пятница, 27 июля 2012 г.

Ինչու՞ են հայ աղջիկները ծխում...


«Ծխելը վնասակար է առողջությանը»...կարդում ենք ծխախոտի ցանկացած տուփի վրա, սակայն առողջապահության նախարարության զգուշացումները հայ տղամարդկանց երբևէ ետ չեն պահել օրվա մեջ հաճախ մի ամբողջ տուփ ծխախոտ օգտագործելուց: Շատ ավելի ցավալի երևույթ է, երբ դպրոցականները ծնողներից թաքուն, իրենց մոտ եղած վերջին գումարով ծխախոտ են գնում՝ շենքի շքամուտքում ընկերների հետ ծխելու նպատակով:


Վերջին ժամանակներում ակնհայտորեն ավելացել է երիտասարդ հայ աղջիկների թիվը, որոնք առօրյայում ծխախոտ են օգտագործում:  Ես սոցիոլոգ չեմ և հատուկ ուսումնասիրություններ չեմ արել, սակայն երբ երեկոյան ժամերին մտերիմներիս հետ որևէ տեղ գնում ենք սուրճ խմելու, գրեթե չկա մի սեղան, որի առջև ծխախոտը ձեռքին աղջիկ նստած չլինի: Չեմ դատապարտում որևէ մեկին ու չեմ փորձում քարոզ կարդալ: Բավական է միայն համացանցում եղած հոդվածները փորփրել, և պարզ կդառնան ծխախոտի վնասները կանացի օրգանիզմին:
Հետաքրքիր է՝ ինչու են հայ աղջիկները սկսել համատարած ծխել: Ավելի փոքր տարիքի աղջիկները, թերևս, նման կերպ ցանկանում են ցույց տալ, որ ինքնուրույն են, հասուն են ու կարող են անել այն, ինչ ուզում են: 21-րդ դարում ամեն ինչ հասանելի է, չկան սահմաններ ու սահմանափակումներ, չկան «չի կարելի»-ներ:
Ծխելու այլ պատճառներ էլ կան: Ես մի անգամ հարցի ինձ ծանոթ աղջիկներից մեկին՝ ինչու է սկսել ծխել, իսկ նա շատ հանգիստ պատասխանեց. «Դե իմ շրջապատում սկսեցին ծխել, մոտիկ ընկերուհիս էլ ծխեց, ես էլ ուզեցի փորձել»: Աղջիկների մի մասն էլ կպատասխանի. «Ծխող կանայք գայթակղիչ են տղամարդու համար, կինոներում եմ տեսել», սակայն հենց այդ նույն ֆիլմերն արտադրող Արևմուտքում վաղուց ընկրկել է ծխող աղջկան բնական երևույթ համարող միտումը: Հայկական միջավայրում էլ ծխող աղջիկների նկատմամբ հակասական վերաբերմունք կա: Ճանաչում եմ աղջիկների, որոնք իրենց սիրած տղամարդկանցից թաքցնում են, որ ծխում են: Հայ տղամարդկանց մի մասը ծխող կանանց մասին, կարծում եմ, կասի. «Ոչ մի վատ բան չեմ տեսնում, երբ աղջիկը ծխում է, ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչ անի», մյուս մասը՝ «հայ աղջկան սազական չի, եթե հայ աղջիկը ծխում է, ուրեմն լավ պահվածքի տեր չէ», անձամբ բազմիցս եմ լսել. «ընկերուհիս ծխում ա, բայց իմ խաթեր կթարգի, ես չեմ թողի, կջղայնանամ, էլ չի ծխի»:  Որոշներն էլ այն թյուր կարծիքի են՝ իբր ծխելն ազնվական կանանց է բնորոշ:
Հայ աղջիկների՝ ծխելու առաջնային պատճառներից մեկը, ըստ իս, մեր օրերի չափազանց լարված ու սթրեսային կյանքն է: Խորհրդային տարիներին կյանքն ավելի հանգիստ էր, համենայն դեպս այդպես են նկարագրում ծնողներս: Աղջիկն ավարտում էր դպրոցը, ընդունվում համալսարան, որից հետո քիչ թե շատ ապահովված էր աշխատանքով, իսկ աշխատելու ընթացքում էլ գտնում էր իր կեսին, ամուսնանում: Եվ եթե անգամ աղջիկը չէր կարողանում հարմար աշխատանք գտնել, ծնողները ֆինանսապես օգնում էին: Այժմ պատկերն այլ է. թե՛ դպրոցական, թե՛ բարձրագույն կրթությունը դարձել է թանկ հաճույք, բացի այդ ավարտելուց հետո չափազանց բարդ է աշխատանք գտնել: Հայ աղջիկների մեծ մասը հարկադրված է շատ վաղ ինքնուրույն կյանք մտնել, ինքնուրույն աշխատանք գտնել, շրջապատ ստեղծել, կրել պատասխանատվություն, պատանի հասակում տեսնել դժվարություններ, անկումներ, հուսախաբություններ: Կյանքը չափազանց արագ է զարգանում, առաջ գնում, և ժամանակակից հայ աղջիկը փորձում է քայլել կյանքին համընթաց՝ սեփական ուժերով որևէ բանի հասնելու նպատակով: Բացի այդ, 21-րդ դարը տեխնիկայի ու տեխնոլոգիայի, չոր հաշվարկների ու անձնական ամբիցիաների գերակայության շրջան է, բարդ է գտնել գրքերում նկարագրված անկեղծ ու մաքուր սեր և հարաբերություններ: Ահա այս ամենը յուրաքանչյուր հայ աղջկա կյանքի այս կամ այն ժամանակահատվածում սթրեսի ու լարվածության հիմք է հանդիսանում, դրա արդյունքն էլ հաճախ՝ ծխախոտի օգտագործումն է:
Այնուհանդերձ, փորձեք վարել առողջ ապրելակերպ, իսկ ծխելը փոխարինել ձեր բարին կամեցող մարդկանց հետ անցկացրած ժամանակով:

2 комментария:

  1. Ինչու՞ են, ոչ միայն հայ, ամբողև աաղջիկները ծխում ու ոչ միայն նրանք...

    Եվ ինչ կապ ունի առաջն ծխախոտը չափազանց լարված ու սթրեսային կյանքի հետ?

    ОтветитьУдалить
  2. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить