среда, 14 ноября 2012 г.

Սյունիքից Երեւան է տեղափոխվում 11 անշարժ հուշարձան...




Հանրապետության կառավարությունը ս.թ. սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» (N1169-Ա):
Հիմք ընդունելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը եւ Հայաստանի պատմության թանգարանում (ՀՀ անկախությանը նվիրված) ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով թույլատրվել է Երեւան տեղափոխել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ (համաձայն հավելվածի): Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Ինչպես գրում է syuniacyerkir.am-ը, ըստ այդ որոշման` տեղափոխվող պատմության եւ մշակույթի 63 անշարժ հուշարձանից 11-ը Սյունիքից է:
Ի՞նչ հուշարձաններ են Սյունիքից տեղափոխվում Երեւան:  Ահա` Հարժիսից` վիշապ, արձանիկ, դիմաքանդակ, եռադեմ քանդակ, արձանիկ, Բղենո Նորավանքից` Աստվածածնի պատկերաքանդակը, Վերիշենի Սբ Հռիփսիմե եկեղեցու բակից` խոյակ, Գորիսի երկրագիտական թանգարանի բակից` 16-17-րդ դարերի տապանաքար, Գորիսի Մաշտոցի փողոցի 3 հասցեից` երկու կտորից բաղկացած քանդակազարդ քար եւ հրեշտակի քանդակով քար, Անգեղակոթից` նորահայտ հուշարձան (անունը չի նշվում):
Ասենք անմիջապես` կառավարության այդ որոշումը մեծագույն տհաճությամբ ու կասկածանքով են ընդունել տեղերում: Նախ` որեւէ երաշխիք չկա, որ 2016-ին այդ հուշարձանները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրը: Այդպես մտածելու համար լուրջ պատճառներ կան: Տասնամյակներ շարունակ Սյունիքից տարել են պատմության եւ մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնք, ի վերջո, չեն վերադարձվել: Հիմա նույնիսկ չգիտենք, թե որտեղ են գտնվում դրանք: Չգիտենք նաեւ, թե տարիների ընթացքում ստույգ որքան եւ ինչ հուշարձաններ են տեղափոխվել երկրամասից:
Կառավարության խնդրահարույց որոշումն ընդունելիս վկայաբերվել է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը: Ի՞նչ է ասված նշված օրենքի նշված հոդվածում. «Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը… կատարել միայն բացառիկ դեպքերում»: Եվ ուրեմն ուզում ենք հարցնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` մի՞թե Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումն այն բացառիկ դեպքն է, ինչի համար այդքան անշարժ հուշարձաններ տեղափոխում եք մայրաքաղաք:
Իսկ նպատակահարմարությունը… Պատմության եւ մշակույթի հուշարձաններն իրենց նախնական տեղից տեղափոխելը, եթե օբյեկտիվ լինենք, տվյալ տարածքի պատմությունն աղավաղելու, պատմության աղբյուրագիտական հենքը թուլացնելու ամենառեալ ճանապարհն է: Անառարկելի է նաեւ իրողությունը, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական ու մշակութային նշանակությունը, երբ նախնական վայրից վերցնում եւ տեղադրում ենք (անգամ ցուցադրելու նպատակով) այլ վայրում:
Քիչ հասկանալի է նաեւ, թե ում եւ ինչ ենք ուզում ասել` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները Հայաստանի պատմության թանգարանում հավաքելով եւ սուրբգրքային հայտնի արտահայտությունը` «Քարերը ժողովելու ժամանակը» (բոլորովին այլ նպատակով եւ իմաստով ասված) այդ ցուցահանդեսին խորագիր դարձնելով: Արդյո՞ք դա չի արվում պարզագույն մի նպատակով` դրսից եկածներին ցույց տալ, թե ինչպիսի հարուստ անցյալ ունենք (եթե իսկապես դա է խնդիրը, ապա կարող ենք եւ լուծել առանց մարզերից հուշարձաններ հավաքելու):
Անկեղծ ասած` ՀՀ մշակույթի նախարարության քաղաքականությունը` պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում (թեկուզեւ Սյունիքի մարզի օրինակը հիմք ընդունելով) շատ վաղուց հետեւում է թողել ողջամտության սահմանը, եւ պատմամշակութային իրողությունների աղավաղումը Սյունիքում, կարելի է ասել, նոր փուլ է թեւակոխել: Մի քանի օրինակ` ահավասիկ: Մեղրու շրջանի երբեմնի Հիգերակ-Ագարակ գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցին ենք քանդում` տեղափոխման անվան տակ (մասնագետները մեզ համոզում են, որ այդ եկեղեցու տեղափոխումը` նախնական տեսքով, անհնարին է), ինչի նախագծային աշխատանքների համար 2012թ. պետբյուջեով 12 մլն դրամ է հատկացվել: 40 տարի շարունակ Կապանի գլխավոր սրբավայրում` Վահանավանքում, պեղումներ են կատարվել, եւ ոչ ոք չգիտի, թե մշակութային ինչ արժեքներ են այնտեղ հայտնաբերվել եւ որտեղ են դրանք գտնվում: Հնավայր եւ սրբավայր Զվարի վանքի անմիջական հարեւանությամբ երկրաբանական-հետախուզական աշխատանքներ են տարվում, իսկ Լիճքում համառորեն շրջանառվում է խոսակցություն, որ հանքավայրը շահագործելու դեպքում վանքը պիտի տեղափոխվի այլ վայր: Մազրայի տարածքում ոսկու հանքավայրի բաց արդյունահանման հեռանկարը (որի ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում) լինել-չլինելու խնդրի առջեւ է կանգնեցրել բազմաթիվ հուշարձաններ (Մազրայի դեռեւս կանգուն եկեղեցին, Մեծ հայրենականում զոհված մազրեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այդ գյուղի գերեզմանոցը, Կեմանց` ավերակված գյուղի գերեզմանոցն ու փլատակված եկեղեցին, Կապջուղա ավերակված գյուղի կամուրջը, երեք եկեղեցին եւ երկու գերեզմանատունը): Այս թվարկումները կարող ենք շարունակել, բայց…
Վերադառնանք կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N1169-Ա որոշմանը: Դա հավելյալ անգամ վկայում է, որ հանրապետությունում շարունակվում է ամեն ինչը Երեւանում կենտրոնացնելու արատավոր եւ ոչ ազգանպաստ քաղաքականությունը: Փոքրիկ մեր հանրապետության ծայրամասում գտնվող պատմական-մշակութային հուշարձանները, մարդկանց հասանելի եւ մատչելի դարձնելու փոխարեն, տեղափոխում ենք կենտրոն, իսկ հեռավոր մարզերը, համայնքները (որ հայ ժողովրդի բնօրրանն են) զրկում ենք պատմության երակներից եւ քարե տարեգրությունից:
Երեւան տեղափոխվող սյունիքյան հուշարձանների ցանկը, անկեղծ լինենք, ապշեցնող է: Երեւան է տեղափոխվում Բղենո Նորավանքի ութ պատկերաքանդակից մեկը, որը պատի մեջ դրված չէր: Մենք զլանում ենք մարդկանց ասել, որ Բղենո Նորավանքը` հենց միայն այդ պատկերաքանդակներով, հայ եկեղեցական ճարտարապետության մեջ անգերազանցելի երեւույթ է (զիջում է միայն Աղթամարի Սբ Խաչ եկեղեցուն): Մենք զլանում ենք Հայաստանի մշակույթով ու պատմությամբ հետաքրքրվողներին հրավիրել Սյունիք` Բղենո Նորավանք եւ ցույց տալ ճարտարապետական ու պատմամշակութային այդ հրաշքը եւ ասել, որ հենց այստեղ է 989թ. արարվել «Էջմիածնի ավետարանը»` փղոսկրյա բացառիկ կազմով ու նույնքան բացառիկ մանրանկարներով: Փոխարենը դրանք տեղափոխում ենք կենտրոն եւ Սյունիքի մասին դատողություններ անում հեռվից ու կարոտով, ինչպես անում ենք Նախիջեւանի, Ղարաբաղի դաշտային շրջանների մասին…
Ոչ պակաս անբարոյական է հեթանոսական մշակույթի բացառիկ հուշարձաններով ամբողջ Հայաստանում հայտնի Հարժիսի հանդեպ շարունակվող մշակութային քաղաքականությունը: Գյուղի ճանապարհները բարեկարգելու, ճանապարհը մինչեւ Որոտանի կիրճ հասցնելու եւ գյուղի տարածքի եզակի հուշարձանները մարդկանց ցույց տալու փոխարեն դրանք շարունակում ենք գողանալ (օրենքի ճանապարհով) եւ տանել կենտրոն: Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ապա տարիներ հետո Հարժիսը (պատմամշակութային հուշարձանների պահպանության առումով) դառնալու է Ջուղա եւ Ագուլիս… Դատեցեք ինքներդ` 60-ական թվականներից սկսած գյուղի տարածքից հանում են պատմամշակութային արժեքներ, գողանում խաչքարեր, քանդում գերեզմաններ: Հիմա էլ` կառավարության նշված որոշմամբ եւս հինգ հուշարձան են գյուղից հանում (Սյունիքից հանվող 11 հուշարձանից հինգը Հարժիսից է): Հարժիսի պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված վիճակին անդրադարձել ենք «Սյունյաց երկրի» 2011թ. մայիսի 14-ի համարում: Հրապարակման մեջ նշել էինք նաեւ, որ 1980-ական թվականներին Գորիսի շրջանի ղեկավարության հրահանգով Հարժիք հնավայրից գողացվել եւ Գորիսի պիոներ-դպրոցականների պալատի բակ է տեղափոխվել միջնադարյան խաչքար-գերեզմանաքարը: Հիմա այդ հուշարձանը գտնվում է Գորիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Սյունյաց թեմի առաջնորդարանը չպետք է հանդուրժի (հիշեցնում ենք կրկին), որ իր նախնական վայրից ապօրինաբար տեղահանված խաչքար-գերեզմանաքարը շարունակի հանգրվանել այնտեղ: Սյունյաց թեմի առաջնորդարանն այդ խաչքար-գերեզմանաքարը պետք է վերադարձնի Հարժիսի կիրճ` իր սկզբնական տեղը (մենք շարունակելու ենք հարցը պահել ուշադրության կենտրոնում): Մոտ մեկ տասնյակ հուշարձաններ էլ ժամանակին Հարժիսից տեղափոխել են Գորիսի երկրագիտական թանգարան (դրանց ճակատագիրը նույնպես քննարկման հարց է): Հարժիսից մշակութային արժեքներ են տեղափոխվել նաեւ 1987-ին` այնտեղ կատարված պեղումներից հետո, որոնց թվում է «սկյութական» տիպի բացառիկ նետասլաքը` ձուլված բրոնզից:
Ի՞նչ անել: Նախընտրելի տարբերակը կլիներ այն, որ ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարեր նշված որոշումը եւ հուշարձանները վերադարձներ իրենց նախնական տեղը: Իդեալական կլիներ, եթե մեր կառավարությունը մոտեցման, սկզբունքի վերանայում կատարեր` ուզո՞ւմ եք հաղորդվել Բղենո Նորավանքի պատկերաքանդակներին կամ Հարժիսի հեթանոսական հուշարձաններին, ապա այցելեք Բարձրավան եւ Հարժիս ու տեղում ծանոթացեք դրանց: Բայց մեր կառավարությունն այդքան ուժեղ չէ, որ իր իսկ ընդունած որոշումը չեղյալ հայտարարի: Մնում է, որ նշված համայնքները չմոռանան եւ հիշեն` տեղափոխված հուշարձանները 2016-ին պետք է վերադարձվեն: Ճիշտ կլիներ նաեւ, որ համայնքային իշխանությունները, համայնքային հանրաքվեով, արգելեին համայնքների վարչական տարածքից հուշարձանների տեղափոխումը` ինչ պատրվակով էլ դա փորձեին անել:
Սամվել Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий