воскресенье, 10 февраля 2013 г.

Հեյդար Ալիևը՝ որպես բռնապետ՝ թուրքական դասագրքում


Պարզվում է ՝ Հեյդար Ալիևին բռնապետ են համարում ոչ միայն Մեքսիկայում:
az azeri textbook aliyev heydar ilham dictator


Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ (սկզբնաղբյուր՝ minval.az և BBC-ի ադրբեջանական մասնաճյուղը), որոնք աչքի են ընկնում քիչ թե շատ անկողմնակալ լուսաբանմամբ, հրապարակեցին Թուրքիայում լույս տեսած «Սահմանադրական իրավունք» ուսումնական ձեռնարկի (նախատեսված է ԲՈՒՀ-երի ուսանողների համար) էջերից մի քանի լուսանկարներ: Գրքի հեղինակը, առանձին պարբերություն հատկացնելով բռնապետների մասին քննարկմանը, գրում է. «Բռնապետության ժամանակ գործադիր և դատական իշխանության բոլոր գործառույթները կենտրոնացված են մեկ անձի ձեռքում: Բռնապետները, ի տարբերություն միապետների, իշխանության գալիս են ոչ թե ընտրությունների կամ ժառանգման սկզբունքով, այլ օգտվելով երկրում տիրող ծանր և ոչ ստաբիլ իրավիճակից: Բռնապետներն աջ թևում կարող են հայտնի լինել՝ որպես ֆաշիստներ կամ ազգայնական-սոցիալիստներ, իսկ ձախ թևում՝ կոմունիստներ: Մեր օրերում բռնապետները կարող են հենվել որոշակի գաղափարախոսության վրա: Այնուհանդերձ, այս անձինք կազմավորում են ղեկավարման մի համակարգ, որը չի համատեղվում մարդկայնության հետ: Օրինակներ՝ Սադդամ Հուսեյն, Հեյդար Ալիև, Պինոչետ…»:
heydar aliyev dictator az azeri textbook

Հաճախ չի պատահում, որ թուրքերեն դասագրքերում Հեյդար Ալիևին որպես բռնապետ ներկայացնեն: Հեղինակ Ֆարման Դամիրքոլն իր քայլը չի մեկնաբանում գիտական այս կամ այն հրապարակմանը կամ այլ հեղինակների հղում տալով, այլ պարզաբանում է հետևյալ կերպ. «Այնտեղ, որտեղ նախագահը հավաքում է 98% ձայն, չի կարող լինել դեմոկրատիա: Ոչ դեմոկրատական ուղիով ընտրված նախագահի դեմ ելույթ ունենալը հեղաշրջում չէ, այլ՝ իրավունք…»:
Մի կողմ թողնենք դեմոկրատիայի ու դեմոկրատական ընտրությունների մասին Դամիրքոլի պատկերացումները և փորձենք հասկանալ, թե ինչու է գրքի հեղինակը նման մտքեր արտահայտում: Դամիրքոլի մասին անգլալեզու և ռուսալեզու նյութեր գրեթե բացակայում են համացանցում, նա ունի իր սեփական կայքը` http://www.fermandemirkol.com/, որը հիմնականում իրավունքի մասին է: Դամիրքոլը ծնվել է Իգդիրում՝ ադրբեջանցիների ընտանիքում, այնտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն, ավարտելով՝ տեղափոխվել է Գերմանիա՝ ուսումը շարունակելու նպատակով: 5 տարի անց վերադարձել է Ստամբուլ՝ տեղի պետական համալսարանում դասախոսելով՝ որպես իրավագետ: Ապա գալով Բաքու՝ 1990-ականների սկզբում աշխատել է՝ Ադրբեջանի Ազգային ժողովում՝ որպես իրավական գծով խորհրդական: 1995 թվականի մարտին իշխանությունների կողմից լուրջ մեղադրանք է հղվում նրան՝ ОМОН-ի գլխավորությամբ հեղաշրջում և Հեյդար Ալիևի դեմ մահափորձ կազմակերպելու առնչությամբ: Դամիրքոլին ձերբակալում են, և միայն այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի միջամտության արդյունքում հաջողվում է նրան երկրից հեռացնել: Ադրբեջանում ոմանք համարում են Դամիրքոլին՝ աքսորված, որն այժմ դասախոսում է Ստամբուլի համալսարանում:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Դամիրքոլի վերոհիշյալ գրքերի էջերի լուսանկարների աղբյուրն ադրբեջանական կայքերը չեն նշում: Պարզվեց՝ դա սոցցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքում, բեղուն գործունեություն (համաձայն՝ Like-երի քանակի) ծավալող HamamTimes ադրբեջանական էջն է, որը համանուն կայքի պաշտոնական էջն է: Այստեղ բացեիբաց հեգնանքի, ծաղրի և սուր քննադատության են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունները, պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները: Էջը հայտնի է գլխավորապես Հեյդար Ալիևի արձանների տեղադրման հետ կապված նկարների և դեմոտիվատորների պատրաստմամբ ու տարածմամբ, որտեղ ծաղրում են Ադրբեջանի ղեկավարության «արձանային քաղաքականությունը»: HamamTimes-ի կողմից պատրաստված լուսանկարները տեղ են գտել ադրբեջանական որոշ կայքերում՝ մասնավորապես Azadliq-ում: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ HamamTimes-ի հետ առնչություն ունի Ադրբեջանում մարդու իրավունքների ջատագող Խաջիջա Իսմայիլովան:

Փաստորեն, Հեյդար Ալիևի դեմ և առհասարակ Ալիևների վարչակազմի դեմ տրամադրված ֆեյսբուքյան էջում տեղ էին գտել նույն Հեյդար Ալիևին բռնապետ որակող և ժամանակին նրա դեմ մահափորձ կազմակերպած իրավագետի ձեռնարկի էջերը: Սա բնական է: Բայց հարց է ծագում՝ ինչու՞ են ադրբեջանական ԶԼՄ-ները աննախադեպ ակտիվությամբ և հենց այս շրջանում լուսաբանում համանման բովանդակությամբ հրապարակումները: Պատճառը պարզ է. հոկտեմբերին նախագահական ընտրություններ են, քաղաքական ուժերը փորձում են մեկը մյուսի թերացումներն ու բացթողումները ջրի երես հանել, բացի այդ Իսմայիլլիի ցույցերի հիշողությունն ու արձագանքը  դեռևս թարմ են, ավելին՝ շուտով ի պաշտպանություն Իսմայիլլիի բնակչության իրավունքների ու ձերբակալված ցուցարարների՝ ադրբեջանցիները ցույցեր են կազմակերպելու արտերկրում գտնվող ադրբեջանական դեսպանատների մոտ: 

Комментариев нет:

Отправить комментарий