пятница, 21 сентября 2012 г.

Նոր սկանդալ. Hyatt Hotel Company-ն, Մարկ Հոպլամազյանը, թուրքերի ու ադրբեջանցիների բողոքը


Ադրբեջանական մամուլը փորձում է ամեն կերպ «հարամել» Հայաստանի անկախության օրը, սակայն նրա բոլոր փորձերն այս տարի շատ ավելի խղճուկ են՝ ի համեմատ 2011-ի, բացի այդ էլ դյուրին կերպով տապալվում են: Ավելին, հայ հաքերներն արդեն իսկ մի քանի ադրբեջանական կայք են կոտրել՝ տեղադրելով ՀՀ պետական խորհրդանիշներն ու օրհներգը:


Ինչևէ, ներկայացնեմ մեր աննամուս հարևանի ԶԼՄ կոչվածի հերթական սկանդալային հրապարակումներից մեկը: Առաջատար կայքերից մեկը գրում է. «Այսօր Ադրբեջանա-ամերիկյան խորհուրդը, ԱՄՆ-ի ադրբեջանական հասարակությունը, ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական միությունը, թուրք-ամերիկյան կազմակերպությունների ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել են Hyatt Hotels կազմակերպության ղեկավարությանը: Խնդիրն այն է, որ սույն կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Հոպլամազյանը միացել է Հայոց Ցեղասպանության ճանաչման քարոզչությանը: Թուրք-ադրբեջանական կազմակերպությունները պահանջում են բացատրել, թե որքանով է համապատասխանում Ստամբուլում և Բաքվում հյուրանոցային մեծ համալիրներ ունեցող Hyatt Hotel-ի էթիկայի նորմերին ու բիզնես-սկզբունքներին սեփական տնօրենի ակտիվ համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ատելություն քարոզող կազմակերպությունների հետ...»:

Քանի որ ադրբեջանական մամուլը սովոր է հնարավորինս սուղ տեղեկություններ տալ համանման բովանդակությամբ հրապարակումներում, փորձեցի ինքս պարզել՝ որն է բողոքի բուն պատճառը: Պարզվեց՝ խնդիրն այն էր, որ այսօր Ամերիկայի Հայկական համագումարի (ArmenianAssembly of America) պաշտոնական կայքում տեղադրվել էր կազմակերպության 40-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Hyatt Hotel-ի գործադիր տնօրեն Մարկ Հոպլամազյանի՝ խոսնակ լինելու մասին լուրը: Արարողությունը տեղի է ունենալու Լոս Անջելեսում վաղը՝ սեպտեմբերի 22-ին:

Բացի այդ, մեր հայրենակիցն աջակցում է ''Facing History and Ourselves'' ՀԿ-ին, որն էլ ակտիվորեն զբաղվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման քարոզչությամբ, հանդիսանում է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուն և վերջինիս ամառային դպրոցի հատուկ ծրագրի սաներից է: Նշեմ նաև, որ պարոն Հոպլամազյանը ճանաչված ու սիրված մասնագետ է իր ասպարեզում, ավարտել է Հարվարդի համալսարանը, այժմ համագործակցում է ամենատարբեր հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետ: Նրա էջը գտա նաև forbes.com կայքում:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, նոր սկանդալ է հասունանում: Դժվար թե թուրք-ադրբեջանական բողոքն օգուտ տա, քանի որ արդեն իսկ վաղը կայանալու է հանդիսավոր միջոցառումը: Իհարկե սխալ կլինի ժխտել այն փաստը, որ Hyatt Hotels-ը մեծ եկամուտ ունի հենց Ստամբուլի հյուրանոցներից, սակայն եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա Ստամբուլի հայերից յուրաքանչյուրը, ով ճանաչված է, գործարար է կամ հասարակական գործիչ և առնչություն է ունեցել ասենք Հրանտ Դինքի հետ, պետք է այս կամ այն կերպ պատասխանատվությու՞ն կրի դրա համար...Միանշանակ անտրամաբանական է: Սպասենք իրադարձությունների զարգացմանը

Комментариев нет:

Отправить комментарий