понедельник, 26 августа 2013 г.

Պատերազմից հետո գյուղի հետ ավելի կապվեցինք. Ն.Կարմիրաղբյուր սահմանապահ գյուղի դպրոցի տնօրեն

armenia border nerkin karmiraghbyur




2013-ի օգոստոսի 24-25-ը «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը՝ տեղի դպրոցի աշակերտների համար կինոդիտում ու կրթական ծրագրեր անցկացնելու նպատակով։ 
Դպրոցում մեզ էր սպասում նաև տնօրենը՝ ծանոթանալու համար գրաֆիկին ու իրականացվող աշխատանքի ընթացքին։ Նա սիրով պատասխանեց մեր հարցերին։ 





Իվան Ադամյանը ծնվել է 1958-ի հոկտեմբերի 16-ին Ներքին Կարմիրաղբյուրում՝ զինծառայողի ընտանիքում, 1965-1975 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, 1975-ին ընդունվել է ԵՊՄՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի քիմիայի բաժինը։ 1979-ին, ավարտելով համալսարանը, աշխատանքի է անցել  Նավուր գյուղում, 1980-ին՝ Այգեպարում, 1981-ից՝ Ն. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական, այնուհետև՝ դասղեկի օգնական, հետո՝ ուսուցիչ, այնուհետև՝ մոտ 7 տարի՝ դաստիարակության գծով փոխտնօրեն։ Պարոն Ադամյանն արդեն 17 տարի է գյուղի դպրոցի տնօրենն է։


_Որքանով տեղյակ եմ, գյուղի դպրոցը նշանառության տակ է։ 
_Այո´, դպրոցը հակառակորդի նշանառության տակ է՝ ուղիղ գծով նվազագույնը 1 կմ հեռավորության վրա: 2012-ի օգոստոսի 22-ին ադրբեջանցիների կրակոցներից կոտրվել են սպորտդահլիճի հանդերձարանի պատուհանները: Երեխաները տագնապի նշաններին սովոր էին ու կազմակերպված իջան ապաստարաններ: 1988-ից սկսած՝ մոտավոր հաշվարկով 28 անգամ մեծ արկերով կրակել են մեր դպրոցի վրա: Բայց նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակ  դպրոցի դասընթացները չեն դադարեցվել:



_Ե՞րբ է վերանորոգվել դպրոցը։ 
_1996-ին եթե գայիք, տեսնեիք՝  բոլոր պատուհաններին ապակիների փոխարեն պոլիէթիլենային ծածկոցներ էին: Քանի որ դպրոցը մեծ է, բյուջեով հնարավոր էր մաս-մաս վերանորոգվել: Մասնակի վերանորոգումն իրականացվեց 2006-ին, ապա այս տարի՝ ներկայումս: Նշեմ նաև, որ մեր համագյուղացի, ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը 2010-ին եկավ գյուղ, իր հետ եկան նաև պաշտոնատար անձինք, խոստացան՝ կվերանորոգեն, ու խոստումը պահեցին: Բոլոր պատուհանները հիմա ապակիներ ունեն:
Ցավով եմ նշում, որ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները, որոնք դրսում մեծ բաների են հասել ու նյութապես ապահովված են, գրեթե ոչնչով չեն օգնում գյուղին: Լավ կլիներ՝ մի քիչ էլ ուշադրություն դարձնեին դպրոցին, որի սաներն են  եղել: Մենք չենք բողոքում, որովհետև մեզ էլի օգնում են: Տարբեր ՀԿ-ներ, բարեգործական ընկերություններ՝ Հայաստանի համահայկական հիմնադրամը, միշ օգնում են: Ունենք 27 համակարգիչներ, համակարգչային  ու շախմատի սենյակ, այնպիսի դասասենյակ ունենք, որ Երևանի դպրոցներից շատերում չկան: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամից քիմիայի լաբորատոր այնպիսի սարքավորումներ ենք ստացել, որ քչերն ունեն: Պարզապես կուզենայինք, որ գյուղի ամեն մի բնակիչ հնարավորություն դեպքում գոնե դպրոցին աջակցի։


_Գրադարանն ի՞նչ վիճակում է, բավարար գրականություն ունե՞ք։
_Մեր գրադարանաը հիմնահատակ ավերվեց պատերազմի ժամանակ, մի մեծ արկ  դիպավ հենց գրադարանին: Դրանից հետո նորոգել ենք։ Երևանաբնակ 2 գյուղացիներ գրքեր են նվիրաբերել, անհատներ, կազմակերպություններ, ունենք ժամանակակից գրականություն, 1-4-րդ դասարանի աշակերտներին դասագրքերն անվճար են տրվում: Ունենք գեղարվեստական գրականություն: Ուզում եմ հիշատակել Միքայել Վարդանյանին, որն ամեն տարի տարրական դասարանի երեխաներին գրենական պիտույքներ ու պայուսակներ է նվիրում : 





_Իսկ ի՞նչ կասեք աշակերտների կրթվածության մակարդակի մասին։
_Գյուղի դպրոցն ունի 123 աշակերտ, 27 աշխատող։ Անկեղծ ասեմ՝ եթե համեմատեմ մեր տարիների հետ, ամբողջ հանրապետությունն է այդպես, կրթական համակարգը շատ թերություններ ունի, դա ազդում է առաջադիմության վրա, երեխաներն անհատական շատ քիչ են պարապում: 120 աշակերտներից նվազագույնը 13-15 գերազանց առաջադիմությամբ աշակերտ ենք ունենում, 3-5 հոգի շրջանավարտներից ամեն տարի ընդունվում են պետական բուհ-եր: Պատերազմից հետո մեծ մասն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին դիմում, բայց հիմա ավելի շատ Երևանի բուհ-եր են դիմում: Այս տարի 17 երեխաներից 5-ն ընդունվել են բուհեր: Ես գոհ եմ, որ նույնիսկ այս պայմաններում երեխաները սիրում են ընթերցել ու սովորել:
Ես ընդհանրապես Ն. Կարմիրաղբյուրի բնակիչներին եմ առաջնահերթություն տալիս, երբ ուսուցիչ եմ ընդունում աշխատանքի: Ներկա դրությամբ բոլոր ուսուցիչները բարձրագույնն ավարտած են, ու բոլորն անխտիր Ն.Կարմիրաղբյուրի բնակիչներ են: Փորձում ենք այնպես անել, որ բուհ-ն ավարտած մեր համագյուղացիները գյուղից դուրս չգան ու գյուղի մեջ ունենան աշխատանք, եկամտի աղբյուր՝ միաժամանակ զբաղվելով սիրած գործով: Հիշում եմ, որ մեր ժամանակ, երբ ես աշակերտ էի, ուսուցիչների մեծ մասը Կիրովաբադից, Ղազախի շրջանից, Թիֆլիսից էին, մեր գյուղից ընդամենը 2-3 ուսուցիչ կար:




_Երբ զրուցում էինք աշակերտների հետ, պարզվեց՝ սիրում են ֆիզկուլտուրայի դասերը, մի մասն էլ ուզում էր վոլեյբոլի գծով շարունակել։
_Պարզ է՝ թե ինչու։ :) Ֆիզիկական պատրաստվածությանը մեր դպրոցում մեծ տեղ են տալիս: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը կամավոր արտաժամյա դասեր է անցկացնում: Ունենք վոլեյբոլի նոր ստացած սպորտային պարագաներ, թիմ ենք ուզում ձևավորել: Հաջողությամբ գործում է Ն.Կարմիրաղբյուրի ֆուտբոլի թիմը: Ունենք տարբեր խմբակներ, այդ թվում՝ նկարչության:




_Ի՞նչ խորհուրդ կտաք Տավուշի մյուս սահմանամերձ-սահմանապահ գյուղի տնօրեններին և ուսուցիչներին:
_Պառավաքար գյուղի դպրոցի տնօրենը աշակերտուհիս է, Այգեպարինը՝ բարեկամս՝ Ադամյան Վասլիը, Մովսեսինը՝ աշակերտուհիս, Չինարիինը՝ ընկերոջս տիկինն է: Բոլորն էլ կապված են իրենց գյուղի հետ: Նրանց նյութական միջոցները բավականացնում են, որ այլ տեղ ապրեն, բայց համոզված եմ՝ միշտ կմնան ու մի լավ բան կանեն հայրենի գյուղի համար: Ուղղակի խորհուրդ կտամ կրթության բարձր մակարդակ ապահովեն, որ մեր երեխաները կրթվածությամբ քաղաքի ու այլ երկրների երեխաներից չտարբերվեն: Աստծուց խնդրենք, որ պատերազմ չլինի, մնացածը քիչ-քիչ առաջ կգնա: Սակայն ասեմ, որ պատերազմից հետո մի տեսակ ավելի շատ ենք սկսել մեր գյուղը սիրել, ավելի շատ ենք կապվել նրա հետ։

Комментариев нет:

Отправить комментарий