понедельник, 25 февраля 2013 г.

Դադիվանք. վերականգնու՞մ իտալացիների կողմից, թե՞ ֆինանսավորում...


dadivank artsakh dadi karabakh nkr art armenian church monastery history


Օրերս Emedia.am-ը տեղեկացրեց, որ իտալական «Անաստասիս» հիմնադրամի մասնագետներն ամռանն այցելելու են Արցախ՝ Դադիվանքը վերականգնելու նպատակով նախնական ուսումնասիրություններ կատարելու: ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ սա առաջին դեպքն է, երբ Արցախը հուշարձանների վերականգման բնագավառում համագործակցում է արտասահմանյան կազմակերպության հետ:
Անհասկանալի է՝ նշված «Անաստասիս» հիմնադրամը պարզապես հովանավորելու՞ է, թե՞ մասնագետներ է տրամադրելու ԼՂՀ-ին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ հիմնադրամի մասին ռուսալեզու և անգլալեզու հրապարակումներ գրեթե չկան համացանցում. Հաջողվեց պարզել միայն նրանց պաշտոնական, իտալալեզու կայքը, որտեղ որպես հիմնադրման թիվ՝ հիշատակվում է 1993-ը, իսկ որպես գործունեության խոսվում է ոչ այնքան հովանավորելու, ֆինանսական աջակցության, որքան «քրիստոնեական արվեստի և միջմշակութային երկխոսության, քրիստոնեական արվեստը՝ իր բոլոր ձևերում, ուսումնասիրելու, դրա հետազոտումը Իտալիայում և դրա սահմաններից դուրս խթանելու, պատմական-մշակութային կապերն Աստծո որդիների հետ վերականգնելու…» մասին: Ունի 11 անդամներ, կենտրոնական գրասենյակը Հռոմում է, համագործակցում է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում՝ Հռոմի՝ Ռեստավրացիայի կենտրոնական ինստիտուտի հետ (ICR): Հարկ է նշել, որ հիմնադրամը, դատելով կայքում տեղ գտած նյութերից, վերջերս գործունեություն է ծավալել հիմնականում Իրանում, իսկ ահա Դադիվանքի մասին կայքում, չգիտես ինչու, խոսք անգամ չկա:
Համաձայն Արցախի ԶԼՄ-ների՝ 2011 թվականին ԿԱ զբոսաշրջության վարչությունը և իտալական ″Անաստասիս″ հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի հիմնադրամի հովանավորությամբ Դադիվանքում  կկատարվեն մի շարք շինարարական աշխատանքներ: 2012-ի նոյեմբերին Սերգեյ Շահվերդյանն ընդունել է ″Անաստասիս″ հիմնադրամի ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել աշխատանքների  մեկնարկի հետ կապված հարցեր: Տեսանյութում ասվում է՝ Ռիկարդո Ակրիլան և մյուս իտալացիները Դադիվանքում իրականացնելու են վերանորոգման և ամրագրման աշխատանքներ, բացի այդ՝ անհրաժեշտ է ստուգել վերանորոգվածների վիճակը: Համապաստախան ուսումնասիրություններից հետո աշխատանքները մեկնարկելու են: Առաջարկվեց տեղի և հայաստանյան ԲՈՒՀ-երից ուսանողների հրավիրել, որոնք կմասնակցեն աշխատանքներին և հմտություններ ձեռք կբերեն: Պարոն Շահվերդյանը խոսեց «Դադիվանք» հիմնադրամի մասին ևս…
Այսպես, դեռևս 2012-ի նոյեմբերին Իտալիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը հայտնել է՝ «բացել ենք Դադիվանք հիմնադրամ, որը զբաղվելու է հայկական Դադիվանքի վերականգնման գործով: Խումբն ամբողջությամբ իտալացիներից է կազմված: Այսօր իրենք գալու են եւ կմեկնեն Դադիվանք: Պատրաստվելու է նախագիծ, որը մեզ համար ունի կարեւորագույն նշանակությունՙ հետագայում նաեւ դպրոց է հիմնվելու, որը կսովորեցնի ուսանողներին` ինչպես վերականգնել հուշարձանները», ապա վերջերս՝ փետրվարի 5-ին, Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ  դեսպանը հանդիպել է Վատիկանի մշակույթի հարցերով Քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին՝ տեղեկացնելով. «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամը մասնագիտական բարձր մակարդակով զբաղվելու է ոչ միայն Հայաստանում և Արցախում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ և վերականգնմամբ, այլև, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, այնտեղ քրիստոնեական ժառանգության պահպանության և քաղաքակրթական երկխոսության հաստատման հարցերով»:
Հարց է ծագում. եթե արդեն կա «Դադիվանք» հիմնադրամ (որի մասին ևս պաշտոնական ոչ մի տվյալ այդպես էլ չգտա), ապա ի՞նչ իմաստ ունի Դադիվանքի աշխատանքներին մասնակից դարձնել նույնիսկ Իտալիայի շրջանակներում ոչ այնքան ճանաչված «Անաստասիս» հիմնադրամին: Բացի այդ, հստակ չէ՝ արդյոք հիմնադրամը հովանավորե՞լ է, թե՞ վերականգնելու է սեփական մասնագետների միջոցով: Ցավոք, չհաջողվեց կապ հաստատել պարոն Շահվերդյանի և պարոն Կարապետյանի հետ, որպեսզի հարցերին լիարժեք պատասխան տրվեր: Որպես արվեստաբան էլ հավելեմ՝ Դադիվանքի որմնանկարներն իրոք ունեն վերանորոգման կարիք, որոնց մասին տեսանյութում խոսք չգնաց, իսկ ահա վանքային համալիրի մասին հայազգի ճարտարապետ, դոցենտ Արտակ Ղուլյանը մանրամասնում է. «Դադիվանքի հիմնական կառույցները վերականգնված են մեր մասնագետների ուժերով, մնացել են վանական այն շինությունները, որոնց վերականգնումը առանձնակի դժվարություն չի ներկայացնում: Իտալացիներից մենք որևէ բան չունենք սովորելու, պարզապես երևի սա պատրվակ է ֆինանսական միջոցներ ստանալ վանքի վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Իտալացիները մեթոդական առումով կոպիտ սխալներ են գործել Մարմաշենում և Երերույքում, և նրանց հետ պիտի շատ զգույշ լինել»:
Եվ իսկապես, Դադիվանքի մեծ մասը հաջողությամբ վերականգնել են դեռևս 2009-ին, դրա մասին վկայում է մամուլը: Այնուհանդերձ, չենք կարող նաև խիստ բացասական գնահատական տալ օտարազգի մասնագետների միջամտությանը վերանորոգման աշխատանքներին, քանի որ նույն պարոն Շահվերդյանը վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «մեծ և գրեթե անլուծելի խնդիր եմ համարում վերականգնող վարպետների բացակայությունը։ Այն խնդիր է ոչ միայն մեզ մոտ, այլև Հայաստանում, այդ պատճառով ստիպված  ենք վերականգնման աշխատանքներում ներգրավել ոչ վերականգնող մասնագետների»:

Комментариев нет:

Отправить комментарий