четверг, 16 августа 2012 г.

Ադրբեջանն «անհանգստանում» է մեր մասին՝ կրկին հիշատակելով Մեծամորը, միգուցե Բաքվի մասի՞ն մտածենք...


Ադրբեջանն իր վերջին հրապարակումներում հագել է Հայաստանի ու հայերի մասին խիստ մտահոգվողի դիմակը, որպեսզի աշխարհին փորձի քաղաքակիրթ ու խաղաղասեր երևալ, սակայն, ինչպես միշտ, ադրբեջանցիներն իրենց դերը լավ չեն խաղում...


Երեկվանից մեր հարևան երկրի մամուլը, հղում տալով հայկական ԶԼՄ-ներին, մեջբերում է հայազգի սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանի ասուլիսից հատվածներ, երբ վերջինս պարզապես կոչ էր անում ՀՀ պատկան մարմիններին առավել լուրջ վերաբերել սեյսմիկ ցնցումներին: Ադրբեջանցի լրագրողները, անշուշտ, նման անմեղ բովանդակությամբ հոդվածներ չէին հրապարակի...ցիտելով պարոն Բալասանյանին՝ ադրբեջանական մամուլն իբր հենց այնպես, ակամայից հիշում է օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժը, որի ցնցումները զգալի էին նաև Հայաստանում: Այնուհետև մեզ՝ հայերիս, «բարեկամաբար» կոչ է արվում ուշադրության կենտրոնում պահել Մեծամորի ԱԷԿ-ը, որը «բացահայտ վտանգ է Հայաստանի բնակիչների համար»: Ի դեպ, ադրբեջանցիները չէին խնայել իրենց թանկագին ժամանակը, փորփրել էին համացանցն ու դուրս գրել Մեծամորի ԱԷԿ-ի մասին բոլոր հնարավոր ու հասանելի տեղեկությունները, «ծաղկացրել» դրանք՝ Մեծամորը ներկայացնելով որպես գրեթե աշխարհի կործանման օրրան :) Եվ այս ամենը «հոգատար» հարևանի կեղծ մտահոգվածությամբ...

Դե մենք՝ հայերս էլ, ետ չմնանք մեր հարևանից, փորձենք ևս հոգատարություն ցուցաբերել: Եթե ադրբեջանցիներին այդքան շատ է դուր եկել Վլադիմիր Բալասանյանի ասուլիսը, ապա լավ կլիներ՝ այն մինչև վերջ լսեին ու ցիտեին: Այնուհանդերձ, հոգ չէ, սիրով կլրացնեմ այդ բացթողումը:

Պարոն Բալասանյանն ասել է. «Բաքվի նավթահորերի անխնա շահագործման հետևանքով ստորգետնյա տարածքներ են դատարկվում, որը կարող է հանգեցնել երկրաշարժերի: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր տարածաշրջանն առանց այդ էլ սեյսմիկ ռիսկային գոտի է` կարելի է ասել, որ Բաքվի կործանումը նման ճանապարհով ինչ-որ չափով հնարավոր է: Նավթահանումը Ադրբեջանում սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիների 30-ականներին և իրականացվում է մինչ այժմ: Ծավալները չեն մեծացել, դինամիկան նույնն է, բայց ընդհանուր դատարկությունը, բնականաբար, մեծացել է: Նավթահանման պրոբլեմը, որը կարող է բերել ուժեղ երկրաշարժի, լինելու է ոչ թե ընդհանուր տարածաշրջանում, այլ` տեղային...»:
Փաստորեն, Բաքվում նավթահանման նման ծավալները կարող են լուրջ խնդիրներ առաջ բերել: Չմոռանալով նաև այն, որ Բաքուն հայերն են կառուցել և զարգացրել, բարեկամաբար զգուշացնում ենք Ադրբեջանին՝ լուրջ մոտեցում ցուցաբերել նավթարդյունաբերության նկատմամբ, կրճատել դրա ծավալները :)
Հարկ է նշել նաև, որ Բաքվում ոչ ճիշտ նավթահանման մասին բազմիցս ահազանգել են համաշխարհային բնապահպանական կազմակերպությունները...
Չնայած, ինչպես տեսնում ենք, դժվար թե Ադրբեջանում ականջալուր լինեն մեր՝ հայերիս, անկեղծ հոգատարությանը, քանզի հենց նորին մեծություն նավթից ստացված գումարներով են պահվում հակահայկական քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ները: Ադրբեջանի գործն էլ գործ չի…:)


Комментариев нет:

Отправить комментарий