пятница, 14 сентября 2012 г.

Ադրբեջան. Հայերը Սաֆարովի ազատմանը հակադրվում են Ստեփանակերտի օդանավակայանի բացմամբ...


Այսօր ադրբեջանական կայքերը կարճ հաղորդագրության տեսքով նյութեր է տարածում համացանցում՝ համաձայն որոնց հայերն իբր այլ միջոց չունենալով՝ որոշել են հակադրվել Սաֆարովի ազատմանը Արցախի՝ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանից չվերթներ իրականացնելով:


Ինչպես գիտենք, օդանավակայանն Ադրբեջանի թույլ տեղն է դարձել դեռևս այն ժամանակից ի վեր, երբ նոր էր կառուցվում: Սկզբում ադրբեջանցիները հոխորտացին՝ իբր կոչնչացնեն ցանկացած թռչող օբյեկտ, որը կժամանի կամ դուրս կգա Ստեփանակերտից, ապա եվրոպական կառույցների ճնշման ներքո ձայները կտրեցին:
Այս անգամ կրկին ու կրկին միևնույն մեկնաբանություններով հանդես է գալիս Մուբարիզ Ահմեդօղլուն, այս անգամ քննարկելով Դմիտրի Ադաբաշյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցը. «Չեմ կարծում՝ հայերը  վերջապես շահագործման ենթարկեն այդ օդանավակայանը, սակայն եթե անգամ դա անեն սեպտեմբերի վերջերին, ինչպես որ սպառնում են, ապա կփաստեն, որ այլևս տարբերակ չունեն հակադրվելու Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ մասնավորապես Սաֆարովի ազատման հանգամանքին: Հայերը մշտապես ճանապարհներ են փնտրում Ադրբեջանին վնասելու համար: Ասեմ, որ օդանավակայանի շահագործումը ոչ մի լավ արդյունքի չի հանգեցնելու...»:
Նշեմ, որ պարոն Ադաբաշյանը հերքել է, որ օդանավակայանի բացումն այս կամ այն կերպ առնչվում է մարդասպանի ազատման փաստի հետ: Իսկ ահա օդանավակայանը գործելու է՝ անկախ ամեն ինչից: Ադրբեջանն էլ, համոզված եմ, չի համարձակվի վնասել հայկական ինքնաթիռները, քանի որ վերջինիս միջազգային վարկանիշն արդեն իսկ բավականին ընկել է. Ադրբեջանին խիստ քննադատության են ենթարկել արևմտյան հեղինակավոր կառույցներն ու ազդեցիկ երկրները: Ուստի, առանց այն էլ սուր ու լարված պայմաններում Ադրբեջանն ի զորու չի լինի դիմելու նման կտրուկ քայլերի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին վնասելու մեր անհագուրդ ցանկությանը, ապա հիշեցնեմ մեր հարևաններին. Անկախ Արցախում ապրում են, արարարում են, բարգավաճում են՝ չհիշելով նույնիսկ «Ադրբեջան» անունը...

Комментариев нет:

Отправить комментарий