понедельник, 30 июля 2012 г.

Թե երբ ու ինչու ոչնչացվեցին հայ մշակույթի մի շարք հուշարձաններ...(ֆոտո/տեսանյութ/video)

Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, որն իրականում ծագել է պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք, Փայտակարան նահանգների, Նախիջևանի երկրամասի, իսկ մինչ Արցախյան հերոսամարտը նաև Սյունիք նահանգի Քաշաթաղ, Քաշունիք և Կովկասյան գավառների` Հայաստանից օտարման ու Ադրբեջանին բռնակցելու արդյունքում, իր կազմավորման առաջին տարիներից ի վեր հակահայկական քարոզչություն է ծավալում պետական մակարդակի վրա:



Հարկ է նշել կարևոր մի փաստ ևս. «Ադրբեջան» անվանումն անգամ ադրբեջանցիների հնարածը չէ. իրականում այն պատմական Իրանի «Ատրպատական» նահանգի անունն է, որը բառիս բուն իմաստով գողացվել է` ելնելով հեռուն գնացող քաղաքական նկրտումներից: Ադրբեջանցիների քայլերն ուղղված են գերազանցապես հայ մշակույթի և պատմության փաստերի խեղմանը, ինչի շնորհիվ Ադրբեջանը նպատակ է դրել միջազգային հանրությանը ներկայանալ` որպես դարավոր հարուստ պատմություն ունեցող բնիկ ժողովուրդ` հայերի ու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հանցանքները կոծկելով: 1960-ականներից սկսած` Ադրբեջանում, առանց որևէ հիմնավորումների, հայկական մի շարք կոթողներ ու խաչքարեր, որոնք միանշանակ տարբեր դարաշրջաններում ստեղծել են հայերը,  «աղվանական» անվանվեցին, իսկ ավելի վաղ` «ադրբեջանական» պիտակն են ստացել իրականում թյուրքական, քրդական ցեղերի, պարսիկ խաների, կովկասյան թաթարների կողմից կառուցված, առավել փոքր թիվ կազմող մզկիթները, ապարանքները, դամբարանները և այլն:

Հայկական և ընդհանրապես քրիստոնեական վանքերի ավիրումն Ադրբեջանում ծայր առավ 1920-1940-ականներին, իսկ 1950-1960-ականներին, երբ խորհրդային իշխանությունը հրաժարվել էր ամեն տեսակի  պաշտամունքային հուշարձանների դեմ իրականացվող պայքարից, Ադրբեջանում արդեն իսկ պետական հովանու ներքո նոր թափ առավ հայ միջնադարյան հուշարձանների ոչնչացումը: Ավելին, 1960-ականների վերջերից սկսած` ադրբեջանցի պատմաբանները, արվեստաբանները, ճարտարապետներն ու լրագրողները դարձան քաղաքական հատուկ պատվերով աշխատող կամակատարներ` միաձայն «աղվանական» հռչակելով մինչև 17-րդ դարը կառուցված հայկական բոլոր հուշարձանները (նկատի ունեն 4-րդ դարից ի վեր հայ առաքելադավան, սակայն 10-րդ դարից հետո պատմության թատերաբեմը լքած և այլևս որևէ սկզբնաղբյուրով չվկայվող աղվանական ցեղերին): Հայ մշակույթի կոթողների ոչնչացումն ու հայ պատմության փաստերի խեղաթյուրումն Ադրբեջանում շարունակվում է մինչ օրս, ավելին` գործընթացը վերաճել է հակահայկական քարոզչության պետական մակարդակի վրա, որը հովանավորվում և ֆինանսավորվում է ադրբեջանական պետական մարմինների կողմից: Ադրբեջանցիները սկսել են տեղեկատվական պատերազմ, որտեղ ներգրավված են առաջատար տեղեկատվական կայքերը, գիտական ու հանրամատչելի պարբերականները, թերթերը` մի խոսքով` զանգվածային լրատվամիջոցների բոլոր տարատեսակները: Հայ էթնոսի, հայ մշակույթի ու հայոց պատմության նկատմամբ ծրագրված ատելություն է սերմանվում Ադրբեջանի դպրոցներում ու ԲՈՒՀերում: Ադրբեջանի ախորժակն այնքան մեծ է, որ մի շարք ադրբեջանցի «գիտնականներ» բացարձակապես անհիմն թեզիս են հրապարակել ու շարունակում են հանդես գալ հոդվածներով, թե իբր Երևանն իրականում հիմնել են ադրբեջանցիները մ. թ. 17-րդ դարում:

Այնուհանդերձ, բոլոր փաստերը խոսում են` ի օգուտ մեզ` հայերիս, պարզապես դրանց մասին պետք է պարբերաբար բարձրաձայնել: Նշեմ մի քանի հուշարձանների մասին, որոնք ամբողջովին կամ մասամբ ավիրվել են ադրբեջանցիների կողմից.

ա. 1301 թվականին Ծար գյուղում հիմնված Գետամիջո հայկական վանքը, որը, համաձայն լուսանկարների, կանգուն է եղել մինչև 1950-ականները, այժմ հիմնահատակ քանդված է, ադրբեջանցիներն օգտագործել են դրա քարե բեկորները` որպես շինանյութ կից գյուղի տների համար

բ. Քաշաթաղի շրջանում Սիմեոն Լալազարյանցի միջոցներով 1867 թվականին կառուցված Որոտան գետի վրայի կամուրջը, որի վրայից բիրտ կերպով քերել են հայերենով գրված շինարարական արձանագրությունը

գ. Շամախու շրջանի Մեյսարու վանքը, որը պայթեցվել է ադրբեջանցիների կողմից 1978 թվականին, նաև Հյուսիսային Արցախի Գետաբնակ տեղանքի Ս. Սարգիս եկեղեցին, որը հաջողվել է լուսանկարել  1982 թվականի դեկտեմբերին անխնա քանդելու ընթացքում, և 1980-ականների ավարտին, երբ հիմնահատակ քանդել են

Պետք է շեշտել նշանակալից մի փաստ ևս. Ադրբեջանի պետական մարմինների հրահանգով Արցախյան ազատամարտի ընթացքում ադրբեջանցիներն ավիրել են նույնիսկ կարճ ժամանակով իրենց տնօրինության ներքո անցած հայկական տարածքներում տեղակայված հուշարձանները և նման անփառունակ գործերին մասնակից են եղել երկրի ռազմական ուժերը:

Չեմ կարող շրջանցել Նախիջևանի և Իրանի սահմանին մոտ գտնվող Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ավիրման իրողությունը, որը ցավ է ամեն մի հայի սրտին: (մանրամասն տես http://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%AD%D5%A1%D5%B9%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B8%D5%B9%D5%B6%D5%B9%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4): Դրանով Ադրբեջանը աններելի ու անդառնալի հացագործություն իրականացրեց համայն մարդկության ու համաշխարհային մշակույթի դեմ, որը շատ ավելի է, քան բարբարոսությունը: Խաչքարերի ավիրումը թույլ է տվել ադրբեջանցի գիտնականներին նոր թեզիս հորինել, որը բարձրաձայնվեց միջազգային հանրությանը սույն թվականի հունիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՈյում կայացած ցուցահանդեսի ժամանակ, երբ ադրբեջանական ապատեղեկատվության արդյունքում հանվեցին խաչքարերի մեծ մասին հայկական ինքնությունը վկայող ցուցանակները (մանրամասները տես http://blog.liberal.am/index.php/ani-margaryan/214-cross-art): Առանց փոփոխությունների ներկայացնում եմ այդ սին հայտարարությունը. «Նախիջևանի, ինչպես նաև Ղարաբաղի տարածքում ապրել են կովկասցի ալբանացիներ: Նրանք եղել են քրիստոնյաներ, ստեղծել են խաչքարեր, որոնք տարբերվում են հայկական խաչքարերից: Կովկասցի ալբանացիների գերեզմանոցը Նախիջևանում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մեր թվարկության 8-րդ դարի հնություն ունի: Ինչ վերաբերում է Նախիջեւանի հայկական գերեզմանոցին, ապա այն 19-րդ դարի երեւույթ է: Ադրբեջանցիները հայկական խաչքարեր չեն ոչնչացրել»: (մանրամասները տես http://www.azg.am/AM/2011070807)

Որքան էլ զարմանալի թվա, միջազգային հանրությունը, փաստորեն, հավատաց նման անհիմն զառանցանքներին, քանզի ցուցանակներն այդպես էլ չվերականգնվեցին, հայերից էլ ներողություն չխնդրեցին: Այսքանից հետո թող որևէ մեկը չհամարձակվի ասել, որ տեղեկատվական պատերազմից պետք է անմասն մնալ, քանի որ մենք բազում ներքին խնդիրներ ունենք: Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր վեհ նախնիներից մեզ ժառանգություն մնացած մշակույթին և թույլ չտանք հայոց պատմության ու հայ արվեստի փաստերի խեղաթյուրումը` մշտապես գործելով դիվանագիտորեն, մտածված ու խելամիտ` հանդես գալով պահանջատերի դիրքերից: Աստված առաջ:











Լինկեր

http://www.a1plus.am/am/social/2011/02/02/tiadez

http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=42240

http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=42240

Комментариев нет:

Отправить комментарий