воскресенье, 23 декабря 2012 г.

Հեղինակավոր արտ-էքսպո՝ Ստամբուլում. հայ նկարիչները մասնակցում էին, Ադրբեջանը՝ ոչ…(interview)





Օրեր առաջ Ֆեյսբուքում նկատեցի Թուրքիայում տպագրվող, հայտնի հայկական «Ագոս» թերթի էջերից մեկի էլեկտրոնային տարբերակը՝ հոդվածի տեսքով: Լուսաբանվում էր Ստամբուլում տեղի ունեցած հեղինակավոր արտ-էքսպո ցուցահանդեսին հայազգի արվեստագետների մասնակցությունը: Հայկական տաղավարում ցուցադրվում էին Արմեն Գևորգյանի, Տարոն Մուրադյանի, Ռուբեն Գրիգորյանի, Դավիթ Կարեյանի, Էմիլ Կազազի, ինչպես նաև գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Վերջինս էքսպոյում ներկայացված էր երեք մեծածավալ կտավներով («Մորս դիմանկարը», «Խորհրդավոր ընթրիք», «Մսագործ»): Արթուրը պատմեց ցուցահանդեսի արդյունքների և ստացած տպավորությունների մասին:
                   

_Կներկայանա՞ք ընթերցողներին:
_ Ծնվել եմ Երևանում: Սովորել եմ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, այնուհետ նույն ակադեմիայի ասպիրանտուրան: Հիմա էլ դասավանդում եմ ակադեմիայում: Վաղ տարիքից ստեղծագործում եմ: Մասնակցել եմ մի շարք տեղական և միջազգային ցուցահանդեսների, էքսպոների, բիենալենեի: Դրանցից կարող եմ առանձնացնել Վենետիկյան 53-րդ բիենալեն, Սալոն 2007-ը Մոսկվայում և այլն: Իսկ վերջինը “Contemporary Istanbul” 7-րդ միջազգային արտ-էքսպոն էր:
_Ինչպե՞ս որոշեցիք գնալ Ստամբուլ ցուցահանդեսի: Առաջի՞ն անգամ էիք այնտեղ, խմբային, թե՞ անհատական ցուցահանդես էր:
_Ինչպես հայտնի է, աշխարհի տարբեր հատվածներում կա հայկական համայնք, որը լուրջ կշիռ ունի: Բնականաբար Ստամբուլը բացառություն չէ: Կան  մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց հայրենակիցները մասնակցեն նման լուրջ արվեստի փառատոնների և իրենց խոսքը ասեն միջազգային հարթակում:
Ստամբուլում առաջին անգամ էի: «Contemporary Istanbul» միջազգային արտ-էքսպոն աշխարհի խոշորագույն էքսպոներից է: Այն անց էր կացվում նոյեմբերի 22-ից 25-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Դրան մասնակցում էին շուրջ 100 պատկերասրահներ և մոտ 600 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ցուցադրված նմուշների մեջ էին այնպիսի հանրահայտ արվեստագետների գործեր, ինչպիսիք են Պիկասոն, Ուորհոլը, Բոտերոն, Հերսթը, Լիխթենշթայնը և այլք: Ավելացնեմ նաև, որ «Contemporary Istanbul»-ը ժամանակակից արվեստի ամենաթանկարժեք միջոցառումներից է, որը հյուրընկալում է ազգային և միջազգային պատկերասրահներ, արվեստագետների ամբողջ աշխարհից, հավաքորդների, թանգարանի տնօրենների, համադրողների, արվեստաբանների, լրագրողների և պարզապես արվեստը գնահատողների:



_Թուրք այցելուներն ինչպե՞ս ընդունեցին հայ նկարչին ու իր գործերը:
_Նշեմ, որ այցելուների հոսքը չափազանց մեծ էր. և՛ հայկական տաղավար, և՛ ընդհանրապես: Մեծ էր հետաքրքրությունը դեպի մեր ստեղծագործությունները: Դա կպայմանավորեի այն հանգամանքով, որ ներկայացրել էինք հետաքրքիր ստեղծագործություններ: Դրական արձագանքները շատ էին: Հավելեմ, որ ըստ պաշտոնական տվյալների՝ այդ չորս օրվա ընթացքում էքսպո էր այցելել շուրջ 60.000 մարդ:
_Հայկական համայնքից ներկայացուցիչներ ներկա՞ էին ցուցահանդեսին:
_Հայ այցելուները նույնպես շատ էին: Վերջիններս կամ նախապես տեղեկացված էին էքսպոյի և մասնավորապես նրանում հայ մասնակիցների մասին, կամ էլ հայ այցելուներ, որոնք տեղեկացել էին էքսպոյի մասին մամուլի և հեռուստատեսության բազմաթիվ հրապարակումներից: Այդպիսիններից էր ստամբուլահայության շրջանում մեծ ճանաչում վայելող Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի «Հայաստանի գեղարվեստ»  հոդվածը, որը  լույս տեսավ էքսպոյի բացման հաջորդ օրը: Պետք է նշեմ նաև բոլորիս հայտնի «Ագոս» շաբաթաթեթի մասին, որը «Հայաստանի. ժամանակակից արվեստ» ծավալուն հոդվածով անդրադարձավ էքսպոյին և հատկապես հայկական տաղավարին:
_Ագոսից նախապես տեղյա՞կ էին ցուցահանդեսի մասին: Թուրքական այլ թերթեր կամ կայքեր լուսաբանե՞լ են ցուցահանդեսը:
_Վստահ եմ, որ «Ագոս»-ի խմբագրությունում նախապես տեղյակ էին սպասվող խոշոր մշակութային այս իրադարձության և հատկապես նրա հայազգի մասնակիցների մասին:
Ինչպես արդեն նշեցի, միջազգային և տեղական մամուլը նույնպես էքսպոյի մասին բազմաթիվ հրապարակումներ էր արել: Յուրաքանչյուր օր տաղավարներ էին բերվում այդ երկրում առաջատար թերթերի համարներ, որտեղ պարտադիր անդրադարձ կար էքսպոյին: Հեռուստաընկերությունները նույնպես ակտիվ լուսաբանում էին:

Հետաքրքրական մի դրվագ եղավ. այլ լրագրողներից բացի, մեր տաղավար եկան քրդական հեռուստատեսություններից մեկի լրագրողներ՝ հարցազրույց վերցնելու, և խնդրեցին խոսել բացառապես հայերեն: Խնդրեցի պարզաբանել, թե ինչու՞ հայերեն, եթե խոսքը քրդական հեռուստատեսության մասին է: Պատասխանեցին, որ  սա նախատեսված է Իրաքում ապրող հայ համայնքի համար: Ամեն ինչ ընկավ իր տեղը:
_Որևէ խոչընդոտներ եղա՞ն թուրք կազմակերպիչների կողմից այն բանի համար, որ հայ եք:
_Բացարձակ, ոչ:
_Ադրբեջանն արդյոք ներկայացվա՞ծ էր առանձին տաղավարով:
_Նախապես նայել եմ մասնակիցների ցուցակը, Ադրբեջանը չկար: Բազմիցս շրջել եմ տաղավարներով, ադրբեջանցի արվեստագետների կամ նրանց գործերից չտեսա:

Комментариев нет:

Отправить комментарий