среда, 22 мая 2013 г.

Սահմանամերձ-Սահմանապահ Բերքաբեր. դրախտի մի մասնիկ՝ երկրի վրա (interview/photo)



Մայիսի 18-ին՝ Բարեկամավան այցից հետո, ուղևորվեցինք ինքնատիպ անունով մի գյուղ՝ Բերքաբեր…


Բերքաբերը ՀՀ Տավուշի մարզում է՝  նախկին Իջևանի շրջանի հյուսիսային հատվածում՝ Ջողազ անունը կրող գետի հովտում, Սարիգյուղից 3 կմ հյուսիս։ Գյուղը նախկինում անվանել են Ջողազ. Բերքաբեր է կոչվում 1978-ի հունվարի 25-ից։ Ասեմ նաև, որ Արցախյան հերոսամարտի տարիներին՝ 90-ականների սկզբին, եղել է պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից: Գյուղի կառույցների մեծ մասը վնասվել էր ադրբեջանցիների հրետակոծությունից:





Գյուղ մտնելիս աչք է զարնում այն, որ ամեն տեղ ծառեր ու այգիներ են, կլիման էլ հիասքանչ է: Մարդիկ էլ՝ աշխատասեր ու ժպտերես, և ամենակարևորը. մոտ երեք ժամ գյուղում մնացինք, նույնիսկ մեկ անգամ «փող չունենք», «արտագաղթ» բառերը չլսեցինք: Բնակիչները՝ մեծից փոքր, աշխատում են, իրենց սեփական ձեռքերով արարում, ինչ-որ մի զբաղմունքով լցնում առօրյան: Տնամերձ հողամասերից մեկում նկատեցի տապ եղանակին այգում աշխատող մի տատիկի, որը բարևիս պատասխանեց օրհնանքով:

Ինձ ճիշտ էին ասել նաև այն, որ գյուղում երիտասարդ չամուսնացած տղաները շատ են, «հա, ազաբներ շատ ունենք»,-ինչպես նկատեց գյուղացիներից մեկը: :)
«Սահման» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջորջ Տաբակյանի հետ շրջեցինք գյուղում մեծ թիվ կազմող ջերմոցներով, որոնք վաղուց դարձել էին տեղաբնակների սիրելի զբաղմունքը: Նրանք առատ բերք էին ստանում, մի մասն էլ՝ վաճառում: 

Հյուրընկալվեցինք տիկին Գրետայի տանը. վերջինս իսկույն ցույց տվեց ադրբեջանցիների կրակոցների արդյունքում իրենց հյուրասենյակի պատի մեջ մխրճված փամփուշտները և Արցախյան պատերազմի տարիներին հրետակոծությունից վնասված պատշգամբի ձողերը:


Հարևան Այգեհովիտ գյուղից հարս եկած կինն արդեն 29 տարի բնակվում էր Բերքաբերում, և գիտեր գյուղի մասին բացարձակապես ամեն ինչ.
_Բերքաբերը մինչև կռիվները շատ հարուստ գյուղ է եղել, ընտիր հողեր ենք ունեցել, բայց մեծ մասը հիմա ադրբեջանցիներին է մնացել: Տնամերձ հողամասերը բոլորը մշակում ենք՝ վարունգ, լոբի, եգիպտացորեն, շատ են մեր պտղատու ծառերը: Ես մեր թզի ծառերի բերքի մեծ մասը վաճառում եմ: Գյուղում 5-ից ավելի ընտանիք փեթակներ ունի: Զբաղվում ենք նաև անասնապահությամբ: Շատ ուրախ ենք, որ գյուղապետը լուծել է ջրի հարցը, հիմա մեզ համար խնդիրն այն է, որ մանկապարտեզ չունենք, քանի որ մանկապարտեզային տարիքի երեխաները գյուղում 20-ից ավել են: Դպրոց ունենք՝ մոտ 40 աշակերտով, դպրոցում համակարգիչներ էլ ունենք: Գյուղի տղամարդկանցից շատերն աշխատում են՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Իմ տղան Իջևան քաղաքում սպա է: Մենք չենք դժգոհում, տա Աստված՝ խաղաղություն լինի…
Ցավոք, ինձ չհաջողվեց զրուցել գյուղապետ Արթուրի հետ, քանի որ վերջինս այդ օրը դուրս էր եկել գյուղից: Այնուհանդերձ, տեսանք վերանորոգվող դպրոցի շենքը, նոր կառուցվող եկեղեցին, ինչպես նաև թանգարանը, որի մասին առանձին կխոսեմ ;) :


Տիկին Գրետայի թոռնուհիներ Գրետան ու Գաբրիելան մեկնելուց առաջ ինձ ուղեկցեցին գյուղի հրաշալիքը համարվող, 1975-ին կառուցված Ջողազ ջրամբարի մոտ: Այստեղից բացվում էր աննկարագրելի մի տեսարան՝ կանաչը, ծառերը, ափը, լեռներն ու…Գավարզինը՝ գավազանի նման հսկա, սև սարը, որը ներկայումս ադրբեջանցիներն են վերահսկում: Տեղացիներից մեկը պատմեց, որ սարի մյուս կողմում հայկական Ս. Սարգիս վանք է եղել: Ներկայումս ջրամբարի մի ափը մենք ենք տնօրինում, մյուսը՝ հակառակորդը…













Փոքրիկների հետ նայում էինք դիմացի ափին, որտեղ ադրբեջանցիներն ինչ-որ բան էին վառել: 4-ամյա Գրետային հարցնում եմ.
_Էն հեռվի սարը ու՞մն է:
_Մերն ա:
(իրականում ադրբեջանցիներն են վերահսկում այս հատվածը)
_Էն մյուս սարը ու՞մն է:
_Մերն ա էլի:
_Բա էն աջ կողմի՞նը:
_Վայ, հարցեր մի տուր, ինչ էրևում է, մերն ա, սաղ էլ մերն ա:
_Ի՞նչ գիտես:
_Տատին ա ասել, մեկ էլ պապան:
_Գրետ, այ Գրետ, ուզու՞մ ես գնաս էստեղից:
_Գի՞ժ ես, չէէէէէ, չեմ ուզում:
Եվ գյուղում բոլորն էլ ժամանակ առ ժամանակ իջնում էին ափ, լողանում, ձուկ բռնում, նայում հեռուն՝ անկեղծորեն համոզված լինելով, որ մերն է այն մյուս ափն ու Գավարզինը և մերն է լինելու, իսկ դրան հասնելու և այն վերցնելու համար պետք է ունենալ ուժեղ, ստեղծող, հայրենանվեր ու կիրթ սերունդ:

1 комментарий:

  1. «մոտ երեք ժամ գյուղում մնացինք, նույնիսկ մեկ անգամ «փող չունենք», «արտագաղթ» բառերը չլսեցինք:»

    Ինչ որ նկատել եմ հայերի մէջ, նա այն է որ նրանց բնակչութեան վայրը մեծ դեր է խաղում:

    Այն մարդիկ ովքեր ապրում են, կամ նրանց արմատները գալիս են Լեռնային շրջաններից, լինի դա ներկայ Հայաստանի կամ Պատմական Հայաստանից, ընդհանրապես լինում են աւելի հայերանսէր, աւելի քաջ, աւելի լաւատես, մարտունակ, մշակութասէր եւայլն: Իսկ նրանք ովքեր ապրել տափակ շրջաններում(խօսքս նամանաւանդ Երեւանի եւ Արարատեան դաշտավայրի մասին է) ցուցաբերում են յոռետես, պարտուողական, տկար մօտեցում(բացառութիւնները յառգելով): Դրա համար երբեք էլ չեմ զարմանում որ այս գիւղացիները շատ դրական տպաւորութիւն են թողել:

    ОтветитьУдалить