пятница, 21 июня 2013 г.

Գեզի. Ինչու և ինչպես սկսվեց ու ինչ կլինի.թուրքագետները մեկնաբանում են



Ցույցեր…Ջրցող մեքենաներ…արցունքաբեր գազ…Էրդողանի ծաղրանկարներ…Աթաթուրքի նկարներ…Գեզի

gezi turkey armenian taksim



Վերջին օրերին բոլորս կարդում ենք Թուրքիայում զանգվածային ցույցերի ալիքի մասին, որը սկսվեց Գեզի զբոսայգու խնդրի շուրջ: Տեսակետները բազմազան են. հայ ընթերցողին պատկերն առավել ամբողջական ու հավաստի ներկայացնելու նպատակով՝ փորձեցի մեկնաբանություններ վերցնել թուրքագետներից:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը պարզաբանում է. «Գեզիի դեպքերը, ըստ իս, սկսվեցին ինքնաբուխ, բայց այն ուժերը, որոնք սկսեցին պայքարը՝ բնապահպանական ուժեր, միջազգային կառույցներից ու միջազգային կազմակերպություններից սնվող ուժերն այս կամ այն կերպ որոշակի ուղղորդում ստանում էին դրսից: Արևմուտքը սկզբում փորձում էր օժանդակել Թուրքիայի կառավարությանը. արևմտյան լրատվամիջոցները օր-օրուկես լուռ էին կամ պասիվ, իսկ արաբական երկրների ցույցերը, հիշում ենք, հրատապ և ուռճացված էին ներկայացնում: Երբ Գեզիի շուրջ իրադարձությունները զարգացան, Արևմուտքը չէր կարող լռել. միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հարկադրված էին հայտարարություններով հանդես գալ՝ փրկելու ժողովրդավարի իրենց դիրքը, բացի այդ էլ հարմար առիթ էր Թուրքիայի՝ տարածաշրջանում առաջատար դիրք գրավելու միտումը զսպելու:
ԱԶԿ-ն ու վարչապետը ունեն հեղինակություն, դրա վկայությունն են հազարավոր մասնակիցներով վերջին ցույցերը՝ ի պաշտպանություն վարչապետի, Էրդողանը հենվում է հենց այս զանգվածի վրա, գիտակցելով ստվար ընտրազանգվածը՝ կոպիտ, նույնիսկ ոչ դիվանագիտական բառապաշարով պատասխաններ է տալիս Արևնուտքին: Թուրքիան Արևմուտքի համար արդեն վտանգավոր ու իր դերը գերագնահատող պետություն է: Ցուցարարների շարքերում հիմնականում միջին ու ցածր խավի երիտասարդներ են՝ ձախակողմյաններ, Արևմտյան ժողովրդավարության հովերով տարված զանգված, բայց շարժումը չունի էթնիկ բնույթ: Կարծում եմ՝ շարժումը կրիտիկական մակարդակի չի հասնի. օրերս Էրդողանը հանդիպեց ցուցարարների հետ, բողոքի ցույցի մասնակիցներն էլ նրա գնալուց հետո իրար մեջ վիճեցին՝ ցույցը շարունակելու թե դադարեցնելու շուրջ, սա էլ վկայում է ցուցարարների՝ անկազմակերպ լինելու մասին: Այնուհանդերձ, Գեզիի դեպքերը ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բավականին զգայուն է դարձել. 40 նահանգներում մի վայրի ծառահատման համար մեկ օրում ցույցի ալիք բարձրացավ, դա կարող է նորից կրկնվել: Ներկայումս միտում կա մարելու, բայց սա հետաքրքիր սոցիալական ազդակ էր Թուրքիայի համար, թուրքական հասարակության մի որոշակի հատված այլընտրանքային՝ աշխարհիկ ուժի կարիք ունի: Գուցե մյուս խորհրդարանական ընտրություններում այս շարժման առաջնորդները մտնեն խորհրդարան կամ Կանաչների շարժմանը նոր թափ հաղորդվի: Թե՛ միտինգների, թե՛ ընտրությունների ժամանակ Էրդողանի կողմնակիցներն անհամեմատ շատ են»:

Իսկ ահա թուրքագետ Մհեր Աբրահամյանը կարծում է, որ ցույցը կարող էին կազմակերպած լինել Էրդողանին մոտ կանգնած ուժերը. «Կազմակերպիչ որպես այդպիսին չի երևում: Կան որոշ հասարակական կազմակերպություններ որոնք այսպես ասած պաշտպանում են կանաչ տարածքները: Ես ավելի վաղ կարծիք եմ հայտնել, որ սա կարող է կազմակերպված լինել հենց իշխանությունների կողմից: Ձեռնտու է իհարկե հակաԱԶԿ-ական կուսակցություններին և նրանցից որոշները փորձեցին խառնվել Գեզիի դեպքերին, սակայն շուտով հետ կանգնեցին, ինչն էլ հենց պատճառ է, որ ես չբացառեմ՝ կազմակերպված է Էրդողանի կողմից: ԱԶԿ-ն հիմա բավականին ուժեղ է. եթե իմ կանխատեսումը ճիշտ է, և սա կաղզմակերպել է իշխանությունը և դեպքերը ավարտվեցին ու հարցը լուծվեց, ապա արաբական աշխարհից Թուրքիան մի քայլ բարձրանում է՝ ցույց տալով, թե ինչպես պետք է լուծել հարցերը սեփական երկրում, իսկ Արևմուտքին՝ թե ինչպիսի ժողովրդավար երկիր է Թուրքիան և ինչպես կարողացավ առավել քիչ զոհերով ու ռեֆերենդումի օգնությամբ լուծել այս հարցը»: 

Թուրքագետ Արտակ Շաքարյանը խոսեց «Արաբական գարնան» ու Գեզիի դեպքերի նմանության և տարբերության մասին. «Նման են` չունեն հստակ առաջնորդ, տարբեր են` Էրդողանը իրական քվեի ուժով վերընտրված առաջնորդ է ով ունի մոտ 50 տոկոսի վստահություն, ի տարբերություն Քադաֆիի կամ Մուբարաքի: հայտարարաությունների մակարդակով գուցե Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում խոսվի ժողովրդավարությունից, ճնշումներից, և այլն, սակայն ռեալ պոլիտիկում սա իր ազդեցությունը չի ունենա եթե Էրդողանը կարողանա մինչև սեպտեմբեր հարցերը լուծել: ԵՄ-ի դեպքում այս դեպքերը հավելյալ խաղաթուղթ են սկեպտիկների ձեռքը, բայց հիշեցնեմ, որ Կիպրոսի նման մեծ խնդիր կա, ու այս դեպքերը պարզապես մանրադրամ են:
Կարծում եմ՝ Թուրքիա-Արաբական աշխարհում գուցե ԱՄՆ-ն առաջիկա ժամանակաշրջանում դադարի Թուրքիան ներկայացնե՝լ որպես ժողովրդավարության իսլամական մոդել, սակայն Թուրքիա-Արաբական աշխարհ հարաբերությունների վրա դեպքերը բացասական չեն անդրադառնա, քանի որ Էրդողանը պաշտպանում է հենց իսլամի շահերը` ընդդեմ «անհավատների»: Սիրիայի հարցում Ասադի հետ հարաբերությունները ամեն դեպքում արդեն վատից էլ վատ են, սակայն դեռ օդում կախված է քրդերի հետ միասին Սիրիա ներխուժելու հարցը...երևի սպասում են, որ ամերիկյան զենքը հասնի ապստամբներին»:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ ԶԼՄ-ների արձագանքին. «Արևմտյան մամուլը մի փոքր ուշ արձագանքեց, սակայն ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Դրանից հետո  Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին Արևմուտքում ավելի տեղեկացված էին քան Թուրքիայում: Օրինակ, երբ CNN-ով ցուցադրում էին, թե Գեզի այգում ոստիկաններն ինչպես էին ջարդում  քաղաքացիներին, թուրքական CNNturk-ը պինգվինների մասին վավերագրական ֆիլմ էր ցուցադրում: Այստեղից հետևություն, որ թուրքական հեռուստաընկերություններն ամեն կերպ խուսափում էին Գեզիի իրադարձությունների լուսաբանումից, սակայն քաղաքացիների բողոքի գործողությունները հեռուստաընկերությունների շենքերի դիմաց, ստիպեցին որոշակի փոփոխությունների գնալ և որոշ չափով լուսաբանել: Զարգացումների մասին առավել մանրամասն տեղեկացնում էին ընդդիմադիր պարբերականներն ու կայքերը, որոնց թիվը շատ չէ:  Սոցցանցերը` հիմնականում Facebook-ը եւ Twitter-ը, մեծ դեր ունեցան տեղեկությունների  արագ տարածման ու ակցիաների արագ կազմակերպման մեջ: Իզուր չէ, որ Էրդողանը Twitter-ն անվանեց որպես փորձանք: Բացի այդ, տեղի ունեցան մի շարք ձերբակալություններ, որոնք կապված էին Twitter-ում թողած գրառումների հետ: Գեզիի դեպքերը զուտ ներթուրքական են՝ ծագմամբ ու շարունակությամբ, թեև մյուս հավանական վայրը որտեղ կարող է  փոխանցվել  հակակառավարական բողոքի ակցիաները, Ադրբեջանն է: Էրդողանը քրդական հարցի կարգավորման ճանապարհին իրեն արդեն սուլթան էր զգում և Սիրիայի հարցում իրեն թույլ էր տալիս ավելին, քան նրան հանձնարարել էր Արևմուտքը. վերահսկողությունից դուրս եկած Էրդողանը ձեռնտու չէ Արևմուտքին: Թուրքիայում սկսված հակակառավարական ցույցերը կստիպեն Էրդողանին սթափվել, իսկ այս համատեքստում Արևմուտքն ուներ իր շահը` հիշեցնելու Էրդողանին իր տեղը»:

Ստամբուլից վերջերս վերադարձած, Թուրքագիտական պորտալի «էլեկտրոնային թուրքագետ» Գևորգ Պետրոսյանը կիսվում է իր տպավորություններով. «Գեզի զբոսայգու համար բնապահպանական ոչ մեծ շարժումը մեկնարկեց մայիսի 28-ին, իսկ արդեն երեք օր անց, երբ թուրք ոստիկաններն այգուց դուրս հանեցին այդ խմբին, Թուրքիայի գրեթե ողջ տարածքով սկիզբ դրվեց զանգվածային հակակառավարական ցույցերին: Գեզիում ծառահատման և շինարարության դեմ բողոքի այդ ակցիան ընդամենը պատրվակ էր, որպեսզի Թուրքիայում տարիներով կուտակված դժգոհությունն Էրդողանի իշխանության նկատմամբ դուրս հորդեր և մեզ հայտնի ընթացքը ստանար:
Թուրք ոստիկանները այդ դեպքերից շատ առաջ էլ մշտապես աչքի են ընկել տարբեր ցույցերի ժամանակ արցունքաբեր գազի մեծ չափաբաժիններ և ջրցան մեքենաներ օգտագործելով: Չեմ կարծում, որ լուրերը չափազանցված են, մանավանդ երբ թուրքական լրատվամիջոցներն աշխատում են կարելի է ասել գրաքննության պայմաններում, և այդ դեպքում իրավիճակն ավելի մեղմ ներկայացնելն ավելի հասկանալի կլիներ: Իմ կարծիքով` չափազանցրած էին այն պնդումները, թե ցուցարարների դեմ որոշ քիմիական զենքեր և նյութեր էին (ասեն` Ագենտ Օրանժի մասին լուրերը) օգտագործվում:
Ես զրուցել եմ ոչ միայն ցուցարարների հետ անմիջապես Գեզիում, այլ նաև Ստամբուլի այլ հատվածներում: Զրուցել եմ նաև ցույցերին չմասնակցող ստամբուլցիների հետ, և հետաքրքիր է, որ իմ այս զրուցակիցների ճնշող մասն Էրդողանին էր աջակցության խոսքեր ուղղում: Գեզիում նշում էին, որ պայքարելու են մինչև վերջ և թույլ չեն տալու Էրդողանին իրեն սուլթան զգալ: Գեզիում հավաքվածները փորձում էին նաև իրենց մինչ այդ ոչ այնքան հայտնի կուսակցություններն ու կազմակերպությունների քարոզչություն անել:
Ստամբուլի հայ համայնքի տարբեր շերտերում կան ինչպես Էրդողանի չափավոր կողմնակիցներ, այնպես էլ նրա ընդգված ընդդիմադիրներ: Օրինակ, Գեզիում բավական ակտիվ էր հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպությունը: Կային նաև ցույցերի այլ հայ աջակիցներ: Առանձնանում էին նաև նրանք, ովքեր փորձում էր չեզոքություն պահպանել այս հարցում կամ էլ բացահայտ չարտահայտել իրենց կողմնորոշումը: Չեմ պատկերացնում, որ այս շարժումն ունակ կլինի հասնել Էրդողանի և նրա համակիրների` իշխանությունից հեռացմանը»:

Հաշվի առնելով, որ իմ բլոգը կարդում են մեծ թվով պոլսահայեր ու Թուրքիայի այլ քաղաքներում բնակվող հայերը, ցանկանում եմ եզրափակել պարոն Մելքոնյանի խոսքերով. «Թուրքիայի հայերը Թուրքիայի քաղաքացիներ են, իրավունք ունեն իրենց ձայնն արտահայտեն այնպես, ինչպես ցանկանում են, բնական եմ համարում: Բայց շատ օգտակար խորհուրդ տամ. կարդացեք թուրք գրող Ազիզ Նեսիի՝ «Իմ հայ ընկեր Ժակը» պատմվածքը. 1960-70-ականների ձախակողմյան շարժման ժամանակ Ժակ Իհմալյան հայտնի հայ կոմունիստին գրողի հետ բանտարկում են. Նեսին պատմում է՝ մեզ ամեն օր բանտում ծեծում էին, բայց Ժակին երկու անգամ էին ծեծում, մեկը՝ որպես կոմունիստ, մյուսը՝ որպես հայ»:

Комментариев нет:

Отправить комментарий