суббота, 6 октября 2012 г.

Ադրբեջանցիներն արդեն հաշվում են Արցախի՝ Քաշաթաղի վերաբնակիչներին...




Ադրբեջանցիները, հերթական անգամ տեղեկության հավաստի աղբյուր չունենալով, առանց որևէ ապացույցի ու հղումների, գրում են՝ Քաշաթաղում վերջին 5 տարիների ընթացքում բնակություն է հաստատել՝ վերաբնակեցվել է շուրջ 7000 հայ: Ադրբեջանական մամուլը չի մոռանում իհարկե նշել իրենց համար բավականին ցավոտ թեմայի՝ վերջին շրջանում սիրիահայերի վերաբնակեցման մասին:
Ներկա պահին նպատակահարմար չենք համարում ներկայացնել վերաբնակիչների թիվը: Իսկ ադրբեջանցիները թող գրեն այս թեմայով այն, ինչ ուզում են: Փոխարենը ներկայացնեմ Քաշաթաղի շրջանի մասին որոշ տեղեկություններ, քանի որ շատերը բավականին սուղ են տեղեկացված վերջինիս մասին:
Քաշաթաղը Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքով ամենամեծ շրջանն է. մակերեսը՝ 3,377 կմ², բնակչությունը՝ 9,763 մարդ (համաձայն 2005 թվականի տվյալների): Քաղաքներն են՝ Բերձորը (վարչական կենտրոն), Կովսականը, Միջնավանը: Շուրջ 94 բնակավայրերից 53-ն ունեն համայնքի կարգավիճակ: Շրջանը գտնվում է ԼՂՀ հարավ-արևմուտքում և ընդգրկում է Աղավնո գետի հովիտը (Բևեռաթափի լեռներից մինչև Արաքս) և Որոտանի ստորին հոսանքի ավազանը: Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսից՝ Շահումյանի (Քարվաճառի), արևելքից՝ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Հադրութի շրջաններին, հարավում Արաքս գետով սահմանակցում է Իրանին:
Քաշաթաղին բնորոշ է լեռնայինից մինչև մեղմ, հարթավայրային կլիման: Հարավային շրջանների պայմանները նպաստավոր են երկրագործության (հատկապես՝ հացահատկի, այգեգործական և մերձարևադարձային կուլտուրաների մշակման համար), հյուսիսայինը՝ առավելապես անասնապահության և մեղվաբուծության, ինչպես նաև զբոսաշրջության համար:
1992 թվականին Շուշին ու Բերձորն ազատագրելիս ազատագրվեցին նաև մեր պատմական հուշարձանները: Դրանք այս տարածքում հիմնականում պահպանվել են Քաշաթաղի հյուսիսային հովիտներում՝ Շալուա, Հոչանց, Աղավնո գետերի հովիտներում, հարավ-արևմուտքում՝ Որոտանի ափերին և ափամերձ սարալանջերին ու Ծավ գետի հովտում:
Այժմ Քաշաթաղի շրջանում պահպանվում են մոտ 3 տասնյակ վանք ու եկեղեցի՝ կանգուն, կիսավեր, կործանված, բազում տապանաքարեր, խաչքարեր՝ հայատառ արձանագրություններով, նախշազարդ, պատկերաքանդակներով, քարե կամարակապ կամուրջներ, բերդերի հետքեր, ճգնարան-քարանձավներ: 

Комментариев нет:

Отправить комментарий