суббота, 1 декабря 2012 г.

Բաքվի հայեր. մեր թու՞յլ, թե՞ ուժեղ կողմը (interview)


hrant melik baku armenians azeri azerbaijan armenia


Նոյեմբերից մեկնարկեց սեմինար-հանդիպումների ինքնատիպ մի ծրագիր, որի շնորհիվ լրագրողներ, վերլուծաբաններ ու հետաքրքրվող անձինք հնարավորություն ստացան նոր և կարևոր գիտելիքներ ձեռք բերել հայկական բանակի, Արցախյան ազատամարտի, Ադրբեջանի հակահայկական քարոզչության և դրան արժանի հակահարված տալու մեխանիզմների մասին: Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը և «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ-ն:
Հանդիպումներից մեկի հյուրն էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որը սիրով համաձայնեց պատասխանել իմ հարցերին:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, Ադրբեջանի հակահայկական քարոզչության առանցքային գործոններից է Բաքվի հայերի թեման, որը բազմիցս շահարկվել ու շահարկվում է մինչ օրս: Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական առաջատար կայքերում օտարալեզու նյութեր են հայտնվում այն մասին, թե իբր որքան երջանիկ է այս կամ այն Բաքվի հայը, նա իբր դեմ է «Հայաստանի կողմից Արցախը զավթելու ագրեսիվ գործողություններին և խաղաղություն է ուզում»: Մեծ քննարկումներ են ծավալվում Բաքվի հայերի՝ անգամ անձնագիր ստանալու կամ փոխելու սովորական դեպքերի շուրջ: Ի՞նչ կասեք այս խնդրի մասին…
-Համոզված եմ, որ Բաքվում մինչ օրս կան հայեր, և դա բնական է, քանի որ տարիներ շարունակ կողք կողքի ենք ապրել: Միգուցե շատերին տարօրինակ թվա, բայց ասեմ, որ ծագմամբ մաքուր ադրբեջանցիներ այժմ բնակվում են թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Նրանք առավել արդարացի են համարել Արցախյան հերոսամարտում հայկական կողմին և մնացել այստեղ, սակայն նրանք հասարակության կողմից հաճախ մերժված են: Նրանք անհատներ են և չեն ազդում հասարակության տրամադրվածության վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա բոլորս գիտենք, թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ՝ քաղաքագետ Արիֆ Յունուսովի մայրը հայ է, նրա դեմ օգտագործում են այս հանգամանքը՝ քաղաքականության շրջանակներում թուլացնելու և հարվածելու համար: Ի տարբերություն հայերի՝ Ադրբեջանն օգտագործում է Բաքվի հայերի գործոնը. հայալեզու կայքեր ստեղծելու համար ներկայացվող շարժառիթը հենց դա է, ցույց են տալիս՝ իբր դա նախ և առաջ Ադրբեջանի հայերի համար է, գրում են՝ իբր նրանք խնդիրներ չունեն, շատ են սիրում Ադրբեջանն ու ցանկանում են բնակվել այնտեղ: Սակայն օրեր առաջ Ադրբեջանի օդանավակայանից 3 օր բաց չէին թողնում Ղրղզստանի քաղաքացու, ազգությամբ՝ ադրբեջանցու, որը Հայաստան էր այցելել: Սա է Ադրբեջանի իրական դեմքը:
-Համաձայն ադրբեջանական մի շարք աղբյուրների՝ Բաքվի հայերի թիվը ներկայումս 50.000 է:
_Հստակ տեղեկատվություն չկա, որոշ ադրբեջանական ֆորումներում կարդացել եմ՝ 1000-2000, ես ավելի քան համոզված եմ, որ այդքան էլ չեն լինի: Նախ Ադրբեջանում ազգություն չի նշվում, հետո ամուսնությունից հետո շատերը փոխել են ազգանունները, հաշվարկելը պարզապես անհնար է: Թվերի կեղծման քաղաքականությունը լավ զարգացած է Ադրբեջանում, ուստի Ադրբեջանի կողմից ներկայացվող ցանկացած թվերի վրա հիմնվելն ավելի քան սխալ կլինի:
-Այնուհանդերձ, եթե հաշվի առնենք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ապա եթե իրենց հասու լիներ Բաքվի հայի լուսանկարը կամ այն տեսանյութը, որտեղ վերջինս գովում է Ադրբեջանը, բոլոր կայքերը կտարածեին դա: Քանի որ Բաքվի հայի հարցազրույցը ներկայացնող ցանկացած հոդվածում բացակայում է լուսանկար կամ անձնագրի տվյալներ, առավել ևս՝ կից տեսանյութ, ուստի չե՞ք կարծում, որ դրանք պարզապես մտացածին, կեղծ հարցազրույցներ են:
-Չեմ բացառում, բայց տեղի հայերի համար լուսանկարի հրապարակումը սպառնալիք է, նրանք ռիսկերի են ենթարկվում, չի կարելի բացառել նաև այն, որ այն ադրբեջանաբնակ հայերը, որոնք համաձայնել են հարցազրույց տալ, չեն ցանկացել հրապարակել սեփական անձը հաստատող տվյալներ:  Սումգայիթի, Բաքվի ջարդերի օրինակները թարմ են նրանց հիշողության մեջ, նրանք հաստատապես վախենում են իրենց հարևաններից: Չեն մոռացել, թե ինչպես այդ նույն ադրբեջանցի հարևանը սպանում էր իր կողքին բնակվող հային: Հայերը միանշանակ Ադրբեջանում թաքցնում են իրենց ազգային ինքնությունը:
-Կո՞ղմ եք, որ Բաքվի հայը ներկայացնի Հայաստանը այս կամ այն միջազգային մրցույթներում: Ինչպես հիշում ենք, Բաքվի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու հայտ էր ներկայացրել նաև ԱՄՆ-ում բնակվող, բայց Բաքվում ծնված ու մեծացած Լյուսիա Մունը: Նա աղմկահարույց հարցազրույց տվեց ադրբեջանական vesti.az-ին, որտեղ խոսեց նաև Արցախի մասին: Հարցազրույցը քաղաքականացվել էր, որի պատճառով էլ մի շարք հայեր ընկալում էին երգչուհուն՝ որպես ազգի թշնամի: Մենք ո՞ւնակ ենք Բաքվի հայի գործոնը ճիշտ ներկայացնել և հօգուտ մեզ:
-Անշուշտ, ունակ ենք, պետք է հստակ քաղաքականություն մշակել՝ օգտագործելով թեկուզ այն հանգամանքը, որ Բաքվի հայերը հարկադրված են թաքցնել իրենց ազգային պատկանելությունը: Առհասարակ դեմ եմ շոու-բիզնեսի մարդկանց գործողություններին քաղաքական աստառ տալ, այդ մարդիկ պատրաստ չեն խոսելու ազգային-քաղաքական նմանօրինակ դիրքորոշումներից: Եվրատեսիլն այն միջոցառումն էր, որ պետք է ըստ էության լիներ ապաքաղաքական, սակայն Բաքուն ցեխ շպրտելու ոչ մի առիթ բաց չէր թողնում: Մենք պետք է վեր կանգնենք դրանից:
-Այս տարվա ընթացքում մեծ թիվ են կազմում դրսում բնակվող հայտնի հայերի, ինչպես նաև հայաստանաբնակ հայ մշակութային և քաղաքական գործիչների հարցազրույցներն ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներին: Այս միտումը վտանգավոր է նրանով, որ շահարկելով թարգմանության ընթացքում փոփոխությունները՝ ադրբեջանցի լրագրողները բավականին հաճախ իմաստային փոփոխություններ են անում տեքստում՝ հօգուտ իրենց, օրինակ՝ Արցախի փոխարեն գրելով «օկուպացված տարածքներ», մինչդեռ զրուցակիցն այդպես չէր ասել: Միգուցե պետք չէ՞ հարցազրույց տալ ադրբեջանական կայքերին:
-Ես կողմ եմ օգտագործելու հակառակորդի ռեսուսները, այս պարագայում՝ ԶԼՄ-ներն իրենց իսկ դեմ: Սակայն նման հարցազրույցներում պետք է պահպանվեն անվտանգության գոնե նվազագույն կանոնները. էլեկտրոնային փոստով երկխոսության պահպանում կամ էլ զրուցակիցը պետք է իր կողմից ձայնագրի հարցազրույցը, հետո երբ ադրբեջանցի լրագրողի կողմից խեղաթյուրվում է այս կամ այն փաստը, ապա պետք է անպայման պահանջի ուղղել:

Комментариев нет:

Отправить комментарий