воскресенье, 30 сентября 2012 г.

Ավստրալիան արձագանքել է. հիասթափություն՝ մարդասպանին հերոս հռչակած Ադրբեջանից...


Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը միացել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ միջազգային դատապարտմանը:


Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հայցի գրավոր պատասխանում նախարարությունը «հիասթափություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու մասին Ալիեւի որոշման կապակցությամբ»,- հայտնում է Ավստրալիայի հայերի armenia.com.au կայքը:

Նամակում նշված է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը եւ Ադրբեջանի գործողությունները կարող են վերջ դնել բանակցային գործընթացին, որն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:

«Ավստրալիայի կառավարությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կառավարությունը երկու կողմերին կոչ է անում մասնակցել երկխոսության միջոցով լուծում գտնելու գործընթացին»,- ասված է նամակում:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար  2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Комментариев нет:

Отправить комментарий