четверг, 6 сентября 2012 г.

Свободная пресса. Ալիևի վարկանիշը ցածր է, հայկական բանակի ոգին՝ բարձր...


Свободная пресса պարբերականում հրապարակված հոդվածում Վիկտոր Սավենկովը գրել է, որ Հայաստանի ազգային ժողովը Կոսովոյի օրինակով մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծ: Այս քայլն արվել է ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին հայրենիք արտահանձնելու Հունգարիայի որոշումից հետո:


Հեղինակը հիշեցնում է, որ 2004-ի փետրվարի 19-ին Սաֆարովը կացնով գլխատել էր հայաստանցի իր քնած գործընկեր Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերենի դասընթացների: Հունգարիայի դատարանը հանցագործին դատապարտեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարում առանց ներման իրավունքի: Սակայն սույն թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովն անսպասելիորեն արտահանձնվեց հայրենիքին և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից: Ավելին` հաջորդ օրը Սաֆարովը մայորի կոչում ստացավ, իսկ բանտում անցկացրած տարիների համար երկրի ղեկավարությունը նրան բնակարան նվիրեց: Արդեն մարդասպանին Ադրբեջանի հերոսի կոչում շնորհելու կոչեր են հնչում: Աղմուկն ավելի է մեծանում, երբ մամուլում վարկած է շրջանառվում, որ սպայի արտահանձնման դիմաց Ադրբեջանը Հունգարիային խոստացել է 2-3 մլրդ դոլարով գնել այդ երկրի պետական պարտատոմսերը, որպեսզի օգնի նրան մարել պետական պարտքը:

Նախկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է տարածքային վեճը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին: 2011-ի հունիսի 26-ին անցկացված ռազմական շքերթում նա իրավիճակն անվանել է ադրբեջանական տարածքի 20%-ի օկուպացիա: նախագահի խոսքով` դա ժամանակավոր է և չի կարող հավերժ տևել:

Ըստ նրա` տարեցտարի ավելացվում է երկրի ռազմական բյուջեն և այն մեկուկես անգամ գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն:

Նա նաև ասել է, որ ինչ վերաբերում է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն` քանի որ ներկայումս Ալիևի վարկանիշն իր երկրում շատ ցածր է, նա համարում է, որ ռազմական փոքրիկ հաղթանակը կարող է վերականգնել հեղինակությունը: Կան նախանշաններ, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է խոսքից անցնել գործի: 

Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի բանակները ԽՍՀՄ-ի բանակի մասնիկներն են: Մենք երկու երկրների հետ էլ ռազմական ոլորտում ջերմ հարաբերություններ ունենք: Երկուսին էլ ռազմամթերք ենք վաճառում, եթե նրանք խնդրում են: 
Պետք է նշել նաև, որ պատերազմում հաղթանակը կախված է ոչ միայն զենքի որակից և քանակից, այլև` բանակի ոգուց: Ադրբեջանի և Հայաստանի զինվորների ոգին համեմատելու դեպքում պետք է խոստովանել, որ հայերի ոգին շատ ավելի բարձր է:

Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը` մի կողմից նա միակը կլինի, ով կանի դա: Մյուս կողմից` պարզապես դե յուրե կլինի այն, ինչն արդեն վաղուց կա դե ֆակտո:

Կարծում եմ` եթե ռազմական գործողություններ ծավալվեն, մենք մինչև վերջին պահը ոչ մի երկրի օգտին հանդես չենք գա:

Комментариев нет:

Отправить комментарий