воскресенье, 11 августа 2013 г.

Ադրբեջանում նախընտրական շրջանում նախկին նախարարի են ձերբակալել



az azeri azerbaijan quliev nicad



Օգոստոսի 8-ին Ադրբեջանում ձերբակալել են Արտաքին տնտեսական կապերի նախկին նախարար Նիջադ Գուլիևին: Նրան ոստիկանական բաժանմունք են տարել իր ամառանոցից, իսկ ժամեր անց Ապշերոնի շրջանային դատարանը դատապարտել է վերջինիս 2 ամիս ազատազրկման՝ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով»:
Ադրբեջանի ԱԱԾ-ն և դատախազությունը հրաժարվում են մեկնաբանություններից: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրում են՝ «Գուլիևի մեքենայի մեջ հայտնաբերել են ատրճանակ, իսկ ամառանոցում՝ ավտոմատ ու նռնակներ»:
Գուլիևի փաստաբան Էլթոն Գուլիևի վկայությամբ՝ եթե այս ամենն ապացուցվի, նախկին նախարարին մինչև 3 տարի ազատազրկում է սպասվում: Փաստաբանը նաև շեշտել է, որ արդեն պատրաստում է բողոքարկման գանգատի փաստաթուղթը, քանի որ իրենք համաձայն չեն ձերբակալման ու առաջադրվող մեղադրանքների հետ:

Ադրբեջանի նախագահի մամուլի նախկին քարտուղար  Ռասիմ Աղաևը հայտարարել է, որ Գուլիևը «պետական մտածողության անձ է, միշտ հետևում է օրենքներին, ուստի շատ զարմացած է, որ զենք պահելու համար նրան մեղադրանքներ են ներկայացվել»:
Ըստ Աղաևի՝ Գուլիևը վերադարձել է Ադրբեջան 2000-ականների կեսին, զբաղվել է բացառապես բիզնեսով, հասարակական-քաղաքական գործունեություն չի վարել:
Եվ իրոք. Գուլիևի մասին գրեթե ոչ մի տեղեկություն համացանցում չկա, երևի թե իր հասարակական պասիվ դիրորոշման արդյունքում:
Գիտենք միայն, որ նախկին նախարարը 2005-ին ֆինանսների նախարար Ֆիքրեթ Յուսիֆովի հետ միասին ձերբակալվել է ՝ «պետական հեղաշրջման փորձի» մեղադրանքով, քանի որ որոշակի գործարք էր կնքել  Յուսիֆովի հետ: Սակայն 2 շաբաթ անց Գուլիևին ազատ էին աջձակել՝ պարզելով, որ գործարքը քաղաքական ենթատեքստ չունի:
Հայտնի է նաև, որ Գուլիևն աշխատել է Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեի մոտ՝ որպես խորհրդական: Պաշտոնավարելիս հետևել է Թուրքիայի ու Աջարիայի միջև թունելի կառուցման նախագծին: 


Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում անհասկանալի հանգամանքներում նախընտրական շրջանում ձերբակալվում են նույնիսկ հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվություն չդրսևորող մարդիկ: 


Հիշեցնեմ, որ օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել՝ «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Թուրալ Աբբասլին, որը օգոստոսի 7-ին դատապարտվել էր ազատազրկման, բանտախցում ենթարկվում է ճնշումների, և նրան տալիս են ժամկետն անց կերակուր՝ կեղտոտ ափսեներում: Ձերբակալվածի մայրը մտադիր է օգոստոսի 12-ին հացադուլ անել նախագահի նստավայրի մոտ:
Հավելեմ, որ օգոստոսի 8-ին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է ներկայացրել Ադրբեջանի վերաբերյալ՝ «Ադրբեջանը 14 «խղճի բանտարկյալներով» է սկսում նախագահական ընտրությունների արշավը» խորագրով: 



Հ.Գ. «Խղճի բանտարկյալ» եզրը շրջանառության մեջ է հայտնվել 1960-ականներից՝ Amnesty International կազմակերպության իրավաբան ու իրավապաշտպան Փիթեր Բենենսոնի կողմից: Այս եզրով բնորոշում են սեփական քաղաքական, կրոնական ու գիտական հայացքներն ազատորեն, խաղաղ կերպով արտահայտելու հետևանքով ազատազրկված մարդկանց:

Комментариев нет:

Отправить комментарий