вторник, 21 мая 2013 г.

Սահմանամերձ-Սահմանապահ գյուղը մի մարդու պես կկռվի թուրքի դեմ, բայց խաղաղություն է ուզում (interview/photo)



Բարեկամավան…

tavush, barekamavan,village, border, azerbaijan



Գյուղը  ՀՀ  Տավուշի մարզում է՝ նախկին Նոյեմբերյանի շրջանի արևելյան հատվածում՝ Ոսկեպար լեռնաշղթայի հյուսիսային լանջերին։ «Բարեկամավան» անունը կրում է 1978-ի հունվարի 25-ից, սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու և Ալբայրամլու գյուղերին: 
Մայիսի 18-ին` վաղ առավոտյան, ուղևորվեցինք դեպի գյուղ: Ճանապարհը երկար էր (գոնե ինձ համար :) ), բայց անհամբեր սպասում էի՝ երբ եմ կյանքումս առաջին անգամ ոտք դնելու այդ շրջան և ամենակարևորը՝ սահմանամերձ ու ՍԱՀՄԱՆԱՊԱՀ գյուղ:
Հակառակ իմ սպասումների՝ արևոտ ու տաք եղանակ էր: Մեզ դիմավորեց գյուղապետը: Մինչ գյուղապետարանի սենյակներից մեկում սեմինար-քննարկում էր ջերմոցների վերաբերյալ, 2008-ի հոկտեմբերից Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը սիրով պատասխանեց իմ հարցերին:
barekamavan border azerbaijan tavush armenia
 Գյուղապետը՝ գյուղի 95-ամյա տատիկի հետ
_Գյուղում 313 մարդ է ապրում, մեծամասնությունը տարեց են, դպրոցում 35 աշակերտ կա, 20 աշխատող, վերջին անգամ վերանորոգվել է 1998-ին, ներկայումս, կարծում եմ, կա վերանորոգման կարիք: Հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ և հողագործությամբ, 60-70 տոկոսն անասուն ունենք, ընդհանուր առմամբ՝ 130-140 գլուխ ոչխար: Ցավալի բան պետք է ասեմ. այս պահին հողատարածքների մոտ 90%-ը հակառակորդի կողմից ականապատված է, սահմանին է մնացել: Ականազերծման աշխատանքներ գյուղում երբևէ չեն կատարվել: Ունենք 50-55 հա պարարտային հողատարածքներ, որտեղ արդեն երրորդ տարին է՝ Համահայկական հիմնադրամի 35 մլն դրամի ներդրմամբ աշնանացան ենք անում: Մեր համայնքը ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է, ասեմ, որ այսօր՝ գազաֆիկացման աշխատանքներ են ընթանում, և հուսով ենք՝ աշնանն արդեն ավարտված կլինեն: Կարևոր էր դեռևս 2004-ին Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան ճանապարհի կառուցումը, որն ապահովում է կապը շրջկենտրոնի հետ և ռազմավարական նշանակություն ունի: Սեյրան Օհանյանը հաճախ է այցելում մեզ, հանդիպում է ժողովրդի հետ, արդեն 2 մեքենա է տրամադրել համայնքին: Չի ցանկանում, որ շատ մարդ իմանա, բայց կասեմ, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը՝ 4 մլն դրամ, ինքն է տվել: Փոխվարչապետն էլ 2-3 անգամ եղել է գյուղում: «Սահման» ՀԿ-ի օգնությամբ 5 ջերմոցի տեղադրումը գյուղում մեծ ոգևորություն է առաջացրել, մի անգամ բերք արդեն ստացել ենք, բերքի մի մասն էլ վաճառում ենք: Կառավարության՝ հողի հարկի նոր օրենքը մեզ համար իրոք օգուտ էր, ժողովրդից էլ փող չենք հավաքում:




Իմ այն հարցին՝ թե ադրբեջանցու կերպարն ինչպես է ընկալվում՝ Գարիկն ասաց.

_Մեր խնձորի, հողի, դեղձի պտղատու բոլոր ծառերն իրենց մոտ են մնացել, իրենք մեր հակառակորդն են, բայց մենք խաղաղություն ենք ուզում: Խաղաղությունն է առաջնային խնդիրը, որ հայ գյուղացին կարողանա իր հողամասը մշակել՝ առանց կյանքը վտանգելու: Մի քանի ամիս առաջ, երբ Չինարիի հատվածում լարվածություն էր, կրակել էին մեր խաղաղ բնակիչներից մեկի վրա, բայց նման դեպքերը հազվադեպ են: Պատերազմի ընթացքում 17 զոհ ենք տվել, 1994-ի հունիսի 18-ին մեկ օրում 7 հոգի զոհվել է, առաջին անգամ դիրքեր էինք դրել, ադրբեջանցիները մտել, վրանում 7-ին սպանել էին: Զոհվածների ընտանիքները Պաշտպանության նախարարի հոգածության ներքո են: Շատ կուզենայի՝ նրանց հիշատակին հուշաքար դնել: 

_Մեկուսացված չենք զգում՝ չնայած աշխարհագրական դիրքով կտրված ենք: Շփվում ենք նաև կողքի համայնքների՝ հիմնականում Կոթիի հետ: Անցած տարվա սկզբին «Հայ ասպետի» Կարին Տոնոյանը խմբով եկավ, միջոցառում անցկացրինք, շատ ողջունելի էր: Կուզենայինք, որ հաճախակի գային Երևանից, շփվեին մեր երեխաների հետ: Խնդիրներ իհարկե կան: Նախ ոռոգման ջրի խնդիրն է, հետո էլ մի տարի շատ կաթ ստացանք, բայց ընկերությունները գյուղացուն հարմար գնով չվերցրին, մի մասը ստիպված թափեցինք: Արտագաղթն էլ կա, չեմ կարող հերքել, բայց դե ամեն խնդիր լուծելի է, կարևորը պատերազմ չլինի: Ասեմ նաև, որ պատերազմ չենք ուզում, բայց եթե լինի, գյուղացին առանց կասկածելու զենք կվերցնի ու կկռվի:
Նշանակալից էր նաև գյուղի նոր մատուռի՝ եկեղեցու բացումը, 2011-ի օգոստոսի 19-ին Ստավրոպոլից հայազգի Ցոլակ Միքայելյանի հովանավորությամբ: Դրսում ապրող բարեկամավանցիներն էլ եկան, լավ միջոցառում անցկացրինք:





Գյուղապետի խոսքերի իսկության մեջ համոզվելու համար «Սահման» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջորջ Տաբակյանի հետ շրջեցինք գյուղի մի քանի ջերմոցներով: Բնակիչները, որոնք արդեն սովորել են ու անձամբ են հետևում ջերմոցներին, ստացան խորհրդատվություն, թունաքիմիկատներ և պարարտանյութեր:











Գյուղացիները պատմեցին, որ ջերմոցների գործն իրոք դուր է գալիս իրենց, նույնիսկ սկզբնական շրջանում ընտանիքների մեջ թեժ մրցակցություն կար՝ ում ջերմոցի բերքն է առատ ;) Եվ հետաքրքիրն այն էր, որ գյուղի կանանց մեծ մասն էլ էր մասնագիտացել ջերմոցների հարցում, արդեն հստակ գիտեին՝ որ պարարտանյութը երբ են տալու բույսերին: Ջերմոցները նաև տեղի երեխաների խինդ-ուրախությունն էին: 


Ինձ համար անմոռանալի էր նաև այն պահը, երբ գյուղի տատիկներից մեկը մեր մեկնելուց առաջ ձեռքս բռնեց ու տարավ իրենց պատշգամբ, կարոտալի հայացքով նայեց սահմանից այն կողմ մնացած իրենց ցանքատարածություններին և ուղիղ աչքերիս մեջ նայելով, համոզված ձայնով ասաց. «Էլի մերն ա, հետ ենք բերելու, էդ օրը ես էլ կտեսնեմ…»: 


1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить