среда, 24 апреля 2013 г.

Հայ երեխաների բռնի իսլամացումը Հայոց ցեղասպանության տարիներին

Հեղինակ՝ թուրքագետ Մհեր Աբրահամյան
armenian genocide 1915 turkey recognize



Ոչ մուսուլման ժողովուրդների երեխաների բռնի իսլամացումն ու թուրքացումը խոր արմատներ ուներ Օսմանյան կայսրությունում: Փաստերը ցույց են տալիս, որ այդ քաղաքականությունը կիրառվել է ընդհուպ մինչև Օսմանյան կայսրության անկումը, և Հայոց ցեղասպանության տարիներին արձանագրվել են պետության և մուսուլման հասարակության կողմից հայ երեխաների զանգվածային իսլամացման բազմաթիվ դեպքեր: Ընդ որում, պետության և հասարակության միջև եղել է, ըստ էության, փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնություն: Մեծ հայասեր և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենն անդրադառնալով հայերի բռնի կրոնափոխության խնդրին` նշում է. «Իսլամ ընդունողների և թլպատվողների թիվը մեծ էր, հատկապես երեխաների, որոնց ձեռք էին գցում իշխանությունները»:[1]
Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների նկատմամբ օսմանյան իշխանությունների կիրառած քաղաքականության երկու հիմնական ուղղություններն են. ա) երեխաները վերցվել են պետական թուրքական որբանոցներ` իսլամացվելու և թուրքացվելու նպատակով, բ) հայ երեխաներին պետությունն իր համապատասխան կառույցներով և մեթոդներով բաժանել է մուսուլման բնակչությանը` կրկին իսլամացնելու և ուծացնելու նպատակով:
Հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացման խնդրին, իրավացիորեն նշում է, որ թուրքերի համար այդ երեխաները դիտվում էին որպես թուրք ժողովրդի էթնիկ գենային նկարագիրը հարստացնելու համար փնտրված աղբյուր :[2] Ահա հենց այդ պատճառով աղջիկ երեխաները դառնալու էին թուրքերի և քրդերի հարեմների զոհ և երեխաներ ունենալով` հարստացնելու էին նրանց գենետիկ ֆոնդը, իսկ հայ տղա երեխաները, իսլամացվելուց հետո, դաստիարակվելու էին որպես թուրք մուսուլման: Հայ երեխաների իսլամացման քաղաքականությունը թուրք հեղինակները փորձում են ներկայացնել հիմնականում հումանիզմի համատեքստում: Այսպես, պատմաբան Իբրահիմ Աթնուրի գրքում ասվում է, որ օսմանյան կառավարությունը, հասկանալով, որ աքսորի ժամանակ երեխաները բազմաթիվ դժվարությունների են բախվում, դիմեց «հայ երեխաների խնամքի և կրթության համար երկու մեթոդի»[3] : Այդ մեթոդներից մեկը երեխաներին թուրքական որբանոցներում տեղավորելն էր, իսկ մյուսը` մուսուլման ընտանիքներին բաժանելը: Հատկապես մուսուլմանական ընտանիքներին բաժանելու փաստը թուրք հեղինակը փորձում է հիմնավորել հետևյալ անհեթեթ փաստարկով. «Անշուշտ, քանի որ պատերազմական վիճակում հնարավոր չէր բոլոր երեխաներին տեղավորել որբանոցներում, ուստի ընտրվել էր այս ճանապարհը»[4] : Սրան զուգահեռ` Աթնուրը նշում է, թե թուրքական որբանոցներում հայ երեխաների նկատմամբ չէր կիրառվում էթնիկ և կրոնական խտրականություն, սակայն այս ամենի կողքին նա չի կարողանում շրջանցել օսմանյան ղեկավարների` հայ երեխաներին թուրքացնելու մասին տված հստակ հրամանները: Նման ամենացայտուն օրինակներից է Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի նամակը` ուղղված ներքին գործերի նախարար Թալեաթին, որտեղ նա խնդրում է հայ որբերին ուղարկել հատկապես թուրքական որբանոցներ: 1916թ. մայիսի 9-ին գրված նամակում ասվում է. «Կրոնափոխ և ոչ կրոնափոխ հայ որբերին եթե վերցնեք մեր որբանոցները, ես պատրաստ եմ ռազմական բյուջեից հոգալու դրա համար անհրաժեշտ ծախսերը»[5] : Օսմանյան կառավարության մեկ այլ անդամ` կրթության նախարարը, Մարդինի նահանգապետարան ուղարկած նամակում հստակ կարգադրում է որբանոցներ վերցնել միայն կրոնափոխ հայ երեխաներին :[6] Հայ երեխաների թուրքացման պետական քաղաքականության մասին անհերքելի փաստեր են ներկայացված հենց օսմանյան արխիվում, որոնցից, օրինակ, 1915թ. հուլիսի 10-ին թվագրված փաստաթղթում համապատասխան կառույցներին և պատասխանատուներին հրահանգվում է. «Երեխաներին իսլամական սովորույթներին համապատասխան ձևով բաժանել բարեկեցիկ ընտանիքներին այն գյուղերում և գյուղաքաղաքներում, որտեղ չկան հայեր, եթե երեխաների թիվը շատ է, նրանց տալ մաքուր և պատվարժան ընտանիքներին, որոնք ապրուստը դժվար են հոգում, այդ նպատակով ամեն երեխայի համար ընտանիքներին վճարել ամսական 30 քուրուշ, կազմել ստույգ աղյուսակներ, թե ում են տրվել այդ երեխաները և մեկ օրինակ ուղարկել կենտրոն» [7]: Այս հրահանգում գրված «իսլամական սովորույթներին համապատասխան» ձևակերպումն ամենայն հավանականությամբ ենթադրում էր կրոնափոխություն: Ավելորդ չէ նկատել, որ նման հրահանգներ ուղարկվել են նաև ավելի ուշ, սակայն բոլորի բովանդակությունը եղել է նույնը, և խստորեն պահպանվել է հրահանգի այն կետը, որը պահանջում էր երեխաներին տալ իսլամական դաստիարակություն, այսինքն` իսլամացնել: Յուրաքանչյուր նման հրահանգին որոշ ժամանակ անց հաջորդել է հաշվետվության պահանջ, թե ինչպես է կատարվել հայ երեխաներին մուսուլման ընտանիքներին բաժանելու գործընթացը և ինչպես է ընթանում «իսլամական դաստիարակությունը»: Այս և նման այլ փաստերի ազդեցության տակ անգամ թուրք պատմաբան Աթնուրը, ի վերջո, եզրակացնում է. «Կարելի է ընդունել, որ մուսուլմանական գյուղերում բաժանված երեխաների մի մասը բռնությամբ է կրոնափոխ եղել» [8]:
Օսմանյան իշխանությունները մուսուլմաններին են բաժանել ոչ միայն հայ որբ երեխաներին, այլև անգամ նրանց, ում ծնողները դեռ ողջ են եղել: Օրինակ, Մարզվանի, Ամասիայի և Թոքատի (Եվդոկիա) տարագիր հայության աքսորի ժամանակ պետական պաշտոնյաները քարավաններից առանձնացրել են երեխաներին, իսկ նրանց տարագիր ծնողներին հրամայել շարունակել ճանապարհը: Այնուհետև հայտարարություններ են տարածել շրջակա գյուղերի մուսուլման բնակչության շրջանում, որպեսզի գան և վերցնեն իրենց նախընտրած հայ երեխային [9]:
Հ.Հովակիմյանը փոխանցում է, որ Տրապիզոնի վիլայեթում ևս հայերի բռնի իսլամացումն առավելապես տարածվել է երեխաների վրա. «Հայերու տեղահանման եւ բնաջնջման հետ տեղի ունեցաւ նաեւ բռնի իսլամացումը, որ ֆիզիքական գոյութիւնը պահելու միջոց մըն էր միայն: Շատերը պատրաստուեցան ընդունիլ մահմետականութիւնը, բայց ան չգործադրուեցաւ մեծերու վերաբերմամբ, այլ ի զորու եղաւ միայն փոքրերուն համար»[10] :
            Հայ որբերի իսլամացման ավելի համակարգված և վերահսկվող գործընթաց տեղի էր ունենում թուրքական որբանոցներում: Ավելորդ չէ դիտարկել, որ թուրքական որբանոցներում առավելապես հավաքվում էին հայ տղա երեխաներ` ըստ երևույթին յուրահատուկ «ենիչերիական» պատրաստվածություն անցնելու համար, իսկ աղջիկ երեխաները բաժանվում էին մուսուլմանական տներում` որպես ապագա կանայք կամ հարեմների զոհեր: Որբանոցներում հայ երեխաների թուրքացման մասին պահպանվել են բազմաթիվ փաստեր. օրինակ, Ջ.Կիրակոսյանը, հենվելով ամերիկյան աղբյուրների վրա, նշում է. «Հայ որբերին թուրքական անուններ էին տալիս և դաստիարակում որբանոցներում որպես թուրքերի»[11] : Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ չնայած պատերազմական վիճակին, թուրքական կառավարությունը ձգտում էր հայ որբ երեխաներին տալ հատկապես թուրքական որբանոցներ: Թուրքական կառավարության այս «հոգատարության» մասին այդ տարիներին Խարբերդում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը գրում է. «Բացահայտ է, որ կառավարությունը որոշել է ամեն կերպ թույլ չտալ, որ այստեղ մնացած արտասահմանյան միսիոներները կրթական կամ կրոնական գործունեություն ծավալեն: Որոշ հայուհիների ամուսնացնում են մահմեդականների հետ, որոշ հայ երեխաների էլ մահմեդականացնում են, բայց ոչ ոքի թույլ չեն տալիս ուրիշ, օտար ազդեցությունների ենթարկվել»[12] : Ըստ թուրքագետ Ռ.Մելքոնյանի եզրակացության՝ օսմանյան ղեկավարների հայ երեխաներին թուրքական որբանոցներ վերցնելու շահագրգռվածությունը պայմանավորված էր նրանց իսլամացնելու և ձուլելու ցանկությամբ, քանի որ այդ տարիներին Օսմանյան կայսրության տարածքում գտնվում էին նաև եվրոպական և ամերիկյան միսիոներական որբանոցներ[13] :
Հայ որբերի թուրքացման հարցում հատկապես ակտիվ գործունեություն է ծավալել երիտթուրք պարագլուխներից Ջեմալ փաշան, որի նախաձեռնությամբ Լիբանանում «Ային Թուրա» ճիզվիտական մենաստանում հիմնվել է որբանոց, որտեղ հավաքել են շուրջ 1200 հայ երեխա` իսլամացնելու և թուրքացնելու նպատակով [14]: Ջեմալ փաշան հայ երեխաներին իսլամական և թուրքական կրթություն տալու նպատակով այնտեղ է հրավիրում հայտնի պանթյուրքիստ, գրող Հալիդե Էդիփին[15] : Երեխաներին թուրքացնելու համար պատասխանատու այս տիկինը հետագայում պատմել է, որ Ջեմալ փաշան հայ երեխաներին տեղավորում էր այդ որբանոցում, այնուհետև փոխում նրանց կրոնն ու անունները` տալով թուրքական և մուսուլմանական անձնանուններ [16]: Հետաքրքիրն այն է, որ այս անվանափոխման ժամանակ հաճախ նախկին հայկական անուն-ազգանվան առաջին տառերով են կազմվել թուրքական անունները: Օրինակ՝ Հարություն Նազարյանը վերածվել է Համիդ Նազիմի, Պողոս Մերդանյանը՝ Բեքիր Մուհամադի, Սարգիս Սարաֆյանը՝ Սաֆվադ Սուլեյմանի և այլն [17]: Փաստերը վկայում են, որ «Ային Թուրա» որբանոցում հայ երեխաներին տրվել է կրոնական (իսլամական) և թուրքական ազգայնական դաստիարակություն, ինչին, իբրև թե, դեմ է եղել Հալիդե Էդիփը: Սակայն նրա ժամանակակիցների վկայությամբ, որը մեջբերված է վաստակավոր թուրքագետ Ավետիս Փափազյանի կազմած գրքում, հենց Հալիդե Էդիփն է եղել հայ որբերին որպես մուսուլմաններ դաստիարակելու ջատագովը[18] : Ուշագրավ է, որ երիտթուրք պարագլուխների հետ ունեցած ջերմ կապերով, ինչպես նաև հայ երեխաներին իսլամացնելու և թուրքացնելու ուղղությամբ գործադրած եռանդուն ու հանցավոր ջանքերով հայտնի Հալիդե Էդիփը հետագայում` Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, «Վաքիթ» թերթում հայտարարեց. «Մեր զօրաւոր օրերուն` քրիստոնեաները եւ մասնաւորաբար Հայերը միջնադարեան դրութեամբ աշխատեցանք բնաջնջել ծառայութիւն մատուցանելու համար Թուրքերուն»[19] :
             «Ային Թուրա» որբանոցի և այնտեղ հայ որբերի թուրքացման մասին խիստ արժեքավոր մի տվյալի ենք հանդիպում հենց այդ որբանոցի նախկին «սան» Թորոս Թադևոսյանի` մեծանուն պատմաբան Ջոն Կիրակոսյանին 1983թ. ուղղված նամակում: Նամակի հեղինակը մեկն է այն 1200 հայ երեխաներից, որոնք Ջեմալ փաշայի հրամանով հավաքվել էին «Ային Թուրա» որբանոցում` իսլամացվելու և թուրքացվելու նպատակով: Այս արժեքավոր վկայության մեջ որբանոցի սարսափները վերապրածի շուրթերով ներկայացվում է իրականությունը և արժանիորեն հերքվում են թուրքական տեսակետները որբանոցի «հումանիստական» բնույթի վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը` հարկ ենք համարում ընդարձակ մեջբերում անել նամակից. «Մեզ տեղ հասցնելուց անմիջապես հետո թուրքացրին, անուններս փոխեցին, դասարանների բաժանեցին, Կ.Պոլսից հրավիրված դասատուները սկսեցին մեզ հետ պարապել: Խստիվ արգելեցին հայերեն խոսել: Հատուկ դասարանների ավագներ նշանակեցին մեծահասակներից, որոնց պատվիրել էին հայերեն խոսողներին ցուցակագրել պատժելու համար: Այս ավագները հավատարմությամբ կատարում էին իրենց պարտականությունները: Ամեն երեկո, երբ ամբողջ երեխաներին հավաքում էին աշխատողների հետ մասին ԶԱՌՅԱ-ի և բոլորը միատեղ երեք անգամ թագավորը երկար ապրի էին գոչում, այդ հանդիսավոր ժամին կարդում էին օրվա հայերեն (գյավուրջա) խոսողների ցուցակը և թուրքավարի պատժում ամեն օր, մինչև որ բոլոր երեխաները վերջ տվեցին հայերեն խոսելուն: Պատժի ձևը հետևյալն էր. մեջքի վրա պառկեցնում էին, երկու ոտքերը վերև բարձրացրած երկու հոգի բռնում, իսկ ինքը` որբանոցի ղեկավարը, անձամբ գավազանով 100-200 հարված հասցնում ոտքերին: Վայ այն երեխային, որն այդ ծեծի ժամանակ կանչեր մայրիկ, մամա ջան, գազանը առավել կգազազեր և կշարունակեր իր հարվածները` մինչև քիչ հանդարտվեին կրքերը: Ծեծի այդ ձևը թուրքերեն ֆալախա քաշել էին անվանում: Շատ տղաներ ոտքերից վնասվածքներ ստացան և կաղ մնացին» [20]: Խոսելով որբանոցում հավաքված հայ երեխաների դաստիարակության մասին` Թ.Թադևոսյանը նշում է. «Մեզ դաստիարակում են մոլեռանդ թուրքեր, սովորեցնում թունդ շովինիստական ազգային երգեր, թուրք ազգի անցյալն ու ներկան գովերգող և պանթուրքիզմն ու պանիսլամիզմը գովաբանող: Անցել է ավելի քան վաթսուն տարի, և տակավին հիշում եմ այդ երգերից առանձին քառյակներ» [21]: Ցեղասպանությունը վերապրողի հուշերից նաև պարզ է դառնում, որ պարտությունից հետո, երբ թուրքերը փախչելիս են եղել, հանձնարարել են որբանոցի դեղագործ Ռիզա բեյին ճաշը թունավորելու միջոցով սպանել որբանոցի բոլոր երեխաներին: Սակայն թուրքացած բուլղար Ռիզա բեյը չի կատարել այդ ոճիրը, ինչի մասին հետագայում պատմել է որբանոցի սաներից մեկին, որին պատահաբար հանդիպել է Ստամբուլում:
Ավելի ուշ, երիտթուրքերի տապալումից հետո, հենց ինքը` Ջեմալ փաշան, պատմելով իր «որբախնամ» գործունեության մասին, ասել է. «Բռնագաղթի ենթարկված երեխաներին մահից և բարոյական վտանգներից փրկելու համար Սիրիայում պահեցի: Նրանց համար որբանոցներ բացեցի. մեկ հատը Լիբանանում` Ային Թուրա մենաստանում, երկրորդը՝ Դամասկոսում, երրորդն էլ՝ Հալեպում: Այս որբանոցները, որտեղ կային 3000-4000 երեխաներ, անձամբ իմ պաշտպանության տակ վերցրեցի և երեխաներին ուտելիք, հագուստ և դաս տալու համար ամբողջ ծախսերը բանակի բյուջեից վճարեցի» [22]: Այս հայտարարությանն անդրադառնալով` թուրքագետ Ռ.Մելքոնյանն իրավացիորեն նշում է. «Իհարկե, այս ամենը նա ասում էր, երբ արդեն տապալված էր երիտթուրքական իշխանությունը, և Ջեմալ փաշան խնդիր ուներ հումանիստ երևալու»[23] : 
Ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու թուրքացումը կատարվում էին նաև մուսուլմանական հասարակության միջոցով, որին էլ արտոնում և խրախուսում էին օսմանյան իշխանությունները: Մուսուլմանների կողմից հայ երեխաների «փրկության» շարժառիթը ոչ թե հումանիստական, այլ ավելի շատ շահադիտական մղումներն են եղել: Այս մասին Ռ.Մելքոնյանը մասնավորապես գրում է. «Խլելով և ձուլելով հայ երեխաներին` թուրք և քուրդ գյուղացիները մի կողմից՝ ձեռք էին բերում ձրի աշխատուժ, մյուս կողմից՝ հատկապես հայ աղջիկ երեխաները համալրում էին նրանց հարեմները» [24]:
 Հայոց ցեղասպանության ականատես վերապրող Արամ Անտոնյանն իր բացառիկ արժեքավոր գրքում, խոսելով հայ երեխաների իսլամացման մասին, շեշտում է, որ մուսուլմանական ընտանիքները հայ որբերին վերցնում էին զուտ շահադիտական նկատառումներով, սակայն դա ևս անհանգստացնում էր օսմանյան կենտրոնական իշխանություններին, քանի որ արդեն որոշակի տարիքի հասած հայ երեխաները կարող էին պահպանել իրենց հայկական ինքնագիտակցությունը և հարմար պահի հետ դառնալ: Փորձելով վերահսկել նաև այդ գործընթացը` Թալեաթը 1915թ. նոյեմբերի 5-ին հրահանգ է ուղարկում Հալեպ, պահանջելով. «Կ’իմանանք թէ Սվազի, Մամուրէթ-Իւլ-Ազիզի, Տիարպէքիրի, Էրզրումի նահանգներէն տարագրուած եւ ճամբուն ընթացքին իրենց ծնողներուն մեռած ըլլալուն հետեւանքով անոք մնացած ծանօթ անձնաւորութեանց (Հայոց) պզտիկները կարգ մը իսլամ ընտանիքներու կողմէ որդերգութեան եւ սպասաւորութեան կ’ընդունուին: Ձեր նահանգին մէջ գտնուող այդ կարգի տղաքը հաւաքելով` տարագրութեան վայրերը (անապատները) ղրկելնիդ եւ յարմար դատուած կերպով ժողովուրդին այս մասին պէտք եղած հրահանգները տալերնիդ իբր շրջաբերական կը ծանուցանենք»[25] : Սակայն Թալեաթի` հայ երեխաների հետ կապված իրական «մտահոգության» բուն պատճառը պարզ է դառնում կրկին Հալեպ ուղարկված նրա հաջորդ ծածկագիր հրահանգում, արդեն 1915թ. դեկտեմբերի 12-ին, որում ասվում է. «Հաւաքեցէք եւ սնուցէք այն որբերը միայն որոնք չեն կրնար յիշել զուլումը որուն ենթարկուեցան իրենց ծնողները: Մնացածները կարաւաններուն ընկերացնելով ղրկեցէք»[26] :
Բացի հրամաններից, որ Թալեաթն ուղարկել է տարբեր նահանգներ, նա իր անձնական օրագրում գրի է առել իսլամացված հայ երեխաների տվյալները, մասնավորապես, թե որ նահանգում մուսուլմաններին պետության գիտությամբ քանի հայ որբ է բաժանվել: Ստորև ներկայացնում ենք Թալեաթի օրագրի այդ հատվածը, որը տպագրվել է 2009թ. թուրք ուսումնասիրող Մուրադ Բարդաքչըի գրքում.
«Էրզրումի նահանգ՝ 500
Ադանայի նահանգ՝ 90
Դիարբեքիրի նահանգ՝ 1800
Տրապիզոնի նահանգ՝ 2292
Սեբաստիայի նահանգ՝ 1500
Ճանիկի գավառ՝ 561
Մարաշի գավառ՝ 25»[27] :
Ցեղասպանագետ Վ.Դադրյանը քննության է ենթարկել հայ որբերի հետ կապված քիչ ուսումնասիրված ևս մի թեմա: Ըստ Դադրյանի, հայ տղա երեխաները դարձել են նաև մանկապղծության զոհեր, քանի որ նրանց տիրացած մուսուլմանները նրանց հետ ունեցել են հոմոսեքսուալ կապեր և օգտագործել նաև այդ նպատակով: Հենվելով Հայոց ցեղասպանության շվեյցարացի ականատեսի վկայությունների վրա` Դադրյանը նշում է. «Հայ տղա երեխաները թե՛ ցեղասպանության հանցագործությունների ժամանակ և թե՛ իրենց որդեգրած թուրքական ընտանիքներում ենթարկվել են հոմոսեքսուալ բնույթի բռնաբարությունների» [28]:
Հայ երեխաների հետ կապված՝ առկա է նաև մեկ այլ տեսակետ, որի համար բերված ապացույցները բավական իրատեսական են դարձնում վարկածը: Այսպես, ցեղասպանության սկզբնական շրջանում թուրքերը և այլ մուսուլմաններ հայ երեխաներին վերցնում էին որպես ռազմավար, սակայն հետագայում, հանգամանքների փոփոխությունից հետո, նրանք ցանկացել են այլ կերպ ներկայացնել իրենց արարքը: Օրինակ, ցեղասպանության ականատես-վկա, գրող Վահան Մինախորյանը հետաքրքիր դիտարկում է անում` նշելով, որ ռուսական զորքի հաղթանակների ժամանակ թուրքերը ձգտել են իրենց տներում հայ երեխա պահել, որպեսզի «բարերարի հանգամանքով պատասխանատւութիւնից ազատւին...» [29]:
Որբ հայ երեխաները գտնվել են Օսմանյան կայսրության և հետագայում հանրապետական Թուրքիայի կարևոր ռազմական և քաղաքական գործիչներից մեկի` Քյազիմ Քարաբեքիրի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, հենց նրա հրամանով 1919-1921թթ. Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից հավաքվել են որբ հայ տղա երեխաները, որոնք Քարաբեքիրի հիմնած հատուկ դպրոցներում իսլամացվել են, ստացել ռազմական կրթություն, և հենց նրանցից է հետագայում ստեղծվել, այսպես կոչված, «երեխաների բանակը»[30] : Հենց թուրքական աղբյուրները փաստում են, որ այդ որբերին տրվում էր թուրքական ազգայնական կրթություն[31] : Իսկ աղջիկ հայ երեխաներին Քարաբեքիրի հրամանով սովորեցնում էին մանկաբարձական գործ[32]  կամ կար ու ձև, այնուհետև բաժանում մուսուլմանական գյուղերում[33] , իսկ աղջիկների մի մասին ամուսնացնում իր հիմնած դպրոցների շրջանավարտ տղաների հետ: Թուրքագետ-պատմաբան Արսեն Ավագյանը փաստում է, որ այդ տղա երեխաներից շատերը հետագայում լուրջ դիրք են զբաղեցրել հանրապետական Թուրքիայի բանակի սպայական անձնակազմում :[34] Քարաբեքիրի այս գործունեությունը Ռ.Մելքոնյանն իրավացիորեն համարում է օսմանյան մանկահավաքի սովորույթների շարունակություն, իսկ զինվորական կրթություն ստացած հայ որբերին անվանում է Օսմանյան կայսրության «վերջին ենիչերիներ»:[35]


[1] Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների ¨ Հայոց ցեղասպանության մասին  (խմբագիր` Պ.Հովհանիսյան), Երևան, 2011, էջ 451:
[2] տե°ս` Dadrian V., Soykırımın kurbanları çocuklar; Dadrian V., Türk kaynaklarında Ermeni soykırımı (toplu makaleler 2), İstanbul, 2005,  s. 313.

[3] Atnur İ., Türkiyede Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 52.
[4] Atnur İ., Türkiyede Ermeni kadınları ve çocukları meselesi (1915-1923), Ankara, 2005, s. 53.
[5] Նույն տեղում, էջ 56-57
[6] Նույն տեղում, էջ 557
[7] Նույն տեղում, էջ 65
[8] Նույն տեղում, էջ 68
[9] Զավէն Արքեպիսկոպոս, Պատրիարքական յուշերս. Վաւերագիրներ եւ վկայութիւներ, Գահիրե, 1947, էջ 138
[10] Յովակիմեան Յ., Պատմութիւն Հայկական Պոնտոսի, Պեյրութ, 1967, էջ 264:
[11] Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատասատնի առաջ, Երևան, 1983, հ. 2,  էջ 42
[12] Դևիս  Լ., Սպանդի նահանգը: Ամերիկյան դիվանագետի զեկուցագիրը հայկական ցեղասպանության մասին, 1915-1917թթ. (թարգմանությունը` Գրիգոր Ջանիկյանի), Երևան, 2001, էջ 279-280:
[13] Մելքոնյան Ռ., Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. Ընթացքը և հետևանքները, Երևան, 2010 էջ 30
[14] Տե°ս Parseghian Nora, “New revelation on the Armenian genocide”,
www.aztagdaily.com/EnglishSupplement/ FEA_02012006_0001.htm
[15] Տե°ս Մելքոնյան Ռ., նշված աշխ., ¿ç 30
[16] Տե°ս Özdemir H., Cemal Paşa ve Ermeni Göçmenler: 4. Ordu'nun İnsani Yardımları, İstanbul, s.187, նույնը տե°ս նաև` Adıvar H., Mor Salkımlı Ev, İstanbul, 2008, s. 264.
[17] Տե°ս ` Parseghian Nora, “New revelation on the Armenian genocide”,
www.aztagdaily.com/EnglishSupplement/ FEA_02012006_0001.htm.
[18] Տե°ս ` Հայոց ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի (առաջաբանը, թարգմանությունը  և ծամոթագրությունները` Ա.Հ. Փափազյանի), Երևան, 1989, էջ11:
[19] Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիունը, Նիւ Եորք, 1980, էջ13
[20] Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության և քաղաքական հայագիտության ակունքներում Արման Կիրակոսյանի թարգմանությամբ), Երևան, 2009, էջ 298-299:

[21] ÜáõÛÝ ï»ÕáõÙ, ¿ç 299
[22] Özdemir H., Cemal Paşa ve Ermeni Göçmenler: 4. Ordu'nun İnsani Yardımları, İstanbul, 2009, s. 23.

[23] Տե°ս Մելքոնյան Ռ., նշված աշխ., ¿ç 30-31։
[24] Նույն տեղում, էջ 33
[25] Անտոնեան Ա.., Մեծ ոճիրը: Հայական վերջին կոտորածները եւ Թալեադ փաշա, Երևան, 1990, էջ 180:

[26] Նույն տեղում, էջ 187
[27] Bardakçı M., Talât Paşa’nın Evrak-ı Metrûkesi, İstanbul, 2009, s. 89
[28] Dadrian V., Soykırımın kurbanları çocuklar; Dadrian V., Türk kaynaklarında Ermeni soykırımı (toplu makaleler 2), İstanbul, 2005,  s. 322-323.

[29] Մինխորեան Վ., 1915 թւականը. Արհաւիրքի օրեր, Թեհրան, 2006, էջ 327
[30] Ավագյան Ա.  Թուրքական բանակի բարձրաստիճան սպայության էթնիկական կազմի խնդիրների շուրջ, Հայկական բանակ, Երևան, 2007, թիվ 1, էջ 40:

[31] Başyurt E., Ermeni evlatlıklar, İstanbul, 2006, s. 41
[32] Ի դեպ պատահական ճէ, որ հետագայում Թուրքիայի շատ բնակավայրերում հանդիպում են բռնի կրոնափոխված հայուհիներ, որոնք աշխատում էին որպես մանկաբարձ:

[33] Özbay F., 1911-1922 yıllarında Anadolunun Kimsesiz Kız Çocukları; Savaş Çocukları: Öksüzler ve Yetimler, İstanbul, 2003, s. 113
[34]  Ավագյան Ա.  Թուրքական բանակի բարձրաստիճան սպայության էթնիկական կազմի խնդիրների շուրջ, Հայկական բանակ, Երևան, 2007, թիվ 1, էջ 42
[35] Այս մասին ավելի մանրամասն տե°ս` Մելքոնյան Ռ., 20-րդ դարի ենիչերիները. Խեղված ճակատագրեր, Հանրապետական, Երևան, 2007, թիվ 9, էջ 5-10

Комментариев нет:

Отправить комментарий