пятница, 23 августа 2013 г.

Հաքերային հարձակու՞մ, թե՞ ադրբեջանական հերթական սադրանք...






Օգոստոսի 21-ի գիշերը ադրբեջանական լրատվակայքերը տեղեկություններ էին տարածել, որ անհայտ պատճառներով խափանված է Ադրբեջանի պետական կարևոր պաշտոնական կայքերի աշխատանքը: Մասնավորապես, չէին գործում gov.az տիրույթի Ադրբեջանի ԿԸՀ, պետական հեռուստաընկերության, ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ԱԻՆ-ի, Էկոլոգիայի նախարարության, Կապի ու ՏՏ նախարարության, Մշակույթի ու տուրիզմի նախարարություն, Սպորտի ու երիտասարդության նախարարության, Առողջապահության նախարարության և այլ համանման կայքեր:




Հետաքրքիր է այն հանգամանքը, որ պաշտոնական հայտարարություն կամ մեկնաբանություն կամ հաղորդագրություն այս առնչությամբ չհնչեց ու մինչ օրս չի հնչել: Փոխարենը, սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը քննարկում էին խափանման պատճառը: Դե իհարկե, հիշատակում էին՝ իբր հայ հաքերների ձեռքի գործն է, մինչդեռ որևէ ապացույց՝ հայկական երգ, հաքերի անուն, զգուշացում խափանված կայքերում, չկար: 



Նշեմ, որ դեռևս օգոստոսի 8-ին Ադրբեջանի կառավարությունը անակնկալ զգուշացում էր տեղադրել Հատուկ պետանվտանգության ծառայության կայքում, որտեղ զգուշացնում էր «համաշխարհային մակարդակի հաքերային հարձակումների մասին, որոնք 30 վայրկյանում խափանում են կայքերը»: :)



Կարծում եմ՝ Ադրբեջանի կառավարությունը նախընտրական շրջանում գլխավոր խնդիրներից սեփական հանրությունը շեղելու քաղաքականություն է որդեգրել, քանի որ այդ «համաշխարհային հարձակումից» միայն ադրբեջանական պետական կայքերն են տուժել:  ;)



Ուշագրավ է նաև այն, որ gov.az տիրույթում խափանված բոլոր կայքերը վաղ առավոտյան արդեն գործում էին՝ առանց որևէ խնդրի: 



Չի կարելի բացառել այն վարկածը ևս, ըստ որի՝ կայքերը պարզապես չեն աշխատել տեխնիկական վերազինման նպատակով կամ պատասխանատու անձանց վատ աշխատանքի պատճառով են խափանվել կամ էլ սա հերթական սադրանք էր՝ հայկական կողմի կամ էլ Իրանի հաքերների դեմ մեղադրանքներ հղելու ուղղությամբ:





Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մեկնաբանելով վերոհիշյալ տեղեկությունը, նշել է՝ հայկական հաքերային խմբերից և ոչ մեկը որևէ տեղ չի հիշատակում ադրբեջանական կայքերի վրա օգոստոսին կատարած հարձակման մասին, ավելին՝ ներկա պահին անիմաստ է դա անել: «Համաշխարհային հաքերական հարձակման» հաղորդագրությունն էլ փորձագետը որակեց՝ որպես անհասկանալի, սկսնակի կողմից գրված: Սամվել Մարտիրոսյանը հավանական տարբերակներից մեկը համարեց նաև Իրանի հաքերների հարձակումը:

Комментариев нет:

Отправить комментарий