четверг, 22 августа 2013 г.

Ադրբեջանում ավարտվեց թալիշ խմբագրի դատական քննությունը

Օգոստոսի 21-ին ավարտվեց թալիշ հասարակական գործիչ, «Թոլիշի սյադո»՝ «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ (Գիլալ) Մամեդովի դատական քննությունը: Հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին, որի ժամանակ ելույթ է ունենալու մեղադրող կողմը:




Ամբաստանյալը խոսք է խնդրել՝ պահանջելով ցույց տալ 2007-ի փետրվարին նկարահանված տեսագրությունը, որտեղ ԱԱԾ-ում իր դեմ ցուցմունք տվող Էլման Գուլիևը վկայում էր՝ 1973-ից համագործակցում է ԱԱԾ-ի հետ ու պատրաստ է ստորագրել ցանկացած վկայության տակ: Պարզվում է՝ Գուլիևը գրեթե նույն կեղծ վկայություններ է տվել «Թալիշի ձայն» թերթի հիմնադիր-խմբագիր, բանտային վատթար պայմանների պատճառով իր մահկանացուն կնքած Նովրուզալի Մամեդովի դեմ: 


Դատավորն անտեսեց Հիլալ Մամեդովի այս հայտարարությունը:



Ապա ելույթ ունեցավ փաստաբան Հալիլ Բագիրովը՝ ի պատասխան մեղադրող կողմի պնդումների՝ իբր Հիլալ Մամեդովի մոտ հայտնաբերված թմրանյութը պատկանում է հենց Մամեդովին: Փաստաբանը շեշտեց, որ ձերբակալության ժամանակ ապօրինի կերպով ստուգվել է Մամեդովի հագուստը, ապա հավելեց՝ դատական փորձագետները կարող են փաստել՝ գտնված իրը թմրանյութ է, բայց իրավասու չեն ու չեն էլ կարող ապացուցել, որ դա պատկանում է ամբաստանյալին:

Նշենք, որ Հիլալ Մամեդովին ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է նրան «խղճի բանտարկյալ»: 


Հավելեմ, որ հաշվի առնելով Ադրբեջանում ձերբակալված թալիշ մտավորականների ճակատագիրը՝ դժվար թե Մամեդովի փաստաբանը կարողանա հաջողության հասնել: Հարցազրույցներից մի քանիսում փաստաբան Բագիրովը բացեիբաց խոսել է դատավորի կողմնակալության մասին: 

Տե՛ս նաև՝ 


Ստորագրահավաք Ադրբեջանում՝ ի պաշտպանություն անհիմն մեղադրվող թալիշ խմբագրի

 

 

Թալիշ խմբագրի դատավարությունն ու թալիշներն Ադրբեջանում

 

Комментариев нет:

Отправить комментарий