четверг, 1 августа 2013 г.

Ադրբեջանում ձերբակալել են նախկին պաշտպանության նախարարին աջակցող խմբագրին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, համաձայն ադրբեջանական կայքերի՝ ոստիկանությունը ձերբակալել է "Nota benе" թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլիին։


Լրագրողին մեղադրում են խուլիգանության մեջ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Սարդար Ալիբեյլին պարբերաբար հետապնդումների է ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դեռևս 2011-ի մարտի 29-ին երեկոյան 20։00-ի սահմաններում նրա վրա հարձակում էր կազմակերպվել իր բնակարանի մոտ։ Նա հայտարարել էր, որ դա առաջին դեպքը չէ, նույն տարվա փետրվարի 20-ին կրկին հարձակում է իրականացվել իր վրա, բացի այդ էլ բազմիցս սպառնալիքներ է ստանում։ Չնայած դրան՝ դատարանը փակված է համարել հարձակման գործը՝ շեշտելով «բավարար ապացույցներ չկան»։

Խմբագրի ձերբակալության հիմնական շարժառիթը թերևս Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Գազիևի հետ ունեցած լավ հարաբերություններ են, ինչի արդյունքում էլ թերթում հրապարակվել էր Գազիևի բաց նամակը Իլհամ Ալիևին։

Մարտի 19-ին Գազիևին ձերբակալել էին անհայտ պատճառներով ու 6 ժամից հետո բաց թողել: Ձերբակալությունից օրեր առաջ նախկին նախարարը նամակ էր հղել նախագահ Իլհամ Ալիևին՝ քննադատելով ԶՈւ-ում տիրող կաշառակերությունն ու շեշտելով բարեփոխումների խիստ անհրաժեշտությունը:Իշխանություններն այս ամենով չէին սահմանափակվել: Ապրիլի սկզբներին Գազիևին ևս մեկ անգամ կանչել էին ոստիկանություն՝ այս անգամ իշխանական ՀԿ-ի նախագահ Թահմասիբ Նովրուզովի բողոքի համաձայն: Նովրուզովը պնդում էր՝ իբր Գազիևը ապտակել ու վիրավորել է իրեն, սակայն այդպես էլ վկաներ ու ապացույցներ երևան չեկան:

Հավելենք նաև, որ դեռևս 1994-ին Գազիևին մեղադրել էին պետական դավաճանության և Շուշին հանձնելու մեջ՝ դատապարտելով մահապատժի այն դեպքում, երբ նախարարը Ռուսաստանում էր այդ ժամանակ: 1996-ին նրան արտահանձնման ենթարկեցին Ադրբեջան, որտեղ էլ 1998-ին նրա նկատմամբ դատավճիռը փոխվեց ցմահ բանտարկության: 2005-ին ԵԽԽՎ-ի պնդմամբ՝ Ալիևը ներում է շնորհել Գազիևին: Վերջին տարիներին նախկին նախարարը զբաղվում է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ լրագրողի ձերբակալությունը Ադրբեջանի ներքաղաքական ու նախընտրական խմորումների շրջանակներում հերթական իրադարձությունն է։

Комментариев нет:

Отправить комментарий