суббота, 11 мая 2013 г.

Barcamp 2013: Ֆորումների մարտերից մինչև ադրբեջանական կեղծ կայքեր. Սամվել Մարտիրոսյան



Այսօր Barcamp 2013-ին Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց հետաքրքիր մի դասախոսություն՝ ադրբեջանական կեղծ էջերի (fake profiles) և ադրբեջանցիների կողմից բացված ռուսալեզու և հայալեզու կայքերի մասին, որոնց թիրախը հայկական լսարանն էր և միջազգային հանրությունը:
 barcamp yerevan azerbaijan 2013 website


Նշվեց, որ ադրբեջանցիների դեմ պայքարը սկսվել է դեռևս ֆորումներից, որտեղ հայ օգտատերերին առավել հետաքրքիր էին երկու թեմաներ՝ «կարմիր խնձոր» և ադրբեջանցիների դեմ համացանցային պայքար ու բանավեճեր: Հիմա այս միտումն այդքան էլ տարածված չէ, բայց տարիներ առաջ բոլոր այն հայերը, ովքեր քիչ թե շատ օգտվում և հասկանում էին համացանցից, ֆորումներում թեժ քննարկումների մեջ էին Արցախի, հայերի ծագման, հայկական մշակույթի, Ցեղասպանության, Խոջալուի մասին հայ-ադրբեջանական օնլայն մարտերում: Հետո այս պայքարը պետական մակարդակով տարվեց, և ստեղծվեցին պետական կառույցներ: 
barcamp 2013 azeri azerbaijani websites fake profiles

Ադրբեջանցիները հայերից էին սովորել կեղծ հայկական կայքեր ստեղծելը: ;) Օրինակ՝ հայերի կողմից ստեղծված մի կայք տարածել  էր, որ Քաբուլ-Բաքու չվերթով մոջահեդներին տանում են Աբխազիա՝ ռուսների դեմ վրացիների կողմից կռվելու նպատակով, և շուտով էլեկտրոնային ԶԼՄ-ները ակտիվորեն սկսեց շրջանառել այս լուրը:
Ադրբեջանցիներն էլ սկսեցին հայկական .am տիրույթում կայքեր գրանցել, սակայն մեզ համար գրեթե անհնար է շարժվել նույն մարտավարությամբ, քանի որ .az տիրույթում կայք գրանցելու համար անհրաժեշտ է նախ Ադրբեջանի տարածքում գտնել համակիր ադրբեջանցի, որը կերաշխավորի ձեզ:

Այսպիսով, ադրբեջանցիների կողմից հակահայկական քարոզչության նպատակով բացված կայքերից ավելի հայտնի են.
1.Xronika.am-ըստ պարոն Մատիրոսյանի՝ իրենք գիտեին, որ կայքն ադբեջանական էր, բայց բավականին երկար ժամանակ xronika.am-ը լռում էր, սակայն 2008-ի օգոստոսին վրաց-օսական պատերազմի ժամանակ ակտիվացավ: Սկզբում լուր տարածեց՝ իբր ռուսական ինքնաթիռները Թիֆլիսը ռմբակոծում են Հայաստանի տարածքից, ապա՝ իբրև թե Ջավախքի հայերը երկրորդ ճակատ են բացել ու թիկունքից հարվածելու են վրացիներին: Ճիշտ է՝ նյութերն անգրագետ ռուսերենով էին, բայց պատերազմական իրարանցման մեջ դա ոչ ոքի չէր հուզում, և լուրերը մեծ տարածում գտան ու արտատպվեցին անգլալեզու մամուլում: Կայքը շուրջ մեկ տարի իր սև գործն արեց, մինչև Հայաստանում ընդունեցին տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: 
2.Versiya.am- փնտրող համակարգերից մուտքը փակված էր, միակ հղումն ադրբեջանական bakillilar.az-ն էր տալիս:
3.Armenianreport.com-ադրբեջանցիները շուտով հասկացան, որ .am տիրույթում կայք բացելն արդեն կասկածելի է, սկսեցին .com-ում բացել: Ցավոք, Armenianreport.com-ը գործում է մինչ օրս: Կարևոր է հնարավորինս հաճախ հիշեցնել հայ օգտատերերին, որ ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող այս կայքն ադրբեջանական է:
4.Armenia.az-2007-2008-ին հայերը հիմնականում ռուսալեզու նյութեր էին կարդում, այժմ՝ հայերեն, բացի այդ էլ հայկական կայքերն են շատացել, ուստի ստեղծվեց Armenia.az-ը, որն .az տիրույթում է, ուստի ակնհայտ է, որ ադրբեջանական է:
5.Proarmenia.info-որը շատ կարճ կյանք ունեցավ. բացվել էր ինքնահռչակ հաքեր Bozgurd-ի կողմից, ինչը բացահայտվեց վերջինիս ICQ-ի հասցեի միջոցով:
Ամփոփելով Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց, որ ներկա դրությամբ շատ ավելի նպաստավոր է ու մատչելի նամակներ ուղարկել կայքերի էլեկտրոնային հասցեին կամ սոցցանցերում ապատեղեկատվություն տարածել, քան թե դոմեյն գնել ու կայք ունենալ: Դրա վառ օրինակը Ադրբեջանի հաքերական թիմերից մեկի կողմից տարածված այն ստահոդ լուրն էր՝ իբր իրենք կոտրել են 816 հայկական կայք, որոնց ցուցակում իրականում ոչ մի հայկական կայք չկար:
Իմ կողմից հավելեմ հայկական լսարանին ուղղված trend.am կայքի մասին, որը ևս ադրբեջանական էր, քանի որ ադրբեջանական azadliq.info և qaplanlar.com-ի հետ նույն սերվերի վրա էր: Այս ընթացքում ստեղծվեց նաև ռուսալեզու հայկական մի կայք՝ Ադրբեջանի տեղեկատվական սադրանքների և ստերի մասին` http://misinformative.info :)  որտեղ էլ արտացոլվում են ադրբեջանցի ձախողակ հաքերների և կարճ կյանք ունեցող կայքերի մասին պատմությունները:

1 комментарий:

  1. Հավելեմ,որ,օրինակ,«Ֆեյսբուք»-ում բավական տարածված են հակահայկական քարոզչություն անող նման էջերը:Դրանց շարքում կան նաև այնպիսիք,որոնք առերևույթ,իբր,«հաշտության,խաղաղության, համերաշխության,հանդուրժողականության ու երկխոսության» նպատակով են ստեղծված:Հաճախ սրտաճմլիկ ոճով գրված մի շարք հոդվածները կարդալուց-վերլուծելուց հետո ակնհայտ է դառնում դրանցում «նրբորեն-վարպետորեն խցկած» կակահայկական ենթատեքստը,որում կարմիր թելի նման ընդգծվում են ադրնեջանա-թուրքական կեղծիքներն ու խեղաթյուրումները:
    Անհրաժեշտ է «ռեփորթ անել» (բողոքել) «Ֆեյսբուք»-ում առկա նմանօրինակ էջերը:

    ОтветитьУдалить