четверг, 4 октября 2012 г.

Սիրիայի հայերը պաշտպանում են իրենց ընտանիքն ու իրենց օջախը (interview)

Սիրիայում տեղի ունեցող դեպքերի պատճառով բազմաթիվ սիրիահայեր այսօր ապաստան են գտել հայրենիքում՝ Հայաստանում: Ներկայացնում եմ սիրիահայերից մեկի՝ Արա Գումրուքյանի հետ անկեղծ զրույցը, որը մանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունենում Սիրիայում: Քանի որ հարցազրույցը նախատեսված է գերազանցապես հայաստանաբնակ հայերին ստույգ տեղեկություններ մատուցելու համար, ներկայացրել եմ արևելահայերեն տարբերակով:
Syria Armenian Diaspora Ara Gumrukian


-Ծնվել, մեծացել ու բնակվել եք Սիրիայու՞մ:
-Այո՛, մանկությունս ու պատանեկությունս Հալեպում են անցել:
_Երբևէ այս տարիների ընթացքում Սիրիայի բնակչության կողմից լուրջ դժգոհություններ իշխող վարչակազմի, նախագահի դեմ եղե՞լ են, ժողովուրդը դուրս է եկել ցույցերի՝ օրինակ սոցիալական ծանր պայմաններից դրդվա՞ծ:
_Չենք տեսել զանգվածային բողոքի ցույցեր, իրոք չենք տեսել: Ճիշտ է՝ մենք Ամերիկա չենք, իհարկե այդքան բարգավաճ չենք, Սիրիան իսլամական երկար է, բայց չի կարելի ասել, որ աղքատության մեջ ենք ապրում: Հայերին Բաշար ալ-Ասադը 40 տարի առաջ ու մինչ օրս շատ լավ է վերաբերել: Հայերին Սիրիայում սիրում են: Սիրիան 40 տարիների ընթացքում պատերազմների մեջ է եղել, ուստի վատ տնտեսական օրեր այնուհանդերձ տեսել ենք: Ամեն դեպքում, ամենամեծ պաշտոնյայից մինչև շարքային սիրիացին մեզ հարգում է: Ներկայումս մոտ 35.000 հայեր են ապրում Սիրիայում, մեկը մյուսիս ճանաչում է: Հալեպում 2-3 թաղամաս են հայաբնակ: Երգարվեստ, պարարվեստ, մշակույթի ցանկացած ճյուղ...նայե՛ք, հիմնադիրները կամ զարգացնողները հայեր են: Սիրիայի պաշտպանության նախարարներից մեկն էլ էր հայ:
_Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը:
_Եթե երազում էլ տեսնեի՝ Սիրիան ավերակ է, երբեք չէի հավատա: Այդքան պատերազմներից հետո Սիրիան կայուն ու կանգուն մնաց, բայց այսօր…Սիրիայի վրա միշտ էլ տնտեսական-քաղաքական ճնշումներ են եղել, բայց սա մեկ-երկու տարվա պատրաստություն չէ, սա 10 տարի մշակած դավադրություն է՝ իբր քաղաքացիական պատերազմ: Լիբիայի ու Եգիպտոսի թատրոնի սցենարը Սիրիայում նույնությամբ չի կրկնվում, պարզապես «ֆիլմի» ռեժիսորն ու պրոդյուսերն են նույնը: Հայ ժողովուրդը թող լավ իմանա, որ սա բեմադրություն է, սիրիացին սիրիացու դեմ չի պատերազմում: Սիրիան Միջերկրական ծովի ափին է, եթե Աստված չանի, Սիրիան էլ ընկնի, ուրեմն հաստատապես Միջին Արևելքը կկործանվի: Այս բոլոր դավադրություններն արվում են, որպեսզի Իսրայելին արաբական աշխարհը հանգիստ թողնի, Իսրայելն էլ ամրապնդի իր դիրքերը:
_Գո՞հ եք արդյոք նրանից, թե ինչպես է հայկական մամուլը լուսաբանում այս դեպքերը:
_Ոչ այնքան, շատ հաճախ եմ զարմանում, երբ օրինակ լրագրողը Սիրիայում չի ծնվել, չի մեծացել, այնտեղ չէ, չի տեսնում՝ բայց հորինում ու գրում է այս մասին:  Մի հոդված էլ կարդացել էի՝ իբր սիրիահայերը կողմ են ապստամբ կոչեցյալներին: Դա բացարձակապես այդպես չէ, ոչ մի ապացույց չկա: Աղվաններ, թուրքեր, ադրբեջանցիներ, չեչեններ են հայտնվում մեր թաղամասերում, նրանք վարձկաններ են, ուզում են կործանել մեր տները ու վնասել մեր ընտանիքներին, մենք՝ հայերս էլ, ինքնապաշտպանվում ենք: Հայերը Սիրիայի լիակատար քաղաքացիներ են, որոնք ունեն իրավունք և պարտավոր են պաշտպանել սեփական ունեցվածքն ու ընտանիքի անդամներին, յուրայիններին: Հայերը հանձնվողներից ու նահանջողներից չեն: Սակայն ասեմ նաև, որ Սիրիայի հայերը երբեք քաղաքական ընդվզումներին մասնակից չեն եղել, որևէ կերպ պատճառ ու առիթ չեն հանդիսացել արյունահեղության, կողմ են եղել խաղաղությանը, միշտ էլ պետության թիկունքին կանգնած են եղել:
_Այդ դեպքում ի՞նչ կասեք արևմտյան մամուլի հրապարակումների մասին:
_ Ռուսական ու տեղական՝ սիրիական լրատվամիջոցներն առավել իրական ու ստույգ տեղեկություններ են հաղորդում: Ներկա դրությամբ Al Jazeera-ն ու Al Arabian-ն ևս, ցավոք, արևմտյան մամուլի հետնորդներ են դարձել: Արևմտյան պարբերականները ներկայացնում են այնպես, ինչպես ձեռնտու է իրենց՝ խեղաթյուրելով ճշմարտությունը:
_Անսպասելի՞ սկսվեց պատերազմական գործողությունները: Պատրա՞ստ էին Սիրիայի ժողովուրդն ու Ասադը:
_Կարծում եմ՝ այդ պահին Սիրիան պատրաստ չէր: Պատերազմական գործողություններ սկսվեցին նախ հարավում ՝ 2011-ի մարտի 13-15-ը: Արևմուտքը շատ ստույգ էր ծրագրավորել՝ ապստամբության իմիտացիա ստեղծելով Լիբանանի, Իրաքի, Թուրքիայի, Հորդանանի սահմանին կից մեծ քաղաքներում, որպեսզի Սիրիան միանգամից թուլացնեն: Ասադն էլ, թերևս, չէր սպասում՝ դեպքերն այսքան կտրուկ կզարգանան: Պարզապես պատրաստված չէինք:
_Տարբերություն տեսնու՞մ եք Լիբիայի, Եգիպտոսի ու Սիրիայի դեպքերի միջև:
_Սիրիան քաղաքակրթությունն ավելի շատ է համտեսել: Եգիպտոսը չկարողացավ ըստ արժանվույն դիմադրել, Լիբիան՝ մասամբ, իսկ ահա Սիրիան մինչև վերջ էլ դիմադրել ու դիմադրում է, չի հանձնվելու: Այս ամենի ընթացքում հասկացա, որ մամուլն ու սոցցանցերը հզոր զենք են: Թահրիրի հրապարակը Հանրապետության հրապարակից մի քիչ է մեծ, իսկ արևմտյան մամուլը տարածել էր՝ իբր 1 միլիոնից ավել ցուցարար կա, որոնք վանկարկում էին՝ Մուբարաքին չենք ուզում: Բարի, այդ դեպքում ու՞մ եք ուզում, ասեք՝ ո՞վ փոխարինի նրան: Այս հարցին պատասխան չունեն…
 _Իրականությանը համապատասխանում են թուրքական կայքերի հոդվածները, որտեղ խոսվում է Սիրայի ժողովրդի՝ դեպի Թուրքիա զանգվածային փախուստի մասին:
_Մասամբ, բայց դրան նպաստում է նաև Թուրքիայի կեղտոտ քաղաքականությունը, որը սահմանները բացել ու սահմանային բնակավայրերի ժողովրդի շարքերում խուճապ է գցում՝ եկեք մեզ մոտ, ձեր երկրում պատերազմ է...այնպես է ներկայացնում՝ իբր ամեն ինչ արդեն ավարտված է Սիրիայի համար
_Եթե հետևենք արևմտյան մամուլին, ապա ստացվում է՝ Սիրիայում ընդդիմությունը խաղաղ ցույցեր է անցկացնում, ապա դիմադրում կառավարական ուժերին:
_Ի՞նչ ցույցեր, ի՞նչ ընդդիմություն: Խաղաղ ցույցերի անվան տակ համատարած գնդակահարում են մարդկանց, Սիրիայում երբևէ չի եղել խաղաղ ցույց կամ թեկուզ ընդդիմության խաղաղ ցույց: Մենք չենք տեսել այդ «ընդդիմությանը», միայն այլազգի, առավելապես՝ թուրք վարձկաններ են, որոնց հրահանգ է տրվել պարզապես կոտորել...
_Սոցցանցերում որոշ սիրիահայեր նշել էին, որ տեսել են ոչ թե ցուցարարների, այլ հիմնականում թուրքերենով խոսող զինյալների:
_Միանշանակ: Մենք տեսել ու լսել ենք հիմնականում թուրք զինյալների, որոնք ունակ չեն երկխոսության ու որևէ քաղաքակիրթ հաղորդակցման: Նրանք նպատակը խաղաղ բնակչության ու Ասադի կողմնակիցների ոչնչացումն  է:
_Փաստորեն, Սիրայում պարզապես բախվում են ԱՄՆ-Ռուսաստան պետական շահերը:
_Այո՛, բայց ինչպես նշեց վերջերս Ասադը, Ռուսաստանն ու Չինաստանը ոչ թե իր կողմ են, այլ ԱՄՆ-ի դեմ, այն քաղաքականության դեմ, որ ԱՄՆ-ն իրականացնում է արաբական երկրներում: Հիշե՛ք, Թուրքիայում, ԱՄՆ-ում շուտով ընտրություններ են, եթե Ասադը հաղթեց  այդ պայքարում, ուրեմն թե՛ Էրդողանը, թե՛ Օբաման թողնելու են իրենց աթոռը: Այնպես որ, Սիրիայի դեպքերի ընթացքից համաշխարհային մակարդակով շատ բան է կախված...
_Հալեպում խնդիրներ կա՞ն հոսանքի ու ջրի հետ:
_Այո՛, պարբերաբար լինում են այդ խնդիրները: Ահաբեկիչները հարվածում են հենց ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի համակարգերին, հետո լուրեր տարածելով՝ իբր Ասադի վարչակազմն է զրկում սեփական ժողովրդին գոյության միջոցներից: Ասեմ, որ այս հեքիաթներին մենք չենք հավատացել ու չենք հավատում:
_Սիրիահայերի զգալի մասը, համաձայն իմ ունեցած տեղեկությունների, ոչ թե հնարավորություն չունի լքելու Սիրիան, այլ պարզապես չի ուզում հեռանալ, թողնել իր օջախը, իր ծննդավայրը կամ բնակության վայրը:
_Հայերը իրենց զգում էն Սիրիայի լիիրավ քաղաքացի, նրանք՝ որպես իսկական քաղաքացիներ, իրոք պատրաստ են մինչև վերջին շունչը պաշտպանել իրենց հողը, իրենց բնակավայրերը: Ամեն դեպքում ասեմ, որ երբ գործարաններն ու մեծ խանութները թալանվեցին, նյութական հնարավորություն ունեցող սիրիահայերը, արյունահեղությունից խուսափելու ու թեկուզ ժամանակավորապես անվտանգ տեղ ապաստանելու համար, հատկապես երբ մեծ մասը տարրական զենքեր չունեին՝ ինքնապաշտպանվելու, ուղևորվեցին Հայաստան, իսկ ավելի չքավոր խավը որոշում կայացրեց մնալ տեղում ու պայքարել՝ այլ տարբերակ չունենալով: Կան սիրիահայեր, որոնք ժամանակավորապես եկել են Հայաստան, հենց վտանգը թեկուզ որոշ չափով անցնի, անպայման ետ են վերադառնալու:
_Եթե շատ անկեղծ լինեք, Երևանում ինչպե՞ս եք զգում Ձեզ, ինչպիսի՞ ընդունելության արժանացաք:
_Անկեղծ եմ ասում, ինձ շատ լավ եմ զգում այստեղ, զգում եմ հենց իմ հայրենիքում: Արաբներն իմ լավ հարևաններն են, իսկ հայերը իմ արյունն են, իմ ազգը, Երևանում քայլում ես, զգում ես՝ քոնն է: Սիրայում որքան էլ լավ լինի, որոշ չափով մեկուսացման զգացում կա, այնտեղ արաբերեն են խոսում շուրջդ, իսկ ահա այստեղ ամեն քայլափոխի հայերեն խոսք ես լսում: Կարող եմ ասել՝ մեծամասամբ լավ վերաբերմունքի ենք արժանացել Հայաստանում: Անշուշտ, ամեն տեղ էլ լավ ու վատ մարդ կա, բայց հիմնականում բարեհամբույր են վերաբերում՝ սկսած ՀՀ պետական կառույցներից մինչև հասարակ ժողովուրդը: Սիրիայի արաբները զարմանում են, երբ իմանում են՝ Հայաստանը հայկական անձնագիր է տրամադրում սիրիահայերին: Ինձ համար այնքան մեծ հպարտություն էր, երբ տեսա Դամասկոսում սիրիահայերը՝ մի կողմ դնելով վտանգը, պատերազմի ահն ու սարսափը, կրակոցների ներքո, հավաքվել էին Հունգարիայի դեսպանատան մոտ՝ Սաֆարովի արտահանձնման դեմ բողոքի ցույցի համար: Տա Աստված, պատերազմն ավարտվի, աղոթենք մեր հայրենակիցների ու առհասարակ աշխարհի խաղաղության համար...

Անի Մարգարյան բլոգ սիրիա հայ սիրիահայ

Комментариев нет:

Отправить комментарий