пятница, 11 января 2013 г.

Մենք դեմ ենք, բայց Փաշազադեն արդեն արձագանքել է Գարեգին Բ-ի առաջարկին…


Պատկերացրեք՝ մեզ բոլորիս դեռևս 2011-ին թե՛ անունով, թե՛ առաքելությամբ, թե՛ անգամ դեմքով ծանոթ Փաշազադեին կրկին հրավիրում են…այս անգամ՝ սահման…
pashazade az azeri armenia garegin second, arstakh karabakh


Օրեր առաջ հայկական լրատվամիջոցները տարածեցին հետևյալ հաղորդագրությունը. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի` Արցախում հանդիպելու մասին դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, սակայն առաջարկ եղել է: Այս մասին հայտնեց Մայր աթոռ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում օրեր առաջ այցով գտնվող Ալլահշուքյուր Փաշազադեին փոխանցել է Արցախի սահմանին հանդիպելու առաջարկը: Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց նաև, որ նման հանդիպումների նպատակը տարածաշրջանում խաղաղություն և հանդարտություն պահպանելն է:»

Ինչպես արդեն իսկ նշեցի, մենք չենք մոռացել, թե ինչպես դեռևս 2011թ. Երևանում ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել սահմանի վրա, և համաձայն Տեր Վահրամի խոսքերի՝ դրական արձագանք է գտել, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ հստակ պայմանավորվածություն ու հստակ պատասխան չի հնչել:
Վեհափառի նման առաջարկը շատ արագ տարածում գտավ նաև հայկական լրատվամիջոցներում, հայ երիտասարդների արձագանքն էլ չուշացավ: Ֆեյսբուքահայերի ճնշող մեծամասնությունն իր էջում տեղադրեց հետևյալ կոչը.

«Վեհափառ Տեր,

Գնահատելով Ձեր խաղաղասիրական և քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ և հակաքրիստոնեական գործունեությամբ աչքի ընկնող գործչին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Արցախ աշխարհը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից մինչև մեր օրերը ապրել է աղոթքներով առ Աստված և Հայրենիքի ազատության համար նահատակված նախնիների արյան հիշատակով: Նրա մուտքը Արցախ պղծություն է, նրա հայտնվելը մեր հողում անարգանք է Հայրենիքի և Քրիստոնեական Հավատքի համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակին:
Վեհափառ Տեր,
Խնդրում ենք Ձեզ ագրեսորների հոգևոր առաջնորդի հետ վարվել ավետարանական ճշմարտությամբ. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ»(Մատթ. 7,6):
Հայրապետական օրհնության ակնկալիքով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ»:

Փաշազադեի պատասխանն էլ չուշացավ: Ադրբեջանական աղբյուրները վկայում են՝ վերջինս սկզբում պարզաբանել է, որ պետք է ստացած առաջարկը քննարկի քաղաքական ղեկավարության հետ: Այսօր էր Փաշազադեն պատասխանել է հետևյալը. «Հանդիպումը կարող է կայանալ միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին…»: Ավելին, ադրբեջանական կայքերում հայտնվել են նաև Փաշազադեի հետևյալ խոսքերը. «Հայկական կողմից տարածված հայտարարությունները հանդիպումը շփման գծում կամ Ղարաբաղում կազմակերպելու հնարավոր լինելու մասին չեն համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ, իրականում՝ հայկական ԶԼՄ-ները պարզապես լուսաբանել էին Գարեգին Բ-ի առաջարկը ու չէին գրել հանդիպման հնարավոր կամ անհնարին լինելու մասին…
Ինչևէ, Փաշազադեի պատասխանից ակներև է՝ նա չի համարում Արցախի սահմանը՝ հայկական սահման: Ենթադրելի է, որ այժմ էլ Վեհափառը կմեկնաբանի՝ հանդիպում Արցախի սահմանին՝ նշանակում է հանդիպում հենց հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ Արցախը հայկական հող է…իսկ հետո՞: Մի հարց է ծագում՝ արդյո՞ք իմաստ ուներ հանդիպման առաջարկ անել, այն էլ՝ երկրորդ անգամ, մի՞թե դա վկայում է խաղաղասիրության մասին, երբ հայ հանրությունը չի ողջունում այդ առաջարկը: Եթե նույնիսկ սառը դատենք, ապա Փաշազադեին Հյուսիսային Կովկասի մահմեդականների 90% էլ չի ճանաչում, նրա հեղինակությունը չափազանց ուռճացված է: Ուստի, ի՞նչ պետք է փոխեր նրա դրական պատասխանը, մանավանդ որ շատերս գիտակցում էինք՝ նա չի գա…
Հարցեր, որոնց պատասխանը դեռևս չեմ կարողանում գտնել…

Комментариев нет:

Отправить комментарий