вторник, 16 июля 2013 г.

Ստորագրահավաք Ադրբեջանում՝ ի պաշտպանություն անհիմն մեղադրվող թալիշ խմբագրի



Այսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանում ավելի քան 4000 քաղաքացի է մասնակցել ստորագրահավաքի՝ ի պաշտպանություն ազգությամբ թալիշ, «Թոլիշի սյադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի:




Մամեդովը  ձերբակալվել է 2012-ի հունիսի 21-ին՝ Թալիշ-Մուղանյան հանրապետության օրը՝ թմրանյութերի ապօրինի վաճառքի մեջ մեղադրվելով: Դատավարության ընթացքում մեղադրանքների շարքում ավելացել են «պետական դավաճանություն» և «երկպառակության սերմանում» կետերը:



Հուլիսի 16-ին «Ազերի-Թալիշ» ՀԿ-ի նախագահ Մեհթիբեկ Սաֆարովի գլխավորությամբ կազմակերպվել է միջոցառում՝ ի նշան Մամեդովի ազատման համար խնդրագրերի (պետիցիաների) հավաքագրման ավարտի: ՀԿ-ի նախագահը հայտարարել է, որ դատավարության ընթացքում բացեիբաց խախտվում են ամբաստանյալի իրավունքները, դատավորն ընդհատում է և թույլ չի տալիս, որ նա պատասխանի մեղադրանքներին, ուստի թալիշ խմբագիրը կարող է շատ հանգիստ արժանանալ Նովրուզալի Մամեդովի ճակատագրին: Վերջինս, ինչպես գիտենք, Թալիշի ձայն թերթի հրատարակիչն էր, որը անհիմն մեղադրանքների հիման վրա 2008-ին դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2009-ի օգոստոսի 17-ին մահացավ Բաքվի բանտում՝ դաժան պայմանների պատճառով ձեռք բերած մի շարք ծանր հիվանդությունների ու բուժում չստանալու պատճառով: 


ՀԿ-ի անդամները համոզված են, որ եթե Հիլալ Մամեդովի դատավարությունն ընթանա նման կերպ, ինչը շատ հավանական է, ապա բանտարկությունը և դրանից բխող հետևանքներն անխուսափելի են:



Ստորագրահավաքի նախաձեռնողները դիմում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել թալիշ մտավորականության վառ ներկայացուցչին և դադարեցնել թալիշների հետապնդումը:




Այնուհանդերձ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների որդեգրած անփոփոխ կոշտ քաղաքականությունը քիչ թե շատ ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, առավել ևս՝ թալիշների նկատմամբ, ստորագրահավաքը դժվար թե որևէ շոշափելի արդյունք ունենա: 


Հիշեցնենք, որ  հուլիսի 3-ին Ադրբեջանում՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Հիլալ Մամեդովի գործով հերթական դատական նիստը: Դրա ընթացքում փաստաբանն ասել էր, որ կոպիտ խախտումներ են արվել ձերբակալության ընթացքում. ձեռնաշղթաները հագցվել են ձերբակալության հրամանից առաջ, Մամեդովից խլել են հեռախոսը, չեն անջատել այն, ավելին՝ զանգել են Մամեդովի բնակարան ու ասել՝ «նա բժշկի մոտ է»:
Ամբաստանյալ Մամեդովը փաստել էր, որ թմրանյութերն իր գրպանում են հայտնվել հենց այն ժամանակ, երբ ՆԳՆ աշխատակիցները փորձել են իր գրպանից հանել բջջային հեռախոսը:


Տես նաև՝

Թալիշ խմբագրի դատավարությունն ու թալիշներն Ադրբեջանում

Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահը հայերին շնորհակալություն է հայտնել

 


Комментариев нет:

Отправить комментарий