четверг, 15 августа 2013 г.

Թարթառ գետն ու Սարսանգը, Արցախի առաջարկն ու Ադրբեջանի արձագանքը


azerbaijan terter tartar river nehir karabakh artsakh



Օգոստոսի 14-ին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Արցախի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Նա շեշտել էր. «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար»:

Հավելենք, որ Սարսանգի ջրամբարի թեման անմիջականորեն կապված է Թարթառ գետի հարցի հետ: 
Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600մլն.խ.մ ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է համանուն ջրաէլեկտրակայանը: Թարթառի վրա է նաև Մադաղիսի ՀԷԿ-ը:


Թեմայից տեղյակ մարդիկ իսկույն կհասկանային, որ այստեղ առանցքային միտքը «Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար» հատվածն է։ :)
Այդպիսով, Արցախը նախ փաստում է
ա. Ունի խոշոր ներդրումներ անելու հնարավորություն
բ. Արցախում իրականացվում են բարեփոխումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների լայնորեն կիրառմանը
գ. Արցախը՝ որպես պետական միավորում, ունակ է որոշում կայացնելու և այն հրապարակելու
դ. Արցախում պատրաստ են խաղաղ երկխոսության, նախապես զգուշացնում են սահմանում իրականացվող միջոցառումների մասին, որպեսզի վեճ ու բախումներ ի հայտ չգան։
ե. Արցախում ապրում են մարդիկ, (ինչը հակասում է «Ղարաբաղում բնակչություն չկա, այն ամայի է» ադրբեջանական քարոզչական թեզին), որոնք ուզում են օգտագործել ջրային ռեսուրսները։
զ.Արցախը չի սահմանափակում գետի ջուրն Ադրբեջանի համար՝ չնայած որ ունի դրա հնարավորությունը: Արցախը չի սպառնում Ադրբեջանին Սարսանգով ու Թարթառով, այլապես սեփական նախաձեռնությամբ բաց համագործակցության կոչ չէր անի:

 Նկատենք, որ ՀՀ-ն որևէ առնչություն չունի ու չի արձագանքել այս հայտարարությանը։


Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը հաճախակի էր շահարկում Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի թեման՝ փորձելով դիվիդենտներ շահել տեղեկատվական պատերազմի հարթակում՝ հայերին ներկայացնելով «ագրեսոր», ինչպես նաև Թարթառի շրջանի ադրբեջանցիների բողոքներին ի պատասխան սեփական անգործության մեղքը բարդելով հայերի վրա: 

Այսպես, 2011-ի հունիսին ադրբեջանական «Ականների դեմ» կազմակերպությունը էլետրոնային նամակներ էր ուղարկել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հասցեներին, որտեղ ասվում էր մոտավորապես հետևյալը. «հայերը ականապատում են Թարթառ գետը, երբեմն էլ մանկական խաղալիքների վրա ամրացնում են պայթուցիկներ և ուղարկում գետով դեպի Ադրբեջան»: Նշվում էին բնակիչների անուններ, սակայն լուսանկարներ ու տեսագրություն բացակայում էին: 


2012-ի ապրիլին ադրբեջանական կողմը, որևէ աղբյուր չհիշատակելով, գրում է. «Հայերը փակել են Թարթառ գետի հունը, ուստի Ադրբեջանի սահմանային հատվածում կարող է այդ պատճառով երաշտ սկսվել», մինչդեռ համաձայն նույն ադրբեջանական կայքերի՝ 2011-ի փետրվարին, պարզվում է, հայերն այնպես են արել, որ «Թարթառի մակարդակը բարձրանա, ջրհեղեղ լինի»: Նյութին կից լուսանկարներում երևում է պարզապես հոսող գետ, որը կարող էր վարարել՝ առանց հայերի միջամտության: :)


2013-ի ապրիլին ադրբեջանական կայքերը լուրեր տարածեցին՝ «Հայերը Թարթառ գետում ականներ են դրել, գետը չորանում է, տեղի բնակիչները գտել ու վնասազերծել են 13 զպայթեցված զինամթերք»: Անշուշտ, ականների հայտնաբերման լուսանկարներ, տեսագրություն, դրանք իբր հայտնաբերած բնակիչների տվյալներ չկան: :)

 
Ուստի, ինչպես տեսնում ենք, Արցախի վարչապետի առաջարկն ինքնըստինքյան հօդս է ցնդեցնում ադրբեջանական քարոզչական թեզը: Ադրբեջանն այժմ երկընտրանքի առջև է, ու թերևս ունի մի քանի տարբերակ.
Ա. Պարզապես լռել՝ պատճառաբանելով «չեն պատասխանում չճանաչված հայկական պետությանը»
Բ. Պատասխանել բացասական, ինչը հետագայում կարող է և պետք է որ շահարկվի մեր՝հայերիս կողմից
Գ. Պատասխանել դրական, ինչը բացառվում է, որովհետև դա լիովին հակասում է Ադրբեջանի պետական քաղաքականությանն ու տարիներ շարունակ որդեգրած ռազմավարությանը
Դ. Պատասխանել ոչ պետական մակարդակով
Ադրբեջանն ընտրել է հենց վերջին տարբերակը...


Նախ ասենք, որ տեղեկությունն Ադրբեջանը մատուցել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից օգնություն է խնդրում Թարթառի հարցում» խորագրով: Ադրբեջանի էկոլոգիական տեսության ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը մեկնաբանել է՝ «Հայերը ֆինանսների կարիք ունեն, դրա համար դիմել են Ադրբեջանին: Եթե Ադրբեջանն օգնի Ղարաբաղին, հայերը կօգտագործեն Թարթառը՝ ադրբեջանական բնակչության դեմ ահաբեկչություն իրականացնելու նպատակով: Այս առաջարկը սադրանք էր»:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը դիվանագիտական պատասխան է տվել՝ չհամաձայնելով ու միաժամանակ չմերժելով Արցախի առաջարկը: Նա ընդգծել է. «Մենք կողմ ենք ու աշխատում ենք երկու կողմի միջև լավ հարաբերությունների հաստատմանը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են, քանի որ Երևանը տապալում է խաղաղ բանակցությունները»:

 Պաշտոնական արձագանք Բաքվի կողմից դեռևս չի հնչել...


Այնուհանդերձ, շեշտենք, որ Արցախի այս առաջարկը ստեղծված իրավիճակում մեզ համար շահավետ քայլ էր, հատկապես որ բոլորովին վերջերս՝ օգոստոսի 12-ին, Ադրբեջանի տարածքի Թարթառի շրջանի բնակչությունը բողոքի ցույց էր կազմակերպել ՏԻՄ գրասենյակի մոտ՝ պահանջելով արտեզյան հորեր կառուցել, ապահովել ջրամատակարարում: ՏԻՄ պատասխանատուները ողջ մեղքը բարդել էին կրկին հայերի ուսերին: Հետաքրքիր է՝  Արցախի փոխվարչապետի հայտարարությունից հետո ինչ դիրքորոշում են որդեգրելու: :)






Комментариев нет:

Отправить комментарий