суббота, 1 сентября 2012 г.

31.08.2012-մարդասպանի ազատումը, հայերի պատասխանը, ֆեյսբուքահայությունը, արևմտյան մամուլի արձագանքը


2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան հանձնեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին: Իհարկե, Ադրբեջանում էլ վերջինիս դիմավորեցին սուփրա-սեղանով, ազիկ-լրագրողները շտապեցին Ռամիլին իր ազգուտակի, ընկեր-բարեկամների հետ նկարելու, կայքերն էլ  լուսանկարներով լցնելու: Տոն է, տոն, մարդասպանին ազգային հերոս դարձրած Ադրբեջանում: Ամբոխը հավաքվել, իրար շնորհավորում, ծաղիկներ էին նվիրում, ասես Մուհամեդն էր վերևից իջել...


Թույլ տվեք ասել, որ անձամբ սպասում էի՝  Սաֆարովին Ադրբեջան կուղարկեն, լուրեր էին պտտվում դեռևս 3 ամիս առաջ, իսկ վերջին շաբաթների ընթացքում էլ ադրբեջանական ԶԼՄ-ները նկատելի աշխուժությամբ Հունգարիայի գովք էին անում: Ամեն դեպքում, չէի կարծում այսքան հանկարծակի կլիներ: Իհարկե, սա մասամբ մեր պարտությունն է դիվանագիտական ասպարեզում, մեղքի բաժին ունեն ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ն, պատկան մարմինները: Հատկապես երբ Գուրգեն Մարգարյանի փաստաբանն ու հունգարահայ համայնքի ներկայացուցիչները բազմիցս հայտնել էին ԱԳ նախարարություն Հունգարիայի ծրագրերի մասին: Սակայն ունենք այն, ինչ ունենք, ուստի ներկա դրությամբ խիստ անհրաժեշտ են սառը, հաշվարկված, պատասխանատու քայլեր: Հայկական մի շարք լրատվամիջոցներ դիմել էին Հունգարիայի արտաքին գործերի նախարարություն, այդ թվում՝ mediamax-ը, որտեղ հրաժարվել են բանավոր զրույցից: Մոտ մեկ ժամ անց armenpress-ի թղթակցին հաջողվել էր այնուհանդերձ պատասխանատվությոնից փախչող հունգարացիներից պատասխան կորզել: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), նշել է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական և վարչական գործընթացների համաձայն: «Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»: Մեղմ ասած՝ ծիծաղելի է...
Պարզ է՝ իրական պատճառներն այլ են, և նույն ժամանակ դրա մասին ազդարարում են հենց հունգարական պարբերականները: Դրանցից Figyelo-ն, վկայակոչելով Էկոնոմիկայի նախարարության աղբյուրը, գրում է. «Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել 2-3 մլրդ եվրոյի հունգարական միջնաժամկետ (2-3 տարվա մարման ժամկետով) պետպարտատոմսեր»: Օրեր առաջ, հունգարական portfolio.hu կայքը լուրեր էր տարածել. «Միջնորդի կարգավիճակով գործարքում ներգրավված է լինելու Թուրքիան: Գործարքը թույլ կտա մեծ պարտք ունեցող Հունգարիային վերաֆինանսավորել իր պարտավորությունները ԵՄ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ, ինչպես նաև ստեղծել բարենպաստ ֆոն՝ դրանցից հետագա ֆինանսավորում ստանալու համար»:
Ուստի, Հունգարիան ծախվեց, և դրանում զարմանալու ոչինչ չկա, քանի որ ամեն մի պետություն նախ մտածում է իր շահերի մասին, դիվանագիտությունն էլ մարդկային արժեքներ, ցավոք, չի ճանաչում...
Իհարկե, հունգարացիներին համայնական փնովելն էլ սխալ եմ համարում, քանի որ որոշումը պետությունն է կայացրել, բազմաթիվ հունգարացի օգտատերեր ներողություն են խնդրել հայերից սոցցանցերում՝ խոստովանելով, որ ամաչում են իրենց պետության քայլի համար: Ցավոք, սա ոչինչ արդեն չի փոխելու:
Եվ ահա, ՀՀ նախագահը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ էլ որոշվեց խզել կապերը Հունգարիայի հետ: Բացի այդ, մոտ 300 հոգի հայեր ցույց կազմակերպեցին Հունգարիայի դեսպանատան մոտ: Ակտիվ էին նաև հայկական համայքները՝ մասնավորապես ԱՄՆ հայկական համայնքը: Աննախադեպ ակտիվություն ցուցաբերեց ֆեյսբուքահայությունը. մի քանի ժամվա ընթացքում Գուրգեն Մարգարյանի՝ լոկ 1000 Like-երով էջն ունեցավ ավելի քան 10.000 հետևողներ, report-ի արդյունավետ հարձակումներ գրանցվեցին ադրբեջանցիների հակահայկական և Սաֆարովյան էջերի վրա: Օպերատիվ աշխատեցին հայկական տեղեկատվական կայքերն ու բլոգները:
Ադրբեջանցիները, ցավոք, նույն միասնականությամբ հանդես չեկան: Ընդդիմադիր ուժերն ու ադրբեջանցի մտավորականները դեմ դուրս եկան Ալիևի կողմից Սաֆարովին համաներում շնորհելու նախաձեռնությանը: Ադրբեջանական անազատ մամուլն անգամ հարկադրված եղավ արձանագրել այս ընդվզումներից գոնե մեկը: Ադրբեջանցի պրոֆեսոր Խանլար Ալիքպերովը գրում է. «Գերագույն դատարանի որոշմամբ` Սաֆարովը դատապարտվել է ոչ թե անազատության կոնկրետ ժամկետի այլ ցմահ բանտարկության: Հաշվի առնելով քրեական այդ պատժատեսակի առանձնահատկությունը եւ հանցագործության ծանրությունը, որի համար այն սահմանվում է, օրենքը սահմնել է նաեւ ցմահ բանտարկության դատապարտվածների ներման հատուկ կարգ: Այսպես` Ադրբեջանական Հանրապետության քրեական օրենսգրքի 82.3 հոդվածի համաձայն` ներման կարգով ցմահ բանտարկությունը կարող է փոխարինվել միայն ազատազրկման` մինչեւ 25 տարի ժամկետով»,- գրում է Ալիքպերովը` հավելելով, որ առավելագույնը, որ կարող է անել Ալիեւը` Սաֆարովի ցմահ բանտարկությունը փոխարինել 25 տարի ազատազրկմամբ: Բացի այդ` Ալիեւի հրահանգը` ազատ արձակել Սաֆարովին, հակասում է նաեւ ԱՀ նախագահի կողմից 2001 թվականի հուլիսի 18-ին հաստատված` Ներման մասին դրույթի 8.4 կետին, ըստ որի` ցմահ բանտարկության դատապարտվածին ներում շնորհելու հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ դատապարտվածը առնվազն 10 տարի արդեն կրել է իր պատիժը: Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել է 2006 թվականի ապրիլի 13-ին, հետեւաբար 10 տարուց քիչ է եղել է բանտում: Ցավոք, սա ոչ առաջին եւ ոչ էլ տասներորդ դեպքն է, երբ այսպես ցուցադրաբար հարվածի տակ են դնում Ադրբեջանական Հանրապետության նախագահին: Կասկած չկա, որ այդ նորմատիվ ակտը, որը հակասում է Սահմանադրությանը եւ երկրի այլ իրավական նորմատիվ ակտերի, լայն քննարկման առարկա կդառնա համաշխարհային ԶԼՄ-ների կողմից, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա երկրի վարկանիշի վրա»: Իսկ ահա Turan գործակալությունը մեկնաբանում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոպտորեն խախտել է Ադրբեջանի սահմանադրությունն ու այլ նորմատիվ ակտերը` ներում շնորհելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանորեն կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին»:
Չուշացավ նաև արևմտյան, նաև ռուսական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի հասցեին բացասական երանգներով համեմված արձագանքը: Ներկայացնում եմ լինկերը.

Րոպեներ առաջ էլ ԱՄՆ պետդապարտամենտը քննադատեց Հունգարիայի քայլը՝ http://www.state.gov/r/pa/prs/ps/2012/08/197250.htm#.UEEw66_oRWQ.facebook

Ներկայացնում եմ նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսնակի խոսքը.

WHITE HOUSE Statement on Ramil Safarov. Obama is "deeply concerned," "disappointment."

Statement by NSC Spokesman Tommy Vietor on Azerbaijan’s Decision to Pardon Ramil Safarov

President Obama is deeply concerned by today’s announcement that the President of Azerbaijan has pardoned Ramil Safarov following his return from Hungary. Safarov confessed to the murder of Armenian Army officer Gurgen Margaryan in Budapest in 2004, and was serving a life sentence in Hungary for this brutal crime. We are communicating to Azerbaijani authorities our disappointment about the decision to pardon Safarov. This action is contrary to ongoing efforts to reduce regional tensions and promote reconciliation. The United States is also requesting an explanation from Hungary regarding its decision to transfer Safarov to Azerbaijan.

Սա այն էր, ինչ հասցրել եմ հավաքել այս մեկ օրվա ընթացքում: Վաղը, կարծում եմ, Ադրբեջանին խիստ քննադատող լուրեր ավելի մեծ քանակով կլսենք: Լավ կլինի բոլորս ժամը 12:00-ին մեկ մարդու պես գնանք ցույցի Հունգարիայի դեսպանատան մոտ:  Այն, որ Սաֆարովն ազատության մեջ է, մեր դիվանագիտության բացթողումն է, սակայն կարող ենք լիովին օգտվել ստեղծված իրավիճակից, քանզի մեդալի մյուս կողմում մարդու իրավունքները կոպտորեն խախտող, սեփական երկրի օրենսդրությունը խախտող, քնած վիճակում հայ սպայի ազգային պատկանելության պատճառով կացնահարած մարդասպանին ազգային  հերոս հռչակած ու 30 տարի ազատազրկման փոխարեն ժամեր անց ազատ արձակած Սաֆարովյան Ադրբեջանն է, որը կրկին ցույց է տալիս իր իրական դեմքն աշխարհին և միջազգային հանրությանը: Մեզ պետք է ճկուն արտաքին քաղաքականություն: Հավատացե՛ք, Ադրբեջանը քաղելու է այս ամենի պտուղները, իսկ Սաֆարով կոչեցյալը իր կյանքում այսուհետ ոչ մի օր առանց վախի չի անցկացնելու...

3 комментария: