среда, 5 сентября 2012 г.

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին


 Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON) մամլո հաղորդագրություն է տարածել, որով պահանջ է դրվել մարդասպանին ետ ուղարկել պատիժը կրելու, գրավոր հարցեր են ուղղվել Հոլանդիայի արտգործնախարար պարոն Ռոզենթալին:
Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.


,,Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին խնդրելով դատապարտել Հունգարիայի որոշումը Ադրբեջանին արտահանձնելու ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Սաֆարովին: Միաժամանակ, ընդառաջելով այս դիմումին, Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ժոել Վորդեվինդը գրավոր հարցեր է ներկայացրել Հոլանդիայի արտգործնախարար պարոն Յուրի Ռոզենթալին, այս խնդրի վերաբերյալ:

2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացինով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նա Հունգարիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման: Հունգարիայի Արտահանձնումից հետո Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի և նրան ներում շնորհվեց նախագահական հրամանագրով: Նրան շնորհվեց նաև մայորի կոչում, ստացավ նոր բնակարան և հունգարական բանտում անցկացրած ութ տարվա կուտակված աշխատավարձը:

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը բացահայտորեն վստահեցրել էր, որ արտահանձնումից հետո Սաֆարովն իր պատիժը կշարունակի կրել իր երկրում: Հայաստանը համոզված է, որ այս հայտարարությունն անկեղծ չէ և կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հոլանդահայությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Հունգարիան Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին:

Հոլանդահայ Ֆեդերացիան դատապարտում է թե Հունգարիայի ատահանձման արարաքի և թե Ադրբեջանի կողմից ոճրագործին ներում շնորհելու դեմ: Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բորբոքում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը:

Հոլանդահայ Ֆեդերացիան կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովը դեռ իր պատիժը կրի: Սա միակ ճանապարհն է կասեցնելու լարվածության ուժեղացումը:

Հոլանդահայ Ֆեդերացիան այն կարծիքին է, որ մարդասպանի մեծարումը Ադրբեջանի կողմից հանդիսանում է անպատասխանատու սադրանք, իր մեջ պարունակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման վտանգը: Երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են անբարենպաստ պայմաններում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով: Սահմանային գոտում հաճախ խախտվում է զինադադարը:

Հոլանդահայ Ֆեդերացիան դիմում է Հոլանդիայի կառավարությանը, որպեսզի թե երկկողմանի և թե ԵՄ հարաբերությունների շրջանակում դատապարտել Հունգարիայի ձեռնարկած արտահանձնումը, ինչպես նաև Սաֆարովի մեծարումն Ադրբեջանում, և հետևողականորեն պնդել, որ Սաֆարովը պետք է շարունակի կրել իր պատիժը, ուր էլ որ լինի, գերադասաբար միջազգային վերահսկողության ներքո: Հոլանդահայ Ֆեդերացիան դիմել է նաև Հոլանդիայի արտգործնախարար Ռոզենթալին խնդրելով ամեն բան անել կանխելու հակամարտության հետագա սրումը,,:
Նաև ասվում է, որ վաղը'  սեպտեմբերի 6-ին տեղի կունենա բողոքի ցույց Հաագայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց, արտահայտելու դժգոհություն այս գործարքի նկատմամբ:
Dear Angel կազմակերպության մամուլի բաժին

Комментариев нет:

Отправить комментарий