четверг, 16 августа 2012 г.

Սարգիս Թորոսյան. Էնվերից պատվոգիր ստացած հայ հերոսը, որն ըմբոստացավ Օսմանյան կայսրության դեմ...


«Չանաքկալեում մի հայ սպա կար` Սարգիս Թորոսյան: Նա Կեսարիայից էր: Հրետանու հրամանատար էր: Հակառակորդի մի քանի նավ էր խորտակել: Մարտերից մեկում ծանր վիրավորվել էր: Էնվեր փաշայից պատվոգիր էր ստացել: Լեյտենանտի կոչում ուներ, հասավ մինչև մայոր: Արժանացել էր նաև օսմանյան բանակի շքանշանի»,- գրում է Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի սյունակագիր Էնգին Արդըչը:


Վերջինս իր հոդվածում անդրադարձել է  այն փաստին, որ թուրքերի կողմից այդքան փառաբանվող Չանաքկալեի (Դարդանելի) հաղթական ճակատամարտում մասնակցություն են ունեցել նաև հայեր, հույներ, արաբներ, եզդիներ: Հոդվածագիրն ընդգծում է, որ այն ժամանակ, երբ Սարգիս Թորոսյանը Չանաքկալեում մարտնչում էր Թուրքիայի համար, նույն այդ օրերին` 1915թ. ամռան սկզբին, Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա ծնողներին:

«Իթթիհաթ վե Թերաքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցության առաջին դեմքը Թորոսյանին պատվոգիր էր ուղարկում, «Իթթիհաթ վե Թերաքի»-ի խուժանը նրա ընտանիքին էր կոտորում»,- նշում է հոդվածագիրը:

Այնուհետև հոդվածում պատմվում է, որ 1917թ. Սարգիսը վերադառնում տուն և ոչ մի կենդանի հարազատ չի գտնում: Նրանցից որևէ մեկին ողջ գտնելու հույսով մեկնում է Սիրիա: Այնտեղ էլ գտնում է կոտորածից մազապուրծ եղած քրոջը: Նա ըմբոստանում է Օսմանյան կայսրության դեմ, 1918-ի գարնանը միանում արաբ ամպստամբերին: Հետո Սարգիսը հալածյալ բազմաթիվ հայերի նման մեկնում և հաստատվում է Միացյալ Նահանգներում:

Սարգիս Թորոսյանի մասին պատմում են նաև Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ կայքեր. 

Կապիտան Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891թ. Էվերեկ քաղաքում, (հայաշատ բնակավայր Անգորայի նահանգի Կեսարիա գավառում) ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը: Սարգիսը զինվոր դառնալու մեծ ցանկություն ուներ: Սակայն Օսմանյան կայսրությունում մինչև 1908թ. սահմանադրությունը քրիստոնյաների համար զինվորական գործը խստիվ արգելված էր: Դպրոցն ավարտելուց հետո Սարգիս Թորոսյանն ընդունվում է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը, որտեղ ընկերանում է Մուհարրեմ անունով արաբ մի ուսանողի հետ, ով օսմանյան բանակի փաշայի որդի էր: Սարգիսի և Մուհարրեմի ընկերությունը շուտով վերաճում է բարեկամության, որի արդյունքում վերջինիս հայրը` ազդեցիկ փաշան, կազմակերպում է երկու տղաների ընդունելությունը ռազմական քոլեջ: Փաշայի պալատ մի քանի այցերից հետո` Սարգսի և Մուհարրեմի քրոջ` Ջամիլեի միջև սիրավեպ է սկսվում: 

Ավարտելով քոլեջը` 1914թ. Սարգիսն ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և երեք ամսով գործուղվում Գերմանիա: Թուրքիայի` պատերազմի մեջ մտնելուց առաջ Սարգիսը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը, իսկ Մուհարրեմը` Դարդանելի պաշտպանական ամրությունների հրամանատար, գեներալ Ջևադ փաշայի քարտուղար: 

Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թ. սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի (Չանաքկալեի) ճակատամարտում: Սարգիս Թորոսյանի հավատարմությամբ ու խիզախությամբ հիացած Ջևադ փաշան` վերջինիս ներկայացնում է Պատերազմի նախարար Էնվեր փաշային` ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ֆորտերը միակն էին, որոնց հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը: 

Ընդունելության ընթացքում նախարար Էնվեր փաշան Սարգիս Թորոսյանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին և գեներալ Ֆոն դեր Գոլցին` որպես «Դարդանելի հայ հերոսի»: Հանդիպման ընթացքում Էնվերն ու գերմանացի զինվորականները խորհրդակցում են Սարգիս Թորոսյանի հետ Չանաքկալեի ռազմաճակատում ստեղծված ռազմական իրադրության և պաշարված Կ.Պոլսում բրիտանացիների հաջողության հասնելու հնարավարությունների մասին: 

1915թ. սեպտեմբերի 29-ի առավոտյան Թորոսյանը հեռագիր է ստանում, որ Մուհարրեմը ծանր վիրավորվել է Դարդանելի համար մղած թեժ մարտերից մեկում և շտապում է տեսնել նրան: Մահից առաջ Մուհարրեմն ուշագրավ բացահայտում է անում իր քրոջ` Ջամիլեի ինքնության մասին, որի վերաբերյալ Ս. Թորոսյանի գրքում գրված է. «1896 թ. հայկական կոտորածի ժամանակ հայրս Մուշի մոտ տեղակայված բանակային ստորաբաժանման հրամանատարն էր: Նույնիսկ այդ ժամանակ նա շատ մտահոգ էր քրիստոնյաների նկատմամբ թուրքերի ունեցած վերաբերմունքից: Մի օր, անցնելով հայկական գյուղերից մեկի մոտով, հայրս տեսնում է հազիվ երկու տարեկան փոքրիկ մի աղջնակի, ով մոլորված քայլում էր ամայացած փողոցներում: Նրա ծնողների մասին ոչ մի տեղեկություն չկարողանալով գտնել` խղճահարությունից դրդված, հայրս իր հետ վերցրեց աղջկան ու տուն տարավ: Ի վերջո, նա ընդունվեց մեր ընտանիքում: Մայրս, ընդդիմանալով աղջկա ձախ ձեռքին արված խաչի պատկերով դաջվածքին, թթվային լուծույթով վերացրեց քրիստոնեական խորհրդանիշը` սպի թողնելով աղջկա ձեռքին»: 

1915թ. հունիսից, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին ու տարվեցին Դեր Զոր: Էվերեկի կայմակամ (շրջանի ղեկավար) Զեքին, նախքան տեղահանելն, առաջարկել էր Թորոսյանի ծնողներին իսլամ ընդունել և իրենց փոքր դստերը կնության տալ իր զարմիկին: Սակայն առաջարկը մերժվել է: Թորոսյանը փորձում է իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել թուրք բարձրաստիճան զինվորականներից, սակայն, փոխարենը վերջիններս Թորոսյանին սպանելու փորձ կատարեցին: Ավելի ուշ, թուրք սպաներից նա տեղեկանում է, որ Թալեաթ փաշան իր սիրուհիներից մեկի` Ֆահրիե Հումանի օգնությամբ ծրագրել էր թույնել իրեն, իսկ մարմինը` ծովը նետել: 

Որոշ ժամանակ անց` Թորոսյանը Պաղեստինում ենթարկվում է երկրորդ մահափորձին: Երիտթուրքերի հանդեպ ունեցած ատելությունը և ծնողների սպանությունը ստիպում են Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո: Իր խիզախության, ղեկավարելու բացառիկ ունակության և հմուտ հրամանատարության համար Թորոսյանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր պարգևների: Թորոսյանն արժանացել է նաև Օսմանյան կայսրության և Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգևներին: 

Արաբական անապատներից մեկում Թորոսյանը գտնում է իր քրոջը` Բայզարին, ով իր ընտանիքի անդամներից միակ վերապրողն էր: Սակայն, շուտով և՛ քույրը, և՛ Ջամիլեն մահանում են հիվանդություններից: Կիլիկիահայերի վերադարձից հետո Թորոսյանը մասնակցել է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անհաջող ավարտից հետո տեղափոխվում է ԱՄՆ` Փենսիլվանիա: 1927 թ. Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակել է իր հուշերը` «Դարդանելից Պաղեստին» վերնագրով: Հինգ ռազմաճակատներում ձեռք բերած փորձն ու իրազեկությունը հիմք են հանդիսանում կապիտան Թորոսյանի համար շարադրելու բացառիկ նշանակության ընդարձակ օրագիր: 

2 комментария: