четверг, 6 июня 2013 г.

Գեզի զբոսայգու փողոցներից մեկը՝ Հրանտ Դինքի անունով




Թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային թերթի հաղորդմամբ`  Թուրքիայի Հեղափոխական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամները «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսների ուղեկցությամբ Գեզի զբոսայգու փողոցներից մեկն անվանել են Թուրքիայում հրատարակվող «Ակօս» հայկական օրաթերթի հանգուցյալ խմբագրապետ Հրանտ Դինքի անունով:

Ակտիվիստների խումբը` ձեռքերում պահած  «Այստեղ ենք ախպարիգ» գրությամբ ցուցանակներ, պահանջել է պատժել Դինքին սպանողներին:

Միաժամանակ Հրանտ Դինքի անունով անվանակոչված փողոցում «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության կողմից վրանների դիմաց Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատան խորհրդանշական մակետն է տեղադրվել:
«Գերեզմանատունը» թվագրված 1551-1939 թվականներով, իսկ վրան գրված է հետևյալ գրությունը. «Մեր գերեզմանատունը վերցրեցիք, այգին չեք կարող վերցնել»:

Հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը հիմնադրվել էր  Օսմանյան Սուլեյման Կանունի սուլթանի թույլտվությամբ` ի նշան երախտագիտության իր կյանքը փրկած հայ խոհարար Մանուկ Քարասեֆերյանին: Սուրբ Հակոբ գերեզմանատունը պետության ձեռքն է անցել և ոչնչացվել է հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում: Այսօր գերեզմանոցի տարածքում է գտնվում թուրքական «TRT» հեռուստաընկերության ստամբուլյան շենքը, «Hyatt Regency» և «Divan» հյուրանոցների շենքերը:

Комментариев нет:

Отправить комментарий