четверг, 6 декабря 2012 г.

Ինչու՞ բանակի դրական փոփոխությունների մասին չեն խոսում…


Լինենք առավելագույնս անկեղծ…
soldier armenian army armenia


Ցավալի է, բայց դեռևս մեր հասարակության լայն զանգվածները զինվորին ու զինվորական ծառայությունը պատկերացնում են խորհրդային շրջանի պատկերատիպով ու հնացած կարծրատիպերով: Եթե խոսեմ իմ անունից, ապա ընկերական շրջապատում, հատկապես երբ զրույցների ժամանակ գերակշռում են աղջիկները, «ծառայել» բառը համարվում է «դաժան պայմաններում երկու տարի անիմաստ կորցնելուն» համարժեք, և այստեղից էլ բխում են առօրյա սովորական դարձած խոսակցություններ՝ ինչ անել, որ ազատեն երեխային բանակից, ինչ անել, որ «լավ տեղ դասավորեն»: Արդյունքը հանգեցնում է նրան, որ չծառայելու պատրվակով ԲՈՒՀ-երում ասպիրանտուրայի տեղերը հաճախ աննպատակ զբաղեցնում են տղաները…
Նոյեմբերի 4-ին մի խումբ լրագրողների և վերլուծաբանների հետ առիթ ունեցա այցելել զորամասերից մեկը, ինչի արդյունքում անցկացրինք օգտակար, նոր գիտելիքներով, իրադարձություններով ու անմոռանալի պահերով լի օր: Եվ ամենակարևորը՝ ականատես եղա և հասկացա, որ սխալ պատկերացումներ եմ ունեցել: Զինվորների աչքերում զգացվում էր  բավականության և սեփական զբաղմունքից գոհ լինելու զգացումը. հրամանատարները, ի հեճուկս մեր թյուր պատկերացումների, ո՛չ ծեծում էին, ո՛չ բղավում, ո՛չ կոպիտ ու անհարիր վերաբերմունք ցուցաբերում շարքայինների նկատմամբ՝ այնուհանդերձ չլինելով նաև ջերմ ընկերական, քանի որ ի վերջո վերադաս են: Մեզ տարան կրակադաշտ՝ կրակել սովորեցնելու, այստեղ էլ պարզ դարձավ, որ մեր զինվորները նաև խելացի են, ունեն նպատակներ, սիրում են ծառայությունը, թշնամուց էլ վախ չունեն, միայն թե ծնողներին են կարոտում, բայց հասկանում են, որ տղամարդ են, ծառայությունն էլ՝ տղամարդու համար է: Այնուհետև առիթ ունեցանք տեսնելու զորամասի դասասենյակները, զրուցելու նորակոչիկների և որոշ հրամանատարների հետ, ապա նորակառույց ճաշարանում համտեսեցինք բավականին համեղ ուտեստներ: Սա ևս մի կարծրատիպի տապալում էր՝ իբր բանակում համատարած սով է, սնունդն էլ՝ անորակ: Անշուշտ, կան ցավալի բացառություններ (գոմեշի մսի պատմությունը…): Նշեմ նաև, որ կարգապահությունը բարձր մակարդակի վրա էր: Ակամայից հարց է ծագում՝ ինչու՞ դրական փոփոխությունները ԶԼՄ-ներում չեն քննարկվում ու հանրությանը ճիշտ մատուցվում…

Փոխգնդապետ Պետրոսյանը, որը մեզ ցույց տվեց ջերմ ընդունելություն, համաձայնեց պատասխանել իմ հարցերին.

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ առաջնային հիմնախնդիրներ կան մեր բանակում, որոնք հրատապ լուծում են պահանջում:
-Գլոբալ և լուրջ խնդիրներ չունենք, ռազմական բոլոր բնագավառներում հարցերի մեծ մասը լուծված են, այս հարցում մեր պաշտպանության նախարարն իր ներդրած լուման ունի: Հրատապ խնդիրներն արդեն լուծել ենք, կան իհարկե թերացումներ և բացթողումներ, բայց որտեղ կա աշխատանք, այնտեղ էլ այսպես թե այնպես կլինեն թերություններ, դրանցից անհնար է խուսափել, ծառայողական գործընթացի ժամանակ էլ շտկում ենք: Վստահ եմ՝ տեսակետս շատերը կկիսեն:
-Զիվորների սնունդը, հագուստը, պայմանները ապահովվա՞ծ են:
-Դուք հիմա ականատես եք, այստեղ փառք Աստծո չկա նմանատիպ խնդիր: 5 ամիս է, ինչ այստեղ եմ, մինչ այդ սահմանամերձ զորամասերում էի: Ջեռուցման, տեխնիկայի, զինամթերքի, հանդերձանքի խնդիրները լուծել ենք բոլոր զորամասերում:
-Աստված չանի, բայց եթե վաղը պատերազմ վերսկսվի, նորակոչիկներն ինքնակամ կգնա՞ն՝ հայրենիքը պաշտպանելու, թե՞ կնախընտրեն խուսափել նման պատասխանատվությունից:
-18 տարեկան հասուն հայ տղամարդը, նա հենց հասուն է ինձ համար, որը եկել է ծառայության և ինքնակամ հագել համազգեստը, պետք է միանշանակ պատրաստ լինի ցանկացած պահի պաշտպանելու հայրենի հողը, արյունը, պապերի գերեզմանը: Ես անձամբ համոզված եմ մեր տղաների կամքի ուժի և խիզախության վրա: Բայց չենք ուզում իհարկե, որ պատերազմ լինի, ազգին ու ժողովրդին, երկրին ցանկանում եմ խաղաղություն: Եթե որևէ դեպքում պետք է փամփուշտ կամ արկ կրակվի, ապա թող որ լինի միայն զորավարժարաններում՝ լոկ ուսուցողական նպատակներով:
Ի դեպ, չնայած ռազմական ոլորտում արդի մոտեցումներին՝ փոխգնդապետ Պետրոսյանը դժվարությամբ էր պատկերացնում հայ աղջկան՝ բանակում. «Ազգային մենթալիտետի խնդիր է, ախր ո՞նց հրաման տամ կնոջը, բայց դիպուկահար-կին ինչ-որ տեղ պատկերացնում եմ»:

Комментариев нет:

Отправить комментарий