вторник, 13 ноября 2012 г.

Անձրևոտ շաբաթ օր և Ցկյանս ուսումնառության՝ Սիրահարների այգում..


Շաբաթ օր…անձրև…մռայլ եղանակ…ընկերուհիների հետ զբոսնելու տրամադրություն: Բաղրամյան փողոցին կից Սիրահարների այգում նկատեցինք տաղավարներ, պաստառներ, պարի զգեստով փոքրիկների: Պարզվեց՝ բավականին ուշագրավ իրադարձություն է տեղի ունենում: Զբոսայգու մուտքի մոտից մինչև մետրոյի գետնանցում տեղավորված 8 տաղավարներում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կրթական տարբեր հաստատություններ և կազմակերպություններ ներկայացնում էին իրենց գործունեությունն ու դրա արդյունքները: Լավ էր՝ ձայնագրիչը պայուսակումս էր :)
ցկյանս ուսումնառության dvv international




Կազմակերպիչներից մեկը՝ պարոն Ավագյանը, մանրամասնեց. «Ցկյանս ուսումնառության…դա նշանակում է, որ կրթությունը սկսվում է ծնված րոպեից՝ մինչև կյանքի վերջին պահը: Հայաստանում կրթության, առավել ևս՝ մեծահասակների կրթության անհրաժեշտությունն ու կարևորությունը հետզհետե ընկալվում է: Մեզ մոտ կա լուրջ միտում՝ կրթության իրական արժեքը հասկանալու և օգտագործելու, քանի որ մարդն իր ամբողջ կյանքում ունի ուսումնառության ծարավ: Դեռևս ոչ բոլորն են պատրաստ վճարել ուսման համար, բայց շատերը գոնե ցանկանում են ժամանակ տրամադրել: Սրընթաց փոփոխվող կյանքի պայմաններում ցանկացած տարիքում սովորելը, զարգանալը՝ որպես մարդ, քաղաքացի, հասարակության անդամ, ունենալ նվաճումներ, ավելի քան անհրաժեշտ է: Մեր միջոցառումն էլ կոչված է ավելի զարգացնել ու խթանել այս դրական գործընթացը:

Կազմակերպիչը «Ցկեանս ուսումնառության» հայաստանյան լիգան է, որը ներառում է 12 հիմնադիր կազմակերպություն, իսկ հիմնական գաղափարական-ֆինանսական աջակիցը DVV International գերմանական կազմակերպությունն է: Վերջինս մասնագիտացված է հենց մեծահասակների կրթության բնագավառում, օգնում է ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլև աշխատում է աշխարհի գրեթե բոլոր անցումային շրջանում գտնվող, զարգացող երկրներում, տարածում մեծահասակների կրթության կարևորության գաղափարներն ու դնում դրանք առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա:
Առաջնային հիմնախնդիրն է մարդկանց ընկալումը, կարևորը՝ ուսման ցանկություն ունենալն է և ձգտումը: Բացի դպրոցից, քոլեջից, համալսարանից, լրացուցիչ-շարունակական կրթական ինստիտուտներն էլ պետք է որակյալ ուսում տան և պահանջարկ ունենան: Մարդը պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ իր վզին փաթաթում են՝ արդարանալով՝ շուկան սա է, սա ենք առաջարկում: 
Միջոցառման կազմակերպման մեջ չենք ներգրավել պետական մարմինների, քանի որ նորաստեղծ կառույց ենք, ձգտել ենք ինքնուրույնություն ցույց տալ, ապացուցել, որ ունակ ենք նման միջոցառում ի կատար ածելու: Արդեն մեր մյուս միջոցառումների ժամանակ պետական կառույցները ոչ միայն դիտորդի, այլև անմիջական աջակցի կամ մասնակցի դերում կլինեն: Մենք համագործակցում ենք, դրա փորձն ունենք:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա եթե ֆինանսական-տեխնիկական հնարավորություններ լինեն, սիրով ծրագրեր կիրականացնենք այնտեղ, փորձ դեռ չունենք, բայց դա մեր հետաքրքրությունների շրջանակում է,  քանի որ պոտենցիալ ունի»:
Առիթ ունեցա զրուցելու նաև «Մասնագիտական կրթության բարեփոխումների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ պարոն Պիպոյանի հետ: Նա բացատրեց, որ «մեծահասակների կրթություն» ասելով՝ բնավ պետք չէ նկատի ունենալ միայն ասենք 60 անց տարեց մարդկանց: « Խնդիրն այն է, որ Հայաստանում կարգավորված  չէ «մեծահասակների կրթություն» կոչվածը՝ անգամ՝ օրենսդրական առումով: Մեծահասակ համարվում են ոչ թե պատկառելի տարիքի անձինք, այլ ցանկացած գործատուի հետ աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող մարդիկ՝ անկախ տարիքից: Այս իմաստով երևան է գալիս մեկ այլ խնդիր՝ ինչպիսի կրթական ծրագիր ապահովել մի մարդու, որն ուզում է աշխատել, տալ նրան այնպիսի կարողություն ու հմտություն, որ ճկուն լինի արդի աշխատաշուկայում, որպեսզի կարողանա ապահովել գործատուի պահանջները, իսկ շուկան էլ պետք է ապահովի ուսում ստացողի պահանջները: Չմոռանանք անձնական նախաձեռնությամբ մասնավոր կամ անհատական դասընթացների մասին, որ պետական դիպլոմ չեն տալիս, ապա որտե՞ղ պետք է մարդը քննություն հանձնի և ապացուցի՝ լավ մասնագետ է: Այս հարցը ՀՀ-ում դեռևս բաց է: Պետական մարմինները, անշուշտ, պետք է ուշադրություն հատկացնեն: Գործընթացը կայացման ճանապարհին է, քանի որ մեր լիգան փորձում է համագործակցել ՀՀ Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, նաև՝ ԱԺ որոշ պատգամավորների հետ»,-հավելեց պարոն Պիպոյանը: 
Ասեմ, որ միջոցառումն իրոք հետաքրքիր և տարբերվող գաղափարների վրա էր հիմնված, ինչի շնորհիվ էլ հայտնվել էր անցորդների ուշադրության կենտրոնում: Մենք էլ ծանոթացանք տաղավարների առաջարկած ծրագրերին, մասնակցեցինք «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն ՀԿ»-ի խաղարկությանը՝ ուղղված Լոնդոնի դասընթացներին մասնակցելուն, վրձնահարվածների տեսքով մեր հետքը թողեցինք հայ-ֆրանսիական կազմակերպության տաղավարի «Միասնական նկարում», ապա «Թումո» կենտրոնի ներկայացրած ռոբոտի ձեռքից վերցրինք հատուկ պատրաստված բուկլետը…

Մի խոսքով, անձրևոտ ու տաղտկալի օրը բավականին հագեցած անցավ :)
Ձեռք բերված գրքերով ու բուկլետներով բեռնավորված՝ այգին լքելիս մի պահ մտածեցի՝ որակյալ կրթությունն է տալիս գիտակցություն և ինքնահաստատում, նաև ուժ՝ կյանքի մարտահրավերներին դիմակայելու, և այս պարագայում տարիքը դեր չի խաղում… Մեր օրերում, արագընթաց կյանքի դժվարին պայմաններում հերոսություն է, երբ ընտանիք ու երեխաներ ունեցող հայ մայրը որոշում է մասնագիտություն ստանալ ՝ հեռակա ուսուցմամբ՝ միաժամանակ հասցնելով հետևել երեխաներին, հոգ տանել ամուսնու մասին և միշտ թարմ տեսք ունենալ: Այսպիսի հայուհիներ կան, պարզապես պետք է տեսնել և գնահատել:

Комментариев нет:

Отправить комментарий