воскресенье, 13 января 2013 г.

Օսմանյան կայսրությունում հայ երեխաների բռնի իսլամացման շուրջ


Հեղինակ՝ թուրքագետ Մհեր Աբրահամյան

Օսմանյան կառավարությունը սկսած իր սկզբնավորումից վարել է  իր տիրապետության տակ գտնվող քրիտոնյա ժողովուրդների բնաջնջման և ձուլման քաղաքականություն: Այս քաղաքականության իրականացման համար նա դիմել է տարբեր միջոցների:
arm armenia genocide orphanage enicheri army hidden armenians islam


Այս միջոցներից մեկն էր դեվշիրմեն: Դեվշիրմեյի նպատակն էր հավաքել քրիստոնյա ժողովուրդների տղաներին և դաստիարակել մուսուլմանական ոգով ու դարձնել թուրքական բանակի զինվորներ, որոնք պետք է կռվեին, պետք է ոչնչացնեին հենց այն ազգերին, որոնցից նրանք սերել էին:
Մատենագրված առաջին տղայահավաքի տարեթիվը համարվում է 1395թ, թեև հավանական է, որ նման հավաքներ եղել են ավելի վաղ[1]:
Դեվշիրմեն իրականացվում էր ենիչերական զորամասի աղայի պահանջով: Նա նամակ էր ուղարկում սուլթանին, որը իր հերթին հրատարակում էր հատուկ հրովարտակ`հյունք[2]:
Տղայահավաքի համար ընտրվում էին ամենաառողջ, ամենագեղեցիկ տղաներին: Ընտրելով սերունդներից ամենալավերին` նրանք թուլացնում էին հպատակ ժողովեւրդների ներուժը, որոնք կարող էին հետագայում դառնալ առաջնորդ: Սա կարելի է համարել ռազմավարություն, որով թուրքերը փորձում էին կանխել հետագայում քրիստոնյաների ապստամբությունները[3]:
Ըստ եվրոպական աղբյուրների ընտրվում էին 5-12 տարեկան երեխաները, բայց թուրքական աղբյուրները տալիս են 12-20[4]:
Ընտրելով ցածր տարիքի  ուժեղ ու գեղեցիկ տղաներին` նրանք փորձում էին ստեղծել ուժեղ և որոկյալ մարդուժ, որը կծառայի օսմանյան կայսրությանը լավագույն կերպով: Բացի դրանից նրանք քրիստոնյաներին թուլացնում ու զրկում էին առաջնորդող ուժից:
Քրիստոնյա ժողովուրդների շարքում դեվշիրմեին է ենթարկվել նաև հայ ժողովուրդը, որը շատ բացասական արդյունքներ է ունեցել մեր ժողովրդի կյանքում:
Մանկահավաքը հայկական նահանգներում սկսել է ավելի ուշ և կատարվել է ավելի քիչ քան Բալկաններում: Քանի որ այստեղ մեծ թվով մահմեդական ցեղեր էին ապրում և նրանց ձուլումը մեծ ջանքեր չէր պահանջում:[5]
Սակայն հետագա տարիներին հայ ժողովուրդը ենթարկվել է շատ ավելի դաժան կտտանքների: Սուլթան Համիդի ժամանակաշրջանում`  19-րդ դարի վերջում, իրականացվեց հայ ժողովրդի առաջին մեծ ջարդը, այնուհետև տեղի ունեցավ երիտթուրքերի կազմակերպած 1909թ Ադանայի ջարդը: Իսկ արդեն  առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվեց հայ ժողովրդի մեծ եղեռնը, որի  ժամանակ մոտ 1,5 միլիոն հայ բանջնջվեց:
Հայ ժողովրդի տեղահանման և ոչնչացման ժամանակ շատ հայ երեխաներ մնացին որբ ու անտեր: Երիտթուրքական կառավարությունը որոշեց, որ այս երեխաները պետք է բաժանվեն մահմեդական ընտանիքներին կամ ստեղծել հատուկ մանկատներ և տեղավորել այս երեխաներին:
Սակայն այս ամենը մարդասիրական գործնեություն չէր, այլ հայ ժողովրդի հիմնովին ոչնչացման քաղաքականություն:
Չբավարարվելով հայ ժողովրդի սպանդով` թուրքական կառավարությունը դիմեց ավելի ստոր քայլերի: Նա սկսեց առևանգել որբ և անգամ ոչ որբ մանուկներին և բաժանել մահմեդական ընտանիքներին , ինչպես նաև տեղավորել  իր ստեղծած որբանոցներում: Սրանով վերջնականապես ցանկանում էր ոչնցացնել ու ձուլել հայ ժողովրդին:
 Կան փաստեր, որոնք թույլ են տալիս խոսել որբ հայ երեխաներից կազմված օսմանյան կառավարության վերջին և Թուրքիայի հանրապետության առաջին ենիչերների մասին: Հայտնի է, որ թուրք տխրահռչակ զորավար Քազիմ Կարաբեքիրը, արևելյան ճակատում, հավաքելով որբ, անտուն հայ երեխաներին,  նրանց տալիս էր ռազմական բազմակողմանի կրթություն, ինչպես նաև դաստիարակում թուրքական մոլի ոգով: Այս երեխաներից հետագայում կազմավորվում է այսպես կոչված <<գյուրգուզլեր օրդուսու>> (ամրակազմների բանակ) զորամիավորումը[6]:
Թուրքական աղբյուրներում Քազիմ Կարաբեքիրի քայլերը ներկայացվում են, թե նա փրկել  ու ուսուցում տվել է հայ որբերին[7]: Սակայն սա փրկման կամ մարդասիրական մղում չի ունեցել: Նա այս միջոցով փորձել է թուրքացնել ու իսլամացնել հայ մանուկներին: 
Օսմանյան կառավարությունը ծնողներին կորցրած և անտեր մնացած հայ մանուկներին հավաքում էր և բաժանում էր մահմեդական ընտանիքներին: Այս մասին օսմանյան աղբյուրներում պահպանվել հատուկ հրովարտակ` թվագրված 10 հուլիսի 1915թ.: Սրանում նշվում է, որ այս երեխաները հանձնվում են մահմեդական ընտանիքներին այն պայմանով, որ նրանց  տրվի մահմեդական կրթություն, ինչպես նաև նրանց պետք է  ցրեին այնպիսի տեղեր, որտեղ հայեր չկային[8]:
Սակայն այս գործընթաքցում բավականին  մեծ դեր է խաղացել և ջանքեր գործադրել նաև թուրք հասարակության լայն շրջանները: Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը և քրդերը առևանգել և խլել են հայ մանուկներին և իսլամացրել: Թուրքական կառավարությունը, չկարողանալով ժխտել այս փաստը, այն ներկայացրել է իբր <<բարեգութ>> թուրքերը փրկել են հայ երեխաներին[9]:
Բայց եղել են դեպքեր, երբ հայ գաղթականները մտածելով, որ իրենք դեռ հետ են դառնալու, իրենց երեխաներին հանձնել են իրենց մուսուլման դրկիցներին:[10]
Հայ երեխաների բռնի իսլամացման և թուրքացման գործում մեծ դեր են խաղացել կառավարության կողմից ստեղծված որբանոցները:
Ինչպես թուրքերն են ասում, գաղթի ժամանակ որբերի թիվը գնալով մեծանում էր: Ըստ այդ ժամանակվա գաղթականության հարցերով վարչության կողմից տրված տեղեկության համաձայն, որոշվեց սարերում, գյուղերի փլատակներում, ճանապարհներին և այլուր որբ ու անտեր մնացած մանուկներին հավաքել իբր փրկման նպատակով[11]: Եվ քանի որ նրաց թիվը գնալով շատանում էր որոշվեց մարզերում ստեղծել որբանոցներ և այնտեղ տեղավորել հայ որբերին:
Այս որբանոցներից հիշատակման արժանի է <<Ային թուրա>> որբանոցը, որը գտնվում էր Լիբանանում և եղել էր նախկինում եկեղեցի: Այս որբանոցը  ստեղծվում է տխրահռչակ Ջեմալ փաշայի ջանքերով: Այս որբանոցում կային հայ, քուրդ և  թուրք երեխաներ, որտեղ կազմակերպվել էր նրանց պահումը և ուսուցումը:
Որոշ աղբյուրների համաձայն  այստեղ կար 1200 երեխա, որոնցից 1000 եղել են հայ, իսկ մնացածը թուրք և քուրդ[12]: Իսկ Հալիդե Էդիփը, որը եղել է իր ընկերների հետ այս դպրոցի ուսուցիչ, իր հուշերում նշում է 800 թիվը[13]:
Հալիդե Էդիփը և Ջեմալ փաշան ամողջովին մերժել են այն, որ այդ որբանոցում հայ երեխաներին փորձել են թուրքացնել և իսլամացնել:
Հալիդե Էդիփը ասել է, որ, մեծ ջանքերով  հավաքելով ցիրուցան եղած հայ և քուրդ որբերին, նրանց փրկել են ու ազատել շատ դժվարություններց, ինչպես նաև ժխտել է ամերիկացի միսյոներների այն տեղեկությունները, որ հայ երեխաներին թուրքացնելու նպատակ է եղել[14]:
Սակայն այս որբանոցի միակ նպատակնց է եղել թուրքացնել և իսլամացնել հայ երեխաներին: Այստեղ հայ երեխաներին տրվել է թուրքկան անուններ և իսլամի դասեր: Սրա մասին են վկայում մի քանի մանուկներին տրված անունները` Հարություն Նաջարյան – Համիդ Նազիմ, Պողոս Մերդանյան – Բեկիմ Մուհամադ, Սարգիս Սարաֆյան – Սաֆվադ Սուլեյման: Ինճպես նաև կան փաստեր որոնք վկայում են իսլամի դասերի մասին. հայ մանուկներին ստիպում էին օրը հինգ անգամ նամազ կատարել և ամեն երեկո երգել <<Երկար կյանք Ջեմալ փաշային>> երգը[15]:
Այս որբանոցում եղել են ահավոր պայմաներ, որի հետևանքով մոտ 300 հայ երեխա է մահացել, որոնց վառել են մանկատան հետևի բակում[16]:



Ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ հանգում ենք նրան, որ թուրքական կառավարությունը սկսած իր սկզբնավորումից իրականացրել է տարբեր միջոցներ հայ ժողովրդի իսլամացման, թուրքացման և բնաջնջման համար:
Այդ միջոցներից ամենավաղը դեվշիրմեն էր: Հավաքելով ամենագեղեցիկ ու ամենաուժեղ տղաներին` նրանց իսլամացրել ու թուրքացրել է և պատրաստել կատաղի զինվորների, որոնք որոնք ոչնչացրել են հենց իրենց հարազատ ազգերին: Դեվշիրմե իրականացվել է նաև օսմանյան իշխանության վերջին և Թուրքիայի հանրապետության սկզբնական ժամանակաշրջանում: Թուրք տխրահռչակ զորովար Քազիմ Կարաբեքիրը հավաքելով որբ տղաներին, պատրաստել ե է զինվորներ և ներառել այսպես կոչված <<Գյուրբուզլեր օրդուսու>> (ամրակազմների բանակ) զորամիավորման մեջ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կազմակերպելով հայոց ցեղասպանությունը` թուրքերը ուզում էին հիմնովին ոչնչացնել հայ ժողովրդին: Սրա հետևանքով շատ հայ երեխաներ որբ մնացին: Այս որբերին հարցն էլ ստացավ իր լուծումը: Ստեղծվեցին որբանոցներ, որտեղ հայ երեխաներին դաստիարակում էին թուրքական ոգով և իսլամացնում: Ինչպես նաև բաժանվեցին մահմեդական ընտանիքներին: Այս քայլերը թուրքական աղբյուրները ներկայացնում են որպես մարդասիրական ` ասելով, թե իբր փորձել են պաշտպանել հայ մանուկներին: Բայց սա եղել է սոսկ հայ ժողովրդի հիմնովին բնաջնջման քալեր: Եղել են իհարկե դեպքեր, երբ իսկապես փրկվել են մահմեդականների կողմից շատ հայ ընտանիքներ, բայց դա եղել է շատ քիչ ու հազվադեպ:



[1] Արտակ Շաքարյան << Արյան հարկը օսմանյան կայսրությունում Դեվշիրմե>> էջ 37
[2] Տես նույն տեղում էջ 46
[3] Տես նույն տեղում էջ 61
[4] Տես նույն տեղում էջ 52
[5] Արտակ Շաքարյան <<Արյան հարկը օսմանյան կայսրությունում Դեվշիրմե>> էջ 123 Երևան 2006
[6] Ռուբեն Մելքոնյան <<Հայ երեխաների բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին (ըստ թուրքական աղբյուրների) էջ 113 Մերձավոր Արևելք V Երևան 2008
[7] Erhan Basyurt “Ermeni evlatliklar(sakli kalmis hayatlar)” s 58
[8] Ռուբեն Մելքոնյան <<Հայ երեխաների բռնի իսլամացումը հայոց ցեղասպանության տարիներին(ըստ թուրքական աղբյուրների) էջ 113 Մերձավոր Արևելք V Երևան 2008
[9] Տես նույն տեղում էջ 115
[10] Erhan Başyurt “Ermeni evlatlıklar(saklı kalmıs hayatlar)” s 35
[11] Ibrahim Ethem Atnur “Türkiyede Ermeni kad ınlar ve çocuklar meselesi” Ankara 2005
[12] http:/w.w.w.aqzgdaily .con/EngliushSupplement/FEA_02012006_0001.htm
[13]  Erhan Basyurt “Ermeni evlatliklar(sakli kalmis hayatlar)”s 61
[14] Տես նույն տեղում էջ 63
[15] http:/w.w.w.aqzgdaily .con/EngliushSupplement/FEA_02012006_0001.htm
[16] Տես նույն տեղում

Комментариев нет:

Отправить комментарий