понедельник, 10 сентября 2012 г.

Ադրբեջանի համար շախմատի Օլիմպիադան չի վերջացել կամ էլ անհայտ արդյունքներով է ավարտվել...


Մեր շախմատի արքաների շնորհիվ երեկ հայկական հիմնը հնչեց, մեր եռագույնն էլ բարձրացավ Ստամբուլում: Այ այսպես են գրավում Ստամբուլը՝ վեհ, առանց խոսքերի, նպատակասլաց ու լայն ժպիտով J



Մեր թիմի մրցակիցները Հունգարիայի շախմատիստներն էին: Օլիմպիական չեմպիոնի կոչումին արժանանալու համար մեր հավաքականը անպայման պետք է հաղթեր մրցակիցներին: Խնդիր, որը բավական հեշտ լուծում ստացավ: Առաջինն իրենց պարտիաները ավարտեցին Պետեր Լեկո- Լևոն Արոնյան և Ֆերենց Բերկես-Գաբրել Սարգսյան զույգերը: Երկուսն էլ գրանցեցին ոչ ոքի արդյունք: Այնուհետև Սերգեյ Մովսիսյանը հիանալի հաղթանակ տոնեց Զոլտան Ամասիի նկատմամբ: Հուդիթ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան մրցավեճն նույնպես խաղաղ արդյունք ունեցավ, ինչի շնորհիվ Հայաստանը հաղթեց Հունգարիայի հավաքականին 2.5:1.5 հաշվով և ընդհանուր 19 միավորով հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
Ադրբեջանի հավաքականն ընդհանուր միավորների արդյունքում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Առհասարակ, սպորտն այնպիսի թեմա է, հատկապես Օլիմպիադան, որ ուզես-չուզես, որպես լրատվամիջոց պարտավոր ես հաղորդել արդյունքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը վաղուց ի վեր սեփական քաղաքացիներին, ինչպես նաև միջազգային հանրությանը հայերի և Հայաստանի հետ կապված ցանկացած տեղեկություն ներկայացնում է խեղաթյուրված, անհիմն, սուտ, հորինված տվյալներով, հաճախ՝ առանց փաստերի, զարմանալի չէ, որ նույնն անում է նույնիսկ սպորտի լուրեր ներկայացնելիս: Այնուհանդերձ, այս անգամ արդեն ադրբեջանցիներն առաջնորդվում են ոչ թե ապատեղեկատվության սկզբունքներով, այլ պարզապես չհաղորդելու, անտեսելու, այդ հայերի հաղթանակների վրա աչք փակելու ու դրանք շուտափույթ մոռանալու և մոռացության տալու սկզբունքով J
Այսպիսով, Ադրբեջանի ԶԼՄ-ներում ստացվում է համաշխարհային մակարդակով խիստ տարօրինակ պատկեր: Առաջատար կայքերի մեծ մասի համար շախմատի Օլիմպիադան ավարտված չէ, մյուսների համար արդյունքներն են անհայտ, իսկ կայքերից մեկն էլ «հանճարեղ» բան է մտածել: Ահա վերջինիս ներկայացրած տեղեկությունն ամբողջությամբ.
«Երկու ադրբեջանցի գրոստմաստերներ շահեցին անհատական մրցանակներ՝ համաձայն Ստամբուլում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի տվյալների: Երրորդ տախտակի մոտ լավագույն ցուցանիշ ուներ Շահրիյար Մամեդիարովը, որը հավաքեց 8.5 միավոր՝ առաջ անցնելով հայազգի Վլադիմիր Հակոբյանից: Բրոնզե մեդալը ստացավ Թեյմուր Ռաջաբակովը՝ 6.5 միավորով»:
Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս ավարտվեց Օլիմպիադան, ո՞վ է Օլիմպիական չեմպիոն, իսկ Արոնյա՞նը: Համայն աշխարհի սպորտային վերլուծաբանները հիմա փորները բռնած ծիծաղում են ադրբեջանական կայքերի անորակ ու թերի լրատվությունից, իսկ ԶԼՄ-ները, ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության հայելի են J
Ախր սպորտային վերլուծաբանները չգիտեն, որ Ադրբեջանը տանել չի կարողանում հայերին ու մրմռում է հայերի ցանկացած հաղթանակից: Ու քանի որ այս անգամ տարբերակ չկար հայկական հաղթանակը հայերի կողմից բանսարկություն ու սադրանք ներկայացնելու՝ Նորին մեծություն Ալիևի հրահանգների ներքո ադրբեջանական լրատվամիջոցները որոշել են չանդրադառնալ այս թեմային, անդրադառնալուց էլ անտեսել հայկական դրոշով առաջին հարթակին հպարտ կանգնած Լևոն Արոնյանին ու հայկական հիմնի ներքո ցնծացող մեր հավաքականին: Հայ օգտատերերին էլ խորհուրդ եմ տալիս չգրել ադրբեջանական կայքերի՝ Օլիմպիադայի մասին թերի լուրեր տեղադրած կայքերի նյութի տակ: Դրա փոխարեն պարզապես մեզանից յուրաքանչյուրը թող սոցցանցերում իր անձնական էջերում ունենա Օլիմպիադայի մրցանակաբաշխության տեսանյութը:
Իսկ Ադրբեջանի մամուլը հերթական անգամ ցույց տվեց իր թուլությունը, կամազուրկ վիճակն ու ազատ խոսքի բացակայությունը, քանզի սպորտային ու մշակութային անդրադարձներում հայկական առաջատար ԶԼՄ-ները մշտապես ստույգ տեղեկատվություն են հաղորդում՝ անկախ Ադրբեջանի կամ Թուրքիայի ներկայությունից ցանկացած մրցաշարում: Մենք վեհ ենք ու ավելի քաղաքակիրթ:

Комментариев нет:

Отправить комментарий