու արդար ընտրությունների կայացումն արդեն իսկ պետականության ցուցիչ է: Առաջ, Արցա՛խ...

Комментариев нет:

Отправить комментарий