среда, 7 ноября 2012 г.

Araksi Çetinyan. Արաքսի Չեթինյան. Թուրքիայի առաջին գեղեցկուհին...


Իմ լավ բարեկամ պարոն Հրանտ Սաֆարեանն ինձ մի հոդված էր ուղարկել թուրքական Hurriyet Daily-ից, որը, ճիշտ է, թարմ լուր չէ, սակայն, կարծում եմ` շատերին կհետաքրքրի
Turk Araksi Çetinyan Armenian contest beatuy


Նշածս հոդվածը պատմում է Թուրքիայում հանրապետական շրջանում տեղի ունեցած բարեփոխումների մասին, որոնք «ապահովեցին կնոջ առավել բարձր ու արժանի դերը հասարակության մեջ` որպես առաջընթացի ու դեպի առաջ միասնական շարժման բաղկացուցիչ մաս»: Նման գաղափարի վկայություն է բերվում գեղեցկության մրցույթների անցկացման ավանդույթի սկիզբը: Թղթակցին այս իրադարձությունները մանրամասնում է տվյալ ժամանակաշրջանի հասարակական խնդիրներով զբաղվող Ֆեզա Քյուրքջյուօղլուն. վերջինս հավաստիացնում է, որ գեղեցկության մրցույթի անցկացումը մուսուլմանական փակ ավանդապաշտ հասարակության շրջանակներում բավականին համարձակ քայլ էր, որն արժանացավ պարսավանքի ու սուր քննադատության: Մասնակցության համար 15-25 տարեկան աղջիկներին անհրաժեշտ էր պարզապես ուղարկել որոշ տեղեկություն իրենց մասին, ինչպես նաև 9 X 11 դիմանկար: Առաջին մրցույթները կայացան Cumhuriyet պարբերականի անմիջական կազմակերպման հետևանքով, որի հիմնադիր Յունուս Նադին, պատասխանելով քարկոծումներին, կոչ էր անում գեղեցկության մրցույթին վերաբերվել ասենք` ֆուտբոլային խաղի նման. միայն մի տարբերությամբ` աղջիկներն ավելի գրավիչ են: Հարկ է ասել, որ մրցույթի դափնեկիր աղջիկները որևէ մրցանակ չստացան. ընդհակառակը` գումարային աջակցություն էր ցուցաբերվում աղջիկների համար քվեարկող հանդիսատեսին. 50 լիրա ստանում էր առաջին տեղում հայտնված գեղեցկուհու համար քվեարկած անձը, 25 լիրա` երկրորդի: Ժյուրիի կազմում էին ժամանակի հայտնի նկարիչները, գրողներն ու լրագրողները: Այնուհանդերձ, հաղթողներն իրավունք էին ստանում Թուրքիայից դուրս գործունեություն ծավալելու, քանի որ նման նախաձեռնությունները մղված էին միմիայն Թուրքիան միջազգային ասպարեզում պատշաճ ներկայացնելուն: Առաջին մրցույթն անցկացվեց 1925 թվականին Ստամբուլի Բեյօղլու Էմեք թատրոնի շենքում,որի ժամանակ առաջին տեղը զբաղեցրեց հայ գեղեցկուհի Արաքսի Չեթինյանը: Նայելով հայ գեղուհու լուսանկարը` ակնհայտ է դառնում, որ նրա խոշոր ու թովիչ աչքերը, մեղմ ժպիտը և կանացիությունը չէր կարող անտարբեր թողնել թուրքերին` անգամ Հայոց Ցեղասպանությունից տարիներ անց: Սակայն անգամ այս փաստը թուրք հոդվածագրի կողմից ներկայացվում է հետևյալ կերպ. «Հաղթեց հայազգի թուրքը (an Armenian Turk-ինչն ինքնին անհեթեթ արտահայտություն է), որը սակայն ընկալվում էր` որպես Օսմանյան կայսրության քաղաքացի, այլ ոչ թե հայ»: Ապա հեղինակը կտրուկ անցում է կատարում երկրորդ գեղեցկության մրցույթին, որն անցկացվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հովանու ներքո. այս անգամ Չեթինյանը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ առաջին տեղում հայտնվել է թրքուհին` Ֆերիհա Թեվֆիքը, որը հաջողության է հասել նաև միջազգային ասպարեզում` ԱՄՆ-ում: Թուրքերը որքան էլ քաղաքակիրթ լինեն, նրանց նպատակը միմիայն սեփական ազգի գովերգումն է` շատ հաճախ ուռճացված. Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ մնացյալ պարբերությունները նվիրված են թուրք գեղեցկուհու մեծարմանը: Այնուամենայնիվ, սիրելի՛ հայեր, կարող ենք ևս մեկ անգամ հպարտանալ հայուհու գեղեցկությամբ ու հմայքով, որը գերել է անգամ մեր թշնամիներին...

Հ.Գ. Թուրքական մի շար բլոգներ թուրքերենով տեղադրել են Արաքսիի մասին նյութեր ու մի շարք արխիվային լուսանկարներ: Նորաձևությանը նվիրված թուրքական մի քանի կայքերում էլ կամ մտածված չեն նշել Ջեթինյանի մասին, կամ էլ պարզապես Ջեթինկանի նկարը ներկայացնում են հաջորդ տարվա հաղթող թրքուհու անվան ներքո: 

Turk Araksi Çetinyan Armenian



ani margaryan blog

Комментариев нет:

Отправить комментарий