четверг, 4 июля 2013 г.

Թալիշ խմբագրի դատավարությունն ու թալիշներն Ադրբեջանում




az azeri azerbaijan tolish talish talysh hilal mammadov



Հուլիսի 3-ին Ադրբեջանում՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանում կայացավ թալիշ հասարակական գործիչ, «Թոլիշի սյադո»՝ «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ (Գիլալ) Մամեդովի դատավարության հերթական նիստը:
Այս անգամ լրագրողներից ոմանք ներկա էին եղել: Համաձայն նրանց՝ ցուցմունքներ էին տվել գործի վկաները՝ ՆԳՆ թմրաբիզնեսի պայքարի վարչության աշխատակիցները: Նրանցից կապիտան Ջեյհուն Մուսաևը հակասական վկայություններ էր տալիս` ասելով. «ձերբակալությանը մասնակցել են վարչության 4 աշխատակից», մինչդեռ նախորդ նիստին վերջինիս ծառայակիցը վկայում էր մասնակից 7 աշխատակցի մասին: Մուսաևը նույնիսկ չկարողացավ պատասխանել փաստաբանի այն հարցին՝ արդյոք եղել է հրաման՝ օպերատիվ խումբ ստեղծելու և Մամեդովի հագուստը ստուգելու վերաբերյալ:
Փաստաբան Ռամիզ Մամեդովը հայտարարել է, որ 2012-ի հունիսի 22-25-ը մի քանի անգամ տեսել է այդ «վկաներին»՝ Նիզամիի ոստիկանության շենքում, սակայն դատավոր Ազեր Օրուջևն ընդհատել է նրան: Ներկաները նշում են, որ դատավարության ընթացքում դատավորը բազմիցս և անհիմն ընդհատում էր փաստաբաններին:
Փաստաբանը նաև հավելել է, որ կոպիտ խախտումներ են արվել ձերբակալության ընթացքում. ձեռնաշղթաները հագցվել են ձերբակալության հրամանից առաջ, Մամեդովից խլել են հեռախոսը, չեն անջատել այն, ավելին՝ զանգել են Մամեդովի բնակարան ու ասել՝ «նա բժշկի մոտ է»:
Ամբաստանյալ Մամեդովը փաստում է, որ թմրանյութերն իր գրպանում են հայտնվել հենց այն ժամանակ, երբ ՆԳՆ աշխատակիցները փորձել են իր գրպանից հանել բջջային հեռախոսը:
Չնայած նրան, որ ՆԳն աշխատակիցները բացառում են ուժի կիրառման փաստը՝ դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել է՝ Մամեդովին ծեծի են ենթարկել, նրա մարմնի վրա խորը վերքեր կան: Մամեդովը խոստովանել է, որ վնասվածքներ է ստացել, երբ ՆԳՆ աշխատակիցները ոտքերով սկսել են ծեծել իրեն:
Դատավարությունը կշարունակվի հուլիսի 10-ին:



Նշենք, որ Հիլալ Մամեդովին ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։



Ադրբեջանում բնական երևույթ է դարձել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ թալիշների նկատմամբ կիրառվող բռնություններն ու հետապնդումը: 


2007-ին մեկ այլ թալիշ հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական Ֆահրադդին Աբոսզոդայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանում գիտաժողովի մասնակցելու և Ադրբեջանում տեղանուններից մեկը թալիշերեն վերանվանելու կոչի արդյունքում:



2008-ի հունիսի 24-ին Ադրբեջանում դատավճիռ է կայացվել «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովի նկատմամբ, ապա 2009-ին վերջինս մահացել է Բաքվի հիվանդանոցում՝ բանտային խիստ ծանր պայմաններում պահվելու պատճառով:



Հավելենք, որ թալիշներն Առաջավոր Ասիայի հնագույն, խոշոր իրանական էթնոսներից են: Լեզուն, որով խոսում են թալիշները, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հյուսիս-արևմտյան՝ թաթի-թալիշյան ենթախմբին: Ադրբեջանում թալիշները հիմնականում բնակվում են հարավ-արևելյան հատվածում՝ դավանելով իսլամի շիական ուղղությունը: Ադրբեջանում, համաձայն քիչ թե շատ անկախ ուսումնասիրությունների, բնակվում է մոտ 900 հազար թալիշ: 


Թալիշները վերջին շրջանում համագործակցում են հայ գիտնականների հետ: Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումմատովն օրերս շնորհակալություն էր հայտնել հայերին՝ Շուշիից հեռարձակվող թալիշական ռադիոյով Ադրբեջանի այս ազգային փոքրամասնությանն ինքնադրսևորվելու հնարավորություն շնորհելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий